Գործարար Հարություն Քնարյանը դատական հայց է ներկայացրել «Փաստ» օրաթերթի դեմ՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակած մի շարք տեղեկություններ, հրապարակայնորեն ներողություն խնդրել և իրեն վճարել ընդհանուր 3 մլն դրամի փոխհատուցում։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ DataLex-ի հրապարակած տվյալներից։
Գործը քննվում է Երևանի քաղաքացիական դատարանում, իսկ գործը նախագահող դատավորը Դանիել Մերուժանի Մխեյանն է։
Հայցում Քնարյանը պահանջում է «Վարուժան Բաբաջանյան Սարգսի» անհատ ձեռնարկատիրոջը պարտավորեցնել «Փաստ» օրաթերթում և լրատվամիջոցի կայքում հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026 թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակված նյութերում իր հասցեին հնչած արտահայտությունների համար։
Մասնավորապես, հայցվորը վիրավորանք է համարում իրեն հասցեագրված «էժանագին մանիպուլյացիա անող», «տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած» և «շարքային ներքին «խոպանչի»» արտահայտությունները։
Քնարյանը դատարանից նաև պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցին հերքել իր վերաբերյալ հրապարակված մի շարք տեղեկություններ, որոնք, ըստ հայցվորի, զրպարտություն են։
Հայցում վիճարկվում են, մասնավորապես, այն պնդումները, թե Քնարյանը շաքարավազի շուկայում իրեն ներկայացրել է որպես խոշոր խաղացող և իր բիզնես գործունեության ընթացքում ստացել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությունը, ինչպես նաև այն հրապարակումը, ըստ որի՝ գործարարը խոշոր պարտքեր է կուտակել տարբեր գործընկերների նկատմամբ և դրանք չկարողանալով սպասարկել՝ անցել է «շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհին»։
Դատական հայցում վիճարկվում են նաև Քնարյանի՝ տարբեր ընկերությունների և բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ հրապարակված տվյալները։ «Փաստ»-ի հրապարակման մեջ նշվել էին, մասնավորապես, «Կումայրի Գրուպի», «Սվիսբանկի», «Յունիբանկի», «Արգոբրուտ», «CITY», «Բաղրամյան» և «ALEX AND HOLDING» ընկերությունների հետ կապված պարտքերի կոնկրետ չափեր։
Ըստ հայցվորի՝ նշված տեղեկությունները զրպարտություն են և ենթակա են հերքման։
Քնարյանը դատարանից պահանջում է նաև հրապարակայնորեն հերքել վիճարկվող տեղեկությունները՝ նույն լրատվամիջոցի տպագիր և առցանց հարթակներում։
Բացի հերքումից և ներողությունից, հայցվորը պահանջում է իրեն վճարել 1 մլն դրամ՝ վիրավորանքի, և 2 մլն դրամ՝ զրպարտության համար՝ ընդհանուր 3 մլն դրամի չափով փոխհատուցում։
Leave a Reply