Հանքի տարածքում աշխատակիցներն ու տեխնիկան սպասում են Լեւոնի եւ Գարիկի ստուգումներին: Լեւոնը պատասխանատու է աշխատանքային անվտանգության համար, ստուգում է, որ տարածքում բոլորը կրեն սաղավարտներ ու անվտանգության ժիլետներ, իսկ Գարիկը հետեւում է, որ օդում փոշին եւ աղմուկը չգերազանցեն թույլատրելի սահմանը:
Լեւոն Հովհաննիսյանն ու Գարիկ Եղիյանը Վայոց Ձորի Գնդեվազ համայնքից են: Այսօր սա նրանց ամենօրյա աշխատանքն է։ Բայց եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ տնտեսագետն ու հյուրանոցային մենեջերը մի օր կդառնան «Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության ու բնապահպանության մասնագետները, իրենք էլ դժվար թե հավատային։
Լեւոն Հովհաննիսյանը եւ Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«21 տարեկան էի, նոր էի բանակից եկել ու որոշել էի, որ սովորելուն զուգահեռ պետք է նաեւ աշխատեմ։ Դիմեցի Արփա-Սեւան ընկերություն՝ որպես բանվոր։ Այդ ժամանակ Ամուլսարի շինարարական աշխատանքներն էին ընթանում։ Շուրջ կես տարի անց «Լիդիան Արմենիա»-ից առաջարկ ստացա թիմին միանալու՝ որպես աշխատանքային անվտանգության եւ առողջության մշտադիտարկող»,- պատմում է Լեւոնը:
Լեւոնն այսօր 31 տարեկան է: Ասում է՝ մեծ ուրախություն, բայց նաեւ մեծ պատասխանատվություն էր 10 տարի առաջ միանալ այնպիսի մեծ ընկերության, որի մասին ամբողջ Վայոց ձորն էր խոսում. «Նաեւ անսպասելի էր, քանի որ աշխատանքային անվտանգության ոլորտի հետ որեւէ առնչություն չունեի։ Սովորում էի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ, կարծում էի, որ ապագայում կաշխատեմ ֆինանսական կամ բանկային համակարգում»:
Լեւոն Հովհաննիսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Լեւոնը խոստովանում է՝ իր բախտը բերել է, որ հնարավորություն է ունեցել աշխատել միջազգային փորձառու մասնագետների հետ, բայց նաեւ անկեղծանում է.
«Սկզբի 15-20 օրերն ինձ համար ամենատպավորիչ, բայց երեւի նաեւ ամենաբարդ շրջանն էին։ Մեզ տվեցին մոտ 200 էջանոց գիրք եւ ասացին, որ մինչեւ այն ամբողջությամբ չուսումնասիրենք, իրավունք չունենք հանքի տարածք դուրս գալ։ Մոտ մեկ ամիս սովորեցինք, վերապատրաստվեցինք: Ամեն ինչի նկատմամբ մոտեցումը շատ խիստ էր։ Ոչ մի մանրուքի մատների արանքով չէին նայում։ Մոտ մեկ տարի աշխատելուց հետո դարձա աշխատանքային անվտանգության վերահսկող։ Հենց այդ ժամանակ ձեւավորվեց այն մասնագիտական հիմքը, որն այսօր էլ ինձ հետ է»:
Լեւոն Հովհաննիսյանը եւ Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
2018 թվականին, երբ Ամուլսարում աշխատանքները դադարեցին, Լեւոնն ընտանիքի հետ հեռացավ Գնդեվազից եւ շարունակեց աշխատել մի քանի միջազգային ծրագրերում՝ Գորիսում, Երեւանում, Գյումրիում։
«Աշխատել եմ ContourGlobal-ի վերազինման ծրագրում որպես անվտանգության մասնագետ, հետո «ԱԱԲ Պրոեկտ» ընկերությունում ղեկավարել եմ անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի բաժինը։ 2024 թվականին միացա Կապսի ջրամբարի կառուցման ծրագրին, որտեղ գերմանական CES ընկերությունում աշխատում էի որպես անվտանգության ավագ փորձագետ՝ միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգերի ներդրման եւ վերահսկման աշխատանքներում։ Այս ամբողջ ճանապարհը հնարավոր դարձավ այն գիտելիքների շնորհիվ, որոնք ստացել էի Լիդիանում»,- ասում է Լեւոնը:
2025 թվականին, երբ Ամուլսարի շինարարական աշխատանքները վերսկսվեցին, նա «Լիդիան Արմենիա»-ից վերադառնալու առաջարկ ստացավ։ Ասում է՝ վերադարձել է առանց երկար մտածելու. «Նախկին գործընկերներիս շնորհակալություն հայտնեցի ու ասացի. «Ես գնում եմ տուն», ոչ թե աշխատանքի։ Որովհետեւ ինչպես մենք ունեինք ընկերության կարիքը, այնպես էլ ընկերությունը՝ մեր։ Կնոջս ու երկու փոքր երեխաներիս հետ վերադարձանք հայրենի Գնդեվազ, իսկ ես աշխատանքի անցա արդեն որպես աշխատանքային անվտանգության վերահսկող՝ ավելի լայն պատասխանատվությամբ եւ լիազորություններով»։
Լեւոն Հովհաննիսյանը եւ Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ի տարբերություն Լեւոնի՝ Գարիկը Ամուլսարի ծրագրի դադարից հետո էլ մնացել է ընկերությունում եւ յոթ տարի սպասել այն օրվան, երբ կրկին կվերադառնա դաշտ՝ իր չափումներն իրականացնելու։
Գարիկ Եղիյանը ընկերությանը միացել է 2012 թվականին՝ որպես հորատող։
«Մոտ մեկ տարի աշխատելուց հետո առաջարկ ստացա վերահսկել տարածքի մոնիտորինգային սարքավորումները։ Համաձայնեցի, որովհետեւ շատ հետաքրքրասեր էի։ Անընդհատ հարցնում էի՝ այս սարքն ինչ է չափում, մյուսը ինչի համար է, ինչ տվյալներ է տալիս։ Այդ հետաքրքրասիրությունն էլ ինձ բերեց բնապահպանության բաժին»,- պատմում է Գարիկը:
Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մասնագիտությամբ հյուրանոցային մենեջեր Գարիկն ասում է՝ ամեն ինչ սովորել է աշխատանքի ընթացքում՝ արտասահմանցի գործընկերներից.
«Փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ մոտ, ինչու ենք այս կամ այն չափումն անում, ինչ արդյունք ենք ակնկալում։ Օրվա վերջում միշտ հավաքվում էինք, քննարկում օրվա կատարած աշխատանքն ու հաջորդ օրվա պլանը։ Այդ ամենն ինձ շատ օգնեց սովորելու եւ առաջ գնալու։ Ինձ հետաքրքիր է, որ կարողանում եմ չափել ու տեսնել, օրինակ, օդում փոշու մակարդակը, աղմուկի ինտենսիվությունը, հասկանալ՝ ամեն ինչ նորմայի սահմաններում է, թե՝ ոչ։ Որպես տեղացի՝ այդ ամենին առանձնահատուկ պատասխանատվությամբ եմ վերաբերվում։ Սա մեր գյուղն է, մենք ենք այստեղ ապրում եւ շարունակելու ենք ապրել, դրա համար ինձ համար շատ կարեւոր է, որ հենց ես եմ իրականացնում այդ բնապահպանական չափումները»։
Լեւոն Հովհաննիսյանը եւ Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Լեւոնն ու Գարիկը վստահ են՝ երբեք ուշ չէ զրոյից սկսել, սովորել ու մասնագետ դառնալ, հատկապես եթե այդ հնարավորությունը ստեղծվում է հայրենի համայնքում։
«Ես աշխատանքային անվտանգության մասին ոչինչ չգիտեի։ Եկա զրոյական գիտելիքով, բայց սովորեցի, մասնագետ դարձա: Աշխատանքային անվտանգության ոլորտում ամենակարեւորն այն է, որ բառի ուղիղ իմաստով մարդկանց կյանքեր ես փրկում։ Ամեն օր քո հսկողությամբ, ճիշտ որոշումներով ու ճիշտ ուղղություն տալով ապահովում ես, որ մարդն ինչպես առավոտյան գալիս է աշխատանքի, այնպես էլ երեկոյան առողջ վերադառնա տուն։ Դա մեր առաքելությունն է։ Վերջերս մի կարեւոր արդյունքի հասանք, գրանցեցինք մեկ միլիոն աշխատանքային ժամ առանց պատահարի։ Սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Դա նշանակում է, որ Ամուլսարի ծրագրի շուրջ 1200 աշխատակից միասին աշխատել են այդքան ժամ՝ առանց որեւէ պատահարի»,- ասում է Լեւոնը:
Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Գարիկն էլ լրացնում է գործընկերոջը.
«Եթե հետաքրքրասեր ես, պատրաստ ես սովորել եւ չես վախենում սկսել զրոյից, արդյունքն անպայման գալիս է։ Երբ սկսում էի, նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող եմ այսպիսի գիտելիքներ ձեռք բերել։ Բայց տարիների ընթացքում, գործընկերներիս աջակցությամբ, սովորեցի, զարգացա, եւ այսօր արդեն ես եմ փորձում համայնքից իմ մյուս գործընկերոջը սովորեցնել, որպեսզի ինքն էլ լիարժեք տիրապետի այս աշխատանքին։ Երբեք չպետք է ամաչել հարցեր տալ կամ նրանից, որ ինչ-որ բան դեռ չգիտես։ Ես էլ անգլերեն չէի խոսում։ «Լիդիան»-ը մեզ համար լեզվի դասընթացներ կազմակերպեց: Մի անգամ էլ հերթական աշխատանքային ժողովից հետո ղեկավարն ինձ ասաց՝ երբ օրվա վերջում ներկայացնես աշխատանքդ, չսպասես, որ ուրիշները թարգմանեն, փորձիր ինքդ՝ թեկուզ քո իմացած մի քանի բառով։ Սկզբում երկու բառ էի ասում, հետո՝ չորս, հետո՝ տասը, ու այդպես, օր օրի, սկսեցի նախադասություններ կազմել ու տիրապետել լեզվին»։
Լեւոն Հովհաննիսյանը եւ Գարիկ Եղիյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Լեւոնն ասում է՝ իր, Գարիկի եւ հարակից համայնքից աշխատող իրենց գործընկերների օրինակը հերքում է այն կարծիքը, թե գյուղում կարիերա անել հնարավոր չէ. «Եթե կա ծրագիր, եթե կա աշխատանք, ապա միանշանակ հնարավոր է։ Ամենալավն այն է, երբ կարողանում ես ապրել տանը, աշխատել քո համայնքում եւ միաժամանակ մասնագիտանալ։ Գյուղում շատ երիտասարդներ կան, որոնք կարծում են, թե եթե արդեն մասնագետ չեն, ապա հնարավորություն էլ չունեն։ Բայց մեր օրինակը հակառակն է ապացուցում։ Երբեք ուշ չէ սկսելու համար։ Հատկապես 20 տարեկանում՝ դա գիտելիք ու փորձ ձեռք բերելու լավագույն ժամանակն է»:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply