ԱՄՀ առաքելության հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները

Written by

in

ԱՄՀ առաքելության հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Էդգար Մկրտչյանի, Վահան Սիրունյանի, Համլետ Սահակյանի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման շրջանակում կազմակերպված առաքելության ամփոփիչ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագիր» նախագիծը և SBA ծրագրի շրջանակում նախատեսվող հետագա քայլերը։

Հուշագրով, մասնավորապես, նախատեսվում է շարունակել հարկային քաղաքականության և վարչարարության, հանրային ներդրումների, հարկաբյուջետային ռիսկերի, պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և այլ ուղղություններով ՀՀ-ում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները։

Միաժամանակ, անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, պետական եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ԱՄՀ ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին։ Քննարկվել են նաև մակրոտնտեսական զարգացումները և ծրագրի մշտադիտարկման հիմնական ցուցանիշները։

Քննարկումների կարևոր ուղղություններից է եղել նաև ԱՄՀ «Դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) կիրառման շրջանակում առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որն ընդգրկում է բնական աղետներից բխող հարկաբյուջետային ռիսկերի կառավարման, կլիմայի դիմակայունությանն ուղղված հանրային ներդրումների, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև կլիմայական տվյալների կատարելագործման ուղղությունները։

Կողմերը բարձր են գնահատել ԱՄՀ-ի հետ SBA ծրագրի և RSF գործիքի շուրջ շարունակվող երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի կառուցվածքային մարտահրավերների նկատմամբ դիմակայունության հետագա ամրապնդման, ինչպես նաև կայուն և ներառական երկարաժամկետ տնտեսական աճին նպաստող բարեփոխումների առաջմղման կարևոր հնարավորություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *