Շահ Աբասը, Իրանի դեսպանը, Քեթեւան թագուհին եւ հասունացող սկանդալը

Written by

in

Վրաստանում բուռն քննարկում է ծավալվել Իրանի դեսպան Ալի Մոջանիի գրառումից հետո:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Ալի Մոջանին սոցցանցերում գրել է, որ պատրաստվում է հրապարակել Իրանին եւ վրաց Քեթեւան թագուհուն վերաբերող իր ուսումնասիրության նախնական արդյունքները։
Գրառմանը կից դեսպանը լուսանկար է հրապարակել, որտեղ Թբիլիսիում Իրանի դեսպանատան շենքի ճակատին լուսարձակված է Քեթեւան թագուհու պատկերը։
Քեթեւանը Արեւելյան Վրաստանի Կախեթիի թագավորության թագուհին էր, նա Վրաց ուղղափառ եկեղեցու ամենահարգված սրբերից մեկն է։ 
Քեթեւանը Դավիթ I թագավորի կինն էր եւ Կախեթիի ապագա թագավոր Թեյմուրազ I-ի մայրը։ XVII դարի սկզբին Քեթեւանը գերի էր վերցվել Պարսից Աբաս I շահի կողմից, որը նրանից պահանջել էր դավանափոխ լինել։ Թագուհին հրաժարվել էր, ինչից հետո նրան խոշտանգումների ենթարկեցին եւ մահապատժի ենթարկեցին Շիրազում։
«Նովոստի-Գրուզիան» գրում է, որ «Իրանի դեսպանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է առաջարկել իր մեկնաբանությունը»։
Մասնավորապես, դեսպանը նշել է, որ «գուցե նման պատմությունների վերաիմաստավորումը ոչ այնքան վերադարձ է անցյալ, որքան այսօր միմյանց ավելի լավ ու խորը ճանաչելու հնարավորություն»։
Գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարին Վրաստանում բուռն քննարկումների առիթ էր դարձել Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ դեսպանատան հրավերների ձեւակերպումը։ Տոնական ընդունելության հրավերների վրա գրված էր՝ «Իրան վրացիների ժամանման 410-րդ տարեդարձ»։
Քննադատները նշում էին, որ «ժամանում» բառն անտեղի էր, քանի որ XVII դարի սկզբին Շահ Աբաս I-ի հրամանով Կախեթիի տասնյակ հազարավոր բնակիչներ բռնի վերաբնակեցվել էին։ Դա համարվում է վրաց ժողովրդի գոյատեւման պայքարի ամենաողբերգական էջերից մեկը։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *