Տենտենից եւ Աստերիքսից՝ միջազգային հարաբերություններ. Քննարկում ՀՖՀՀ-ում

Written by

in

«Ի վերջո, գիտե՞ք, իմ միակ միջազգային մրցակիցը Տենտենն է». ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլին վերագրվող այս հայտարարությունը բավական ճշգրիտ բնորոշում է բելգիական կոմիքսի հերոսի առանձնահատուկ ուժը: 

 

Փոքրիկ, կարճ շորտով լրագրողը՝ Տենտենը, տասնամյակներ շարունակ հատել է պետական սահմաններ, հայտնվել միջազգային հակամարտությունների կենտրոնում, հանդիպել տարբեր երկրների ու ժողովուրդների եւ իր արկածներով պատմել աշխարհի մասին։

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) քննարկվել է կոմիքսների հաճախ անտեսանելի թվացող, բայց իրականում ազդեցիկ դերը միջազգային հարաբերությունների ձեւավորման վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բելգիացի դիվանագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր եւ գրող, Հայաստանում Բելգիայի պատվավոր դեսպանի կոչում ունեցող Ռաուլ Դելկորդը համալսարանի ուսանողների եւ հյուրերի համար վարել է «Ֆրանս-բելգիական կոմիքսները եւ միջազգային հարաբերությունները» խորագրով դասախոսության: Նրա ներկայացման առանցքում կոմիքսների կերպարներ էին, որոնք ոչ թե պարզապես արկածային պատմության հերոսներ են, այլ՝ ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական, պատմական եւ հասարակական պատկերացումների կրողներ։  

 

Մեդիամաքսն առանձնացրել է դասախոսության առավել հետաքրքիր դրվագները: 

 

«Կոմիքսները պարզապես ժամանցային պատումներ չեն»

 

Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր 

 

Այսօր մեծ հաճույքով Հայաստանում ֆրանսիական համալսարանում հյուրընկալում ենք բելգիացի դիվանագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաուլ Դելկորդին: Նա բազմաթիվ աշխատություններ ունի դիվանագիտության, արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Բացի այդ, հետաքրքրվում է միջազգային հարաբերությունների դրսեւորման ու ձեւավորման բոլոր տարբերակներով: Դրանցից մեկն էլ կոմիքսներն են, որոնք քննարկելու ենք այսօր: 

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիքսները պարզապես ժամանցային պատումներ չեն: Դրանք կարող են ներկայացնել իրական պատմություններ, բարձրացնել հնչեղության կարիք ունեցող լուրջ հարցեր: Օրինակ՝ բելգիական «Տենտենի արկածներում» ներկայացվում են աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտություններ, պատմական իրադարձություններ: Շնորհակալ ենք Ռաուլ Դելկորդին, որ համաձայնել է իր դիտարկումներով կիսվել մեզ հետ: Այս համագործակցությունը հնարավոր է դարձել Բելգիայի դեսպանության եւ անձամբ դեսպանի շնորհիվ, որը մշտապես աջակցում է մեր նախաձեռնություններին եւ ներկա է նաեւ այսօր: 

 

Երեւակայության ու մշակույթի հզորությունը

 

Ռաուլ Դելկորդ, դիվանագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Միջազգային հարաբերությունների կապը կոմիքսների հետ միշտ չէ, որ ակնհայտ է, բայց այսօր մի քանի օրինակով ցույց կտամ՝ ինչպես կարելի է նկատել ու վերլուծել այն: Դասախոսությունը ցանկանում եմ սկսել ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլին վերագրվող մի արտահայտությամբ՝ «ըստ էության՝ իմ միակ միջազգային հակառակորդը Տենտենն է: Մենք փոքրիկներ ենք, որոնք թույլ չեն տալիս, որ մեծերն իրենց խաբեն»: Սա ցույց է տալիս՝ ինչպես է մարդը զգում պատկերների, կոմիքսների կերպարների ուժը, հատկապես, երբ նրանք «ճանապարհորդում են» ողջ աշխարհով եւ միջազգային ճանաչելիություն ունեն: 

Ռաուլ Դելկորդը Ռաուլ Դելկորդը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչո՞ւ է գեներալը, որը մարմնավորում է հզորությունը՝ որպես հակառակորդ ընտրում կարճ շորտով փոքրիկ Տենտենին. պատասխանը պարզ է՝ այս կերպարը մշտապես հրաժարվում է ենթարկվել «հզորների» օրենքին: Այսօր էլ, երբեմն, պետք է մերժել հզորների իշխանությունը: Ինձ ասել են, որ Տենտենը Հայաստանում այնքան էլ ճանաչված չէ: Հուսամ՝ իմ լավ ընկեր եւ գործընկեր Բելգիայի դեսպանը կնպաստի, որ այս կերպարն առավել ճանաչելի դառնա:  

 

Բոլորս գիտենք, որ միջազգային հարաբերություններում  հզորությունը հաճախ չափվում է երկրի տարածքով, բանակով, տնտեսական կարողություններով, բայց կա նաեւ մեկ այլ դրսեւորում՝ երեւակայության, մշակույթի, պատումի հզորությունը: Կոմիքսի կերպարները հանգիստ կտրում-անցնում են բոլոր սահմանները՝ թե՛ տարածական, թե՛ ժամանակային առումով: Կոմիքսներ կարդում են միլիոնավոր մարդիկ եւ նրանց մոտ այս կերպարները ձեւավորում են ընկալումներ՝ աշխարհամասերի, երկրների, հակամարտությունների ու ժողովուրդների մասին: 

 

Խնդիրների մասին բարձրաձայնող, կարծրատիպեր կոտրող Տենտենը

 

Ռաուլ Դելկորդ

 

«Տենտենի արկածները» կոմիքսի իրադարձությունները տեղի են ունենում աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Գործողություններ կան նույնիսկ Անտարկտիդայում։ Կոմիքսի առաջին ալբոմներից մեկում խոսվում է նաեւ Խորհրդային աշխարհի մասին, ինչը, կարծում եմ, ժպիտ կառաջացնի հայկական լսարանի մոտ։ Առաջին երեք ալբոմի գործողությունները Խորհրդային աշխարհի երկրներում են, Միացյալ Նահանգներում եւ Կոնգոյում։ 

«Տենտենը Խորհրդային աշխարհում» «Տենտենը Խորհրդային աշխարհում»

 

Կոմիքսի հեղինակ Էրժեն դրանք ստեղծում է դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, եւ նրա աշխատանքի վրա ազդում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա, ասես, կանխազգում է տեղի ունենալիք սարսափներն ու այս երեք կոմիքսի միջոցով խոսում տվյալ երկրներում առկա խնդիրների մասին։

 

Տենտենի կոմիքսների շարքում կա մի ալբոմ, որին անպայման պետք է ծանոթանալ՝ «Կապույտ լոտուսը»։ Սա արտակարգ աշխատանք է, որն ամբողջությամբ փոխում եւ վերաիմաստավորում է Չինաստանի մասին մեր՝ «արեւմտյան աշխարհի» պատկերացումները։ Ի դեպ, Էրժեի լավագույն ընկերներից մեկը չինացի էր, որը եկել էր Բելգիա՝ գեղարվեստի համալսարանում սովորելու։ Կոմիքսի այս ալբոմում Տենտենը հերթով կոտրում է Չինաստանի մասին գոյություն ունեցող կարծրատիպերը եւ ասում՝ «Ժողովուրդներն իրար վատ են ճանաչում»։ Այս հայտարարությունն իրականում մի ամբողջ դիսերտացիայի թեմա է։ 

Տենտենի արկածների «Կապույտ լոտուս» ալբոմը Տենտենի արկածների «Կապույտ լոտուս» ալբոմը

 

«Կապույտ լոտուս» ալբոմի շապիկը շատ գեղեցիկ է, եւ դրա բնօրինակն այսօր կոմիքսների շուկայում միլիոնավոր դոլարներ արժե։

 

Տենտենն այցելում է տարբեր վայրեր՝ Լատինական Ամերիկայից մինչեւ փարավոնների աշխարհ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նաեւ այն ալբոմները, որոնցում Տենտենը «հայտնվում է» Մերձավոր Արեւելքում։ Էրժեն աշխարհի այս հատվածին նվիրել է չորս թողարկում, որոնցից հատկապես հետաքրքիր է «Տենտենը սեւ ոսկու երկրում» ալբոմը։ Դրանում խոսվում է իշխանությունների, նավթի, օտարերկրյա ներխուժումների եւ ընդհանրապես այն ամենի մասին, թե ինչպես ենք մենք ընկալում Արեւելքը։ Տենտենն արկածներ ունի նաեւ երեւակայական երկրներում, որոնք իրականում գոյություն չունեն, բայց կասկածելի նման են իրականներից մի քանիսին (ժպտում է – հեղ.): 

«Տենտենը սեւ ոսկու երկրում» ալբոմը «Տենտենը սեւ ոսկու երկրում» ալբոմը

 

Կոմիքսի վերջին ալբոմներում հեղինակ Էրժեն փոխում է իր աշխարհընկալումը՝ Տենտենին դարձնելով մարդու իրավունքների պաշտպան։ Ճանապարհորդելուց հետո այս կերպարն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ժողովուրդներին սկսում է նայել այլ հայացքով։

 

Ապագան «կանխատեսող» «Բլեյքն ու Մորտիմերը»

 

Ռաուլ Դելկորդ

 

«Բլեյք եւ Մորտիմեր» կոմիքսի հեղինակն Էդգար Պ. Յակոբսն է, որը աշխատել է Էրժեի (Տենտենի մասին կոմիքսների հեղինակի – հեղ.) ստուդիայում։ Նրա ոճը, սակայն, բավականին տարբերվում է։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Յակոբսը ստեղծում էր պատմություններ՝ վերանայելով արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունները՝ երեւակայելով, թե ինչ կլիներ, եթե համաշխարհային պատմության այս կամ այն դրվագն այլ կերպ տեղի ունենար: Նրան հատուկ է գիտաֆանտաստիկ ոճը: Օրինակ՝ առաջին ալբոմներից մեկի շապիկին անօդաչու թռչող սարք հիշեցնող պատկեր է, սակայն հիշեցնեմ, որ այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նման տեխնոլոգիաներ դեռեւս գոյություն չունեին։ Սա հանճարեղ է։

«Բլեյք եւ Մորտիմեր» կոմիքսի շապիկը «Բլեյք եւ Մորտիմեր» կոմիքսի շապիկը

 

Ի տարբերություն Էրժեի, «Բլեյք եւ Մորտիմեր» կոմիքսի ալբոմների թողարկումը շարունակվել է նաեւ հեղինակի մահից հետո։

 

«Աստերիքս». փոքրիկ գյուղի դիմադրությունը մեծ կայսրությանը

 

Ռաուլ Դելկորդ

 

Ինձ ասացին, որ Աստերիքսի կերպարն ավելի հայտնի է Հայաստանում։ Այս կոմիքսի հերոսը մարմնավորում է փոքրիկ գալլական գյուղը, որը դիմադրում է մեծ կայսրություններին։ Ուժերի նյութական հարաբերակցությունը Հռոմի կողմն է, սակայն ռազմական ուժը բավարար չէ մեծ կայսրությանն այս գյուղն իր կամքին ենթարկելու համար։ Հռոմեացիները կարող են շրջապատել այն, բայց չեն կարող վերահսկել դրա բնակիչներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա փոքր պետության՝ մեծերի ու հզորների նկատմամբ դիմադրության այլաբանություն է։ Աստերիքսը չի ցանկանում նվաճել Հռոմը։ Նրա նպատակը շատ ավելի պարզ է՝ ազատ ու խաղաղ ապրել իր հարազատ գյուղում։

 

Այս կոմիքսի արկածները համեմված են ֆրանսիական հայրենասիրությամբ։ Այստեղ ներկայացված է ոչ թե իմպերիալիստական, գաղութարար Ֆրանսիան, այլ՝ դիմադրողն ու չհանձնվողը: 

«Աստերիքս» կոմիքսի շապիկը «Աստերիքս» կոմիքսի շապիկը

 

Մի կարեւոր դաս կա, որ կարող ենք քաղել «Աստերիքս» կոմիքսից. միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ հաղթում են նյութապես հզորները։ Դիվանագիտությունը դիմացինին հասկանալու, նրա թույլ եւ ուժեղ կողմերը գտնելու արվեստն է։ Կարծում եմ՝ «Աստերիքսը» լիովին արժանի տեղ ունի դիվանագիտական կոմիքսների շարքում։

 

«Միջազգային հարաբերությունները վերացական չեն. պետությունների հետեւում  մարդիկ են, սահմաններից այնկողմ՝ պատմություններ»

 

Ռաուլ Դելկորդ

 

Ըստ էության՝ կոմիքսներում աշխարհը միայն արկածների տարածք չէ։ Այն դառնում է հասկանալու եւ վերլուծելու օբյեկտ։ Այս մոտեցումն առավել կարեւոր է դիվանագիտության համար, որովհետեւ դիվանագետի առաջնային նպատակը դիմացինին հասկանալն է՝ գիտակցելը, թե ինչ շահեր, վախեր, պատմություն, ձգտումներ ու պատկերացումներ ունի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիքսը ցույց է տալիս նաեւ մեկ այլ հիմնարար ճշմարտություն՝ միջազգային հարաբերությունները երբեք վերացական չեն։ Պետությունների հետեւում անհատներ են, սահմաններից այնկողմ՝ պատմություններ, հակամարտությունների հետեւում՝ հիշողություններ են, իսկ վիճակագրության մեջ՝ փախստականներ ու մարդկային ճակատագրեր։ Կառավարությունների կայացրած որոշումներից անդին հասարակություններ են, որոնք ապրում են այդ որոշումների հետ:

 

Կոմիքսը թույլ է տալիս այս ամենի մեջ վերականգնել մարդուն եւ, գուցե, սա է արվեստի այս ճյուղի ամենախորը եւ հարուստ կողմը։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *