«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստիպված է վերջերս պարզաբանումներ ներկայացնել ԲԴԽ-ն իր ղեկավարելու ժամանակահատվածում լիազորությունները դադարեցրած դատավորների գործերով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ում քննվող գործերի շրջանակում հայկական կողմը փորձում է հիմնավորել այդ ժամանակահատվածում ԲԴԽ-ի կայացրած որոշումները՝ դրանք ներկայացնելով նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայացվող հիմնավորումներում առայժմ հստակ ապացույցներ չեն մատնանշվում, թե պաշտոնից ազատված դատավորներից յուրաքանչյուրն անձամբ ինչ կոռուպցիոն դրսևորման մեջ է ներգրավված եղել կամ ինչ կոնկրետ արարք է կատարել։
Այս հանգամանքը, ըստ մեր աղբյուրների, հայկական կողմին բարդ իրավիճակի առաջ է կանգնեցրել․ ՄԻԵԴ-ում պետք է հիմնավորվեն այն որոշումները, որոնք կայացվել են հենց Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում։
Բանն այն է, որ մի շարք դատավորների լիազորությունների դադարեցման իրական պատճառները բոլորովին այլ են եղել․ նրանց գնահատմամբ՝ կարգապահական վարույթներն ու դրանց հաջորդած որոշումները կապված են եղել նաև այն հանգամանքի հետ, որ այդ դատավորները տարբեր վարույթներով իշխանությունների համար անցանկալի որոշումներ էին կայացրել։ Սա, սակայն, աղբյուրների գնահատականն է, իսկ այժմ այդ գործերով իրավական գնահատական պետք է տա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահության ժամանակահատվածում լիազորությունները դադարեցվել են, մասնավորապես, դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի, Զարուհի Նախշքարյանի, Աննա Փիլոսյանի, Դավիթ Հարությունյանի, Արթուր Ստեփանյանի, Աննա Դանիբեկյանի։
Նրանցից մի քանիսը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ը գանգատներն ընդունել է քննության։
Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք․ դատավորների գործերի զգալի մասը միացվել է և քննվելու է մեկ վարույթի շրջանակում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործերի քննությանը տրվել է նաև առաջնահերթություն։
Այս հանգամանքը դատական համակարգում առանձնահատուկ ուշադրության է արժանացել։ Մի քանի դատավորների գործերի միավորումն ու դրանց առաջնահերթ քննությունը վկայում են, որ Ստրասբուրգում բարձրացված խնդիրները դիտարկվում են ոչ միայն առանձին դատավորների գործերի, այլև ԲԴԽ-ում այդ ժամանակահատվածում ձևավորված կարգապահական պրակտիկայի համատեքստում։
Եթե ՄԻԵԴ-ը արձանագրի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, դա կարող է լուրջ իրավական և հեղինակային հետևանքներ ունենալ Բարձրագույն դատական խորհրդի համար՝ հարցեր առաջացնելով նաև Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ կայացված մի շարք աղմկահարույց որոշումների իրավաչափության վերաբերյալ։
Այսպիսով՝ Կարեն Անդրեասյանը, որն այսօր արդեն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է, ՄԻԵԴ-ում հայտնվել է ուշագրավ կարգավիճակում․ հայկական կողմի անունից պետք է ներկայացնի և պաշտպանի պետության դիրքորոշումն այն գործերով, որոնց հիմքում դրված որոշումները կայացվել են նաև իր՝ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում»։
դիտվել է 239 անգամ
Leave a Reply