Գեղեցկության ոլորտի մասնագիտական կյանքը Հայաստանի մարզեր տեղափոխելու, կրթության ու գործարար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու և հայկական գյուղական մշակույթը ժամանակակից բեմում ներկայացնելու գաղափարով 2026 թվականի նոյեմբերին Գեղարքունիքում նախատեսվում է անցկացնել «Beauty Forum Armenia 2026 — Գեղարքունիք» մասնագիտական ֆորումը։
Ինչո՞ւ է մեկնարկի համար ընտրվել մարզային ձևաչափը, ի՞նչ է նշանակում «Հայ գյուղը՝ պոդիումի վրա» ստեղծագործական հայեցակարգը, և ի՞նչ շարունակություն է ունենալու նախագիծը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք նախագծի համահիմնադիր,METRO ակադեմիայի հիմնադիր ՝ ՌաիսաՌուբենիի հետ
— Գեղեցկության ոլորտում տարբեր միջոցառումներ են անցկացվում։ Ի՞նչ նպատակով եք ստեղծում Beauty Forum Armenia-ն, և ո՞րն է դրա հիմնական առանձնահատկությունը։
— Մեր նպատակը մասնագիտական համայնքը համախմբելն է՝ մեկ հարթակում միավորելով Հայաստանի և Սփյուռքի մասնագետներին, կրթական կենտրոններին, բրենդներին, արտադրողներին ու ձեռներեցներին։ Կարևորում ենք, որ այդ հանդիպումն ունենա գործնական բովանդակություն՝ սովորելու, փորձ փոխանակելու և համագործակցություն սկսելու հնարավորությամբ։
Նախագծի առանցքում մասնագիտական կրթությունն ու աշխատանքի որակի կատարելագործումն է։ Միաժամանակ ուզում ենք ոլորտի մասնագիտական և գործարար կյանքն ավելի ակտիվ դարձնել մարզերում։ Այդ պատճառով ֆորումի առաջին տարածաշրջանային նախագիծը մեկնարկում է Գեղարքունիքից՝ հետագայում Հայաստանի բոլոր տասը մարզերն ընդգրկելու հեռանկարով։
— Ի՞նչ կարող է այս ձևաչափը փոխել մարզերում աշխատող մասնագետների համար։
— Մարզերում աշխատող մասնագետների համար կարևոր են վերապատրաստման, նոր տեխնիկաներին ծանոթանալու և մասնագիտական կապեր ձևավորելու հնարավորությունները։ Ֆորումի միջոցով ցանկանում ենք այդ հնարավորություններն ավելի հասանելի դարձնել՝ միաժամանակ հարթակ տրամադրելով հենց նրանց փորձի ու աշխատանքի ներկայացման համար։

Մեր պատկերացմամբ՝ մարզերը կարող են դառնալ մասնագիտական միջոցառումների և ստեղծագործական նախաձեռնությունների ակտիվ կենտրոններ։ Գեղարքունիքի նախագիծն այս մոտեցման առաջին փորձնական քայլն է։ Այստեղ ձևավորված փորձը հիմք կդառնա ձևաչափը մյուս մարզերում զարգացնելու համար։
— Ֆորումի գլխավոր գեղարվեստական թեման է «Հայ գյուղը՝ պոդիումի վրա» է։ Ի՞նչ եք ցանկանում պատմել այդ խորագրով։
— Հայկական գյուղական մշակույթը, ավանդույթներն ու կոլորիտը ցանկանում ենք ներկայացնել ժամանակակից նորաձևության և գեղեցկության արվեստի լեզվով։ Խոսքը ամբողջական բեմական կերպարների մասին է, որոնց ստեղծման մեջ համադրվելու են վարսահարդարումը, դիմահարդարումը, եղունգների ձևավորումը, հագուստն ու աքսեսուարները։
Այս հայեցակարգը մասնագետներին հնարավորություն է տալիս հայկական մշակույթին անդրադառնալ իրենց մասնագիտական գործիքներով և այն մեկնաբանել նորովի։ Մեզ համար կարևոր է նաև ցույց տալ, որ հայկական գյուղերն ու մարզերը կարող են ոգեշնչման աղբյուր լինել ժամանակակից ստեղծագործական աշխատանքի համար և դառնալ դրա ներկայացման հարթակ։
— Ի՞նչ է նախատեսված ծրագրում։ Մասնակիցն ի՞նչ կարող է ակնկալել ֆորումից։
— Ծրագիրը ներառում է վեց հիմնական ուղղություն՝ կրթություն, բիզնես, բեմական ցուցադրություններ, գործնական կապերի ձևավորում, գեղեցկության զբոսաշրջություն և փառատոնային շոու ծրագիր։
Կրթական հատվածում նախատեսվում են մասնագիտական ելույթներ և վարպետության դասեր։ Բիզնես ուղղությամբ անդրադառնալու ենք գեղեցկության սրահների կառավարմանը և անձնական բրենդի զարգացմանը։ Կենդանի ցուցադրությունները հնարավորություն կտան տեսնել մասնագետների աշխատանքը բեմում։
Առանձին կարևորություն ունի մասնակիցների շփումը․ ուզում ենք, որ մասնագետը կարողանա գտնել նոր գործընկերների, կրթական կենտրոնը՝ համագործակցության հնարավորություններ, իսկ բրենդներն ու մատակարարները՝ անմիջական կապ հաստատել ոլորտում աշխատող մարդկանց հետ։

— Ո՞ւմ համար է նախատեսված ֆորումը․ միայն գործող վարպետների՞, թե՞ ավելի լայն շրջանակի։
— Մասնակիցների շրջանակը բավական լայն է։ Սպասում ենք վարսահարդարների, դիմահարդարների, մատնահարդարման, հոնքերի ու թարթիչների ձևավորման մասնագետների, կոսմետոլոգների, դաջվածքի վարպետների և հարակից ուղղություններում աշխատող մասնագետների։
Ֆորումը նաև կրթական կենտրոնների, դասավանդողների ու ուսանողների համար է։ Մասնակցության հնարավորություն ենք տեսնում գեղեցկության սրահների սեփականատերերի, ղեկավարների, ադմինիստրատորների, ինչպես նաև արտադրանք, նյութեր և սարքավորումներ ներկայացնող ընկերությունների համար։
Միաժամանակ նախագիծը բաց է նորաձևության, զբոսաշրջության, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների առջև։ Այս ոլորտների միջև գործնական համագործակցության հնարավորություններ կան, որոնք ցանկանում ենք զարգացնել։
— Դուք առանձնացնում եք «Beauty Tourism»՝ գեղեցկության զբոսաշրջություն հասկացությունը։ Ինչպե՞ս է այն կապվում ֆորումի հետ։
— Մեր նախագծում այն կապում է մասնագիտական մասնակցությունն ու մարզի բացահայտումը։ Ֆորումի համար Գեղարքունիք եկող մասնագետները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու տարածաշրջանին, օգտվելու տեղական հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների և զբոսաշրջային ծառայություններից։
Այս մոտեցմամբ մասնագիտական միջոցառումը կարող է լրացուցիչ ակտիվություն ստեղծել տեղական բիզնեսի համար։ Հենց այդ պատճառով մեզ համար կարևոր է մարզի գործարարների ներգրավվածությունը։
Ավելի լայն հեռանկարում ցանկանում ենք Հայաստանը միջազգային գեղեցկության ոլորտի համայնքին ներկայացնել որպես մասնագիտական հանդիպումների և զբոսաշրջության գրավիչ ուղղություն։
— Ովքե՞ր են կանգնած նախագծի հետևում, և ինչպե՞ս է ձևավորվել կազմակերպչական թիմը։
— Նախագծի համահիմնադիրներն ենք ես եւ Ստելլա Սարուխանյանը, գործադիր տնօրենը՝ Ալինա Ղազարյանը։ Փոխտնօրեններն են Լարիսա Մելքոնյանն ու Գայա Արզումանյանը։ Թիմում ներգրավված են ծրագրի համակարգողներ, մասնակիցների հետ աշխատանքի, մասնագիտական ուղղությունների և մեդիա հաղորդակցության պատասխանատուներ։

Նախագծում ներգրավված կառույցների թվում են «Հայ գյուղ» և «ՄԵՆՔ» հասարակական կազմակերպությունները, Գեղեցկության ազգային լիգան, «Այվազյան GA Academy»-ն, «Metro Academy»-ն և «Աստերիա»-ն։
Մասնագիտական ծրագրում նախատեսվում է Հայաստանի մարզերի և Սփյուռքի մասնագետների, խոսնակների ու վարպետության դասեր անցկացնող փորձագետների մասնակցություն։ Կարևորում ենք, որ կազմակերպչական աշխատանքում համադրվեն ոլորտային փորձը, կրթական մոտեցումն ու տեղական համայնքի հետ կապը։
— Ներկայացնում եք նաև երկարաժամկետ նպատակներ՝ մասնագիտական ռեեստրից մինչև հավատարմագրման համակարգ։ Ի՞նչ փուլում են այդ գաղափարները։
— Դրանք նախագծի ռազմավարական օրակարգի մաս են։ Մեր տեսլականը ներառում է մասնագիտական ռեեստրի ձևավորումը, մասնագիտական էթիկայի ամրապնդումը, հավատարմագրման համակարգի ներդրումը և պետական ու միջազգային կառույցների հետ համագործակցության զարգացումը։
Այս ուղղությունները հետևողական աշխատանք և մասնագիտական համայնքի ներգրավվածություն են պահանջում։ Ֆորումը դիտարկում ենք որպես այդ աշխատանքը սկսելու և ընդհանուր օրակարգի շուրջ համախմբվելու հարթակ։
Մեզ համար հաջողության կարևոր չափանիշը կլինի այն, թե ինչ կհաջորդի միջոցառումից հետո՝ նոր համագործակցություններ, կրթական նախաձեռնություններ և մարզերում մասնագիտական կյանքի ակտիվացում։ Ցանկանում ենք, որ Գեղարքունիքում մեկնարկող նախագիծը շարունակություն ունենա թե՛ մասնակիցների աշխատանքում, թե՛ Հայաստանի մյուս մարզերում։
Leave a Reply