Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Կիբեռնետիկայի մուսան» տեխնոլոգիական ցուցադրությունը: Կազմակերպիչները հայտնում են, որ այն «միավորում է Երվանդ Քոչարի արվեստը, Հայաստանի տեխնոլոգիական անցյալի հիշողությունը եւ հոլոգրաֆիկ տեխնոլոգիան»:
Նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել «Կիբեռնետիկայի մուսան» բնօրինակ քանդակի հոլոգրամը, այլեւ ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով վերադառնալ 1970-ականներ եւ ստեղծագործական միջավայրում տեսնել Քոչարին աշխատանքի պահին։
Փորձառության հիմքում «հոլոգրաֆիկ իրականության» գաղափարն է։ Այցելուն չի կտրվում իրական աշխարհից եւ չի տեղափոխվում ամբողջությամբ վիրտուալ միջավայր։ Նա շարունակում է տեսնել թանգարանի իրական տարածքը, ցուցանմուշներն ու իր կողքին գտնվող մարդկանց, սակայն իրական տարածության շարունակությունը բացվում է թվային աշխարհում՝ հոլոգրաֆիկ ձեւով։
Իրական եւ թվային տարածքները միաձուլվում են մեկ տեսողական փորձառության մեջ՝ ստեղծելով զգացողություն, ուր անցյալը գտնվում է անմիջապես այցելուի առջեւ։
Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան
Քոչարի արվեստանոցը թվային միջավայրում վերակառուցվել է փաստավավերագրական եւ արխիվային նյութերի հիման վրա՝ հնարավորինս պահպանելով արվեստանոցի միջավայրը, առարկաների դասավորությունն ու ժամանակաշրջանի մթնոլորտը։
Հոլոգրաֆիկ փորձառության ընթացքում այցելուն տեսնում է Երվանդ Քոչարին իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին, հետեւում է միջավայրում զարգացող պատմությանը եւ «Կիբեռնետիկայի մուսայի» ստեղծման շուրջ ձեւավորված ժամանակաշրջանին։ Փորձառության կարեւոր բաղադրիչներից է նաեւ Երվանդ Քոչարի իրական ձայնը։
Հոլոգրաֆիկ պատմությունից հետո այցելությունը շարունակվում է Երվանդ Քոչարի թանգարանի սրահում, որտեղ ներկայացված է «Կիբեռնետիկայի մուսան» հոլոգրաֆիկ քանդակը։
Լուսանկարը` Երվանդ Քոչարի թանգարան
Առաջիկայում նախատեսվում է «Կիբեռնետիկայի մուսան» նոր ցուցադրական ձեւաչափով ներկայացնել նաեւ տեղական եւ միջազգային տարբեր հարթակներում։
«Կիբեռնետիկայի մուսան. տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում» ծրագիրը Երվանդ Քոչարի թանգարանի հետ գործակցությամբ մշակել է «Սեւունի» թիմը։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.kochar.am/holograph հղումով:
Leave a Reply