«ՌԴ-ից տարեկան 4 մլրդ դոլարի փոխանցումներ ենք ստանում». Կարապետյանի պնդումը մոլորեցնող է

Written by

in

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերի մասին, սեպտեմբերի 23-ին 24TV-ի եթերում ասել է, թե «տարեկան 4 մլրդ դոլարին մոտ Հայաստանը ստանում է իշխանության այդքան չսիրած պետությունից՝ Ռուսաստանից, և դա օգտագործվում է Հայաստանի տնտեսության մեջ»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ կենտրոնական բանկի տվյալները՝ պարզելու, թե վերջին տարիներին որքան գումար է փոխանցվել Ռուսաստանից Հայաստան, որքան է կազմել զուտ ներհոսքը, և ինչպես են փոխվել այդ ցուցանիշները։ 

Ռուսաստանից Հայաստան փոխանցումները՝ 2020-2025 թվականներին

Կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր ուղարկված դրամական փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ երկրների։ Տվյալներում առանձին ներկայացվում են ներհոսքը, արտահոսքը և դրանց տարբերությունը՝ զուտ ներհոսքը։

Ավելի պարզ՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցված ամբողջ գումարը ներհոսքն է, Հայաստանից Ռուսաստան փոխանցվածը՝ արտահոսքը, իսկ դրանց տարբերությունը՝ զուտ ներհոսքը։ Վերջին ցուցանիշը ցույց է տալիս երկու ուղղություններով կատարված փոխանցումների տարբերությունը։

Կարապետյանը փոխանցումների ծավալը ներկայացրել է դոլարով, ուստի FIP-ը ԿԲ-ի՝ դրամով հրապարակված տվյալները համադրելիության համար ներկայացրել է նաև ԱՄՆ դոլարով՝ համապատասխան տարիների փոխարժեքներով։

ԿԲ-ի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 403.8 մլրդ դրամ, արտահոսքը՝ 225.1 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 178.8 մլրդ դրամ։ 2021 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 433.9 մլրդ, 201.9 մլրդ և 232 մլրդ դրամ։

Այսպիսով, 2020-2021 թվականներին Ռուսաստանից Հայաստան տարեկան ներհոսքը 1 մլրդ դոլարից էլ պակաս էր։

Կտրուկ աճը՝ 2022 թվականին

Պատկերը կտրուկ փոխվել է 2022 թվականին։ ԿԲ-ի տվյալներով՝ այդ տարի Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքը կազմել է 1 տրլն 505 մլրդ դրամ, Հայաստանից Ռուսաստան արտահոսքը՝ 195.9 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 309 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ դրանք կազմել են համապատասխանաբար մոտ 3.4 մլրդ, 0.45 մլրդ և 3.01 մլրդ դոլար։ Այսինքն՝   մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ներհոսքը 2021-ի համեմատ աճել է մոտ 3․5 անգամ։

2023 թվականին ներհոսքը շարունակել է աճել՝ հասնելով 1 տրլն 550 մլրդ դրամի, արտահոսքը կազմել է 251 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 299 մլրդ դրամ։ Դոլարով դրանք կազմել են մոտ 3․95 մլրդ, 0.64 մլրդ և 3.3 մլրդ դոլար։

2024 թվականին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 1 տրլն 501 մլրդ դրամ, Հայաստանից Ռուսաստան արտահոսքը՝ 270 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 231 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ՝ մոտ 3.8 մլրդ, 0.7 մլրդ և 3.1 մլրդ դոլար։

2025 թվականին ներհոսքը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 1 տրլն 499 մլրդ դրամ, իսկ արտահոսքն աճել է մինչև 290 մլրդ դրամ։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է 1 տրլն 209 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ դրանք կազմել են համապատասխանաբար մոտ 3.8 մլրդ, 0.75 մլրդ և 3.1 մլրդ դոլար։ 

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները՝ դոլարային տեսքով 2020-2025 թթ.  

Այսպիսով, Կարապետյանի նշած տարեկան մոտ 4 մլրդ դոլարը մոտ է համախառն ներհոսքին։ 2025 թվականին համախառն ներհոսքը կազմել է մոտ 3.8 մլրդ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները հաշվի առնելու դեպքում զուտ ներհոսքը՝ մոտ 3.1 մլրդ դոլար։ 

Ինչո՞վ էր պայմանավորված 2022-ի կտրուկ աճը

2022-ին արձանագրված կտրուկ աճը համընկել է ռուս-ուկրաինական պատերազմի և դրան հաջորդած ռելոկացիոն հոսքերի հետ։

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի վերլուծությունում արձանագրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան է գրանցվել միջազգային այցելուների և ֆինանսական միջոցների մեծաքանակ ներհոսք։ ԿԲ-ն այդ զարգացումները դիտարկել է նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների համատեքստում՝ նշելով, որ ֆինանսական մեծ ներհոսքի պայմաններում շարունակվել է նաև դրամի արժևորումը։

ԿԲ-ն նույն տարվա դրամավարկային քաղաքականության զեկույցում տնտեսական բարձր ակտիվությունը պայմանավորող գործոնների թվում ևս առանձնացրել էր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան օտարերկրյա այցելուների և ֆինանսական միջոցների մեծ ներհոսքը։

Այսպիսով, Կարապետյանի պնդումը մոլորեցնող է․ Ռուսաստանից Հայաստան տարեկան շուրջ 4 մլրդ դոլարի փոխանցումների ցուցանիշը մոտ է վերջին տարիների համախառն ներհոսքին, սակայն զուտ ներհոսքը դրանից զգալիորեն փոքր է․ 2025-ին մոտ 3.9 մլրդ դոլարի համախառն ներհոսքի դիմաց զուտ ներհոսքը կազմել է մոտ 3.1 մլրդ դոլար։ Դրամային արտահայտությամբ վերջին վեց տարվա ամենաբարձր համախառն ներհոսքը գրանցվել է 2023-ին, որից հետո արձանագրվել է որոշակի նվազում։

Փոխանցումների բարձր մակարդակն էլ ձևավորվել է 2022-ից հետո՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և դրանց հետևանքով Հայաստան մարդկանց ու ֆինանսական միջոցների մեծ ներհոսքի՝ ռելոկացիայի պայմաններում։

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *