Ձմեռային ցուրտ ու անձրեւոտ մի օր, երբ մաշված բաճկոններով երեխաները խմբված նստած էին դպրոցական նստարաններին՝ հազիվ աշխատող ածուխի վառարանի շուրջ, Թեհրանի հայկական դպրոցի տնօրեն պարոն Նորիկը կարդում էր 1877 թվականին Վանի գյուղացիների վրա կատարված հարձակումների մասին։ Մինչ անձրեւը թմբկահարում էր պատուհանները՝ պարոն Նորիկի ձայնով հնչում էին Րաֆֆու «Ջալալեդդին» վիպակի վառ նկարագրությունները:
Հենց այդ ժամանակ էր, որ երկրորդ դասարանցի Դավիթը սկսեց երեւակայել Հայկական լեռնաշխարհի վեհությունը՝ հայրենիք, որը երբեք չէր տեսել: Այդ օրը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ պատմությունն ու աշխարհագրությունը դարձան նրա սիրելի առարկաները. դա նաեւ այն օրն էր, երբ Դավիթի համար մի նոր դուռ բացվեց՝ դեպի սուրբ հայրենիք տանող նրա սրտի դուռը, որն այլեւս երբեք չփակվեց:
Լուսանկարիչ Դավիթ Քարամյանը, որը հեղինակել է «Հայաստան՝ միայնակ քարը. դարեր ի վեր անհաղթելի» եւ դրա երկրորդ հատորը՝ «Հայաստան՝ միայնակ քարը. ճամփորդի ուղեցույց»-ը, վերջերս ներկայացրել է իր նոր՝ «Հավերժական Հայաստան. Նորատուսի խաչքարերը» ալբոմ-գիրքը: Այն փաստագրում է Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը՝ մեկտեղելով լուսանկարչությունն ու պատմական հետազոտությունը:
Դավիթ Քարամյանի յուրաքանչյուր գիրք ներկայացնում է շարունակական ճանապարհորդություն Հայաստանի բնապատկերներով, վանքերով, ճարտարապետությամբ, մարդկանցով եւ պատմությամբ՝ որպես արտացոլանք ցուրտ դասասենյակում Րաֆֆու տողերով սկսված անձնական բացահայտումների ուղու:
Մեդիամաքսի հետ զրույցում Դավիթ Քարամյանը պատմել է նոր գրքի մասին՝ պատմության հետագծով հասնելով մինչեւ սկիզբ:
Ծնողներից ժառանգած հուզական հայրենիքը
Դավիթ Քարամյանը ծնվել է Թեհրանում եւ մեծացել հայկական թաղամասում։ Նրա նախնիներն այն հայերի թվում էին, որոնք 1604 թվականին՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, Շահ Աբբաս Առաջինի հրամանով Արեւելյան Հայաստանից եւ Նախիջեւանից բռնի տեղահանվեցին Պարսկաստան։ Դավիթն իր ընտանիքի պատմության մասին շատ քիչ բան գիտի, բացի այն փաստից, որ մայրական տատը ծնվել է Փերիայում, իսկ հայրը՝ Ղարղունում։
«Հայերը աշխատանք փնտրելու նպատակով գյուղերից տեղափոխվում էին քաղաքներ, գյուղերն անհետանում կամ փոխվում էին, արձանագրությունները թերի էին, եւ անգամ ազգանունները կարող էին փոխվել պաշտոնական գրանցման ժամանակ։ Միեւնույն գերդաստանի անդամները, երբեմն, կարող էին տարբեր ազգանուններ ունենալ»,- ասում է Դավիթ Քարամյանը։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Նրա ծնողները մեծ զոհողությունների են գնացել հայկական ինքնությունը պահելու համար։ Չնայած ֆինանսական դժվարություններին՝ Դավիթին եւ իրենց մյուս երեք երեխաներին հայկական դպրոց ուղարկելն անառարկելի էր:
«Մայրենի լեզուն սովորելը երբեմն ավելի կարեւոր էր համարվում, քան, բառացիորեն, սեղանին սնունդ դնելը»,- հիշում է Դավիթը։
Չնայած հայրենիքից հեռու ապրելուն՝ Քարամյանների ընտանիքը հայկական ավանդույթները վառ էր պահում հաճախակի հավաքույթների, հայկական խոհանոցի, պարերի, երգերի ու պոեզիայի միջոցով։ Դավիթի տատիկն ու պապիկը նրան փոխանցել են իրենց արմատների հուշերի պատառիկներ եւ ծանոթացրել հայկական նիստուկացին, մինչդեռ ծնողները Հայաստանը նրան են փոխանցել գրականության, պատմության եւ երաժշտության միջոցով։ Րաֆֆու եւ Սերո Խանզադյանի՝ հայոց կիրճերի, լեռների եւ դրանց վեհության համար մղված մարտերի ապշեցուցիչ նկարագրությունները, Զորավար Անդրանիկի ու նրա զինվորների մասին պատմությունները, Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ, ի վերջո, հին ռադիոընդունիչից հնչող «Երեւանն է խոսում» ազդարարումը՝ սրանք են ձեւավորել են Դավիթի հուզական հայրենիքը:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Չնայած Հայաստան տեղափոխվելու նրա մեծ ցանկությանը՝ այդ ժամանակ դա անհնար էր՝ խորհրդային կարգերի պատճառով: Ուստի, կրթություն ստանալու նպատակով Դավիթն, ի վերջո, տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ նախ սովորեց մեխանիկական ինժեներիա, իսկ ավելի ուշ՝ միջազգային հարաբերություններ եւ բիզնես։
Իր կարիերայի բերումով Դավիթ Քարամյանը շատ է ճանապարհորդել, բայց հետաքրքիրն այն է, որ որքան շատ էր ճանապարհորդում, այնքան ավելի հստակ էր հասկանում, թե ինչն է հայկական մշակույթն այդքան առանձնահատուկ դարձնում:
Այսօր նա բնակվում է Օքլենդում (Կալիֆոռնիա), որտեղ նրա այժմյան կյանքը նվիրված է լուսանկարչությանը, գրելուն, հրատարակչական գործին եւ հայկական մշակույթի հանրահռչակմանը։
Տուն վերադարձի հետապնդող մղումը՝ վերջապես խաղաղված
Թեեւ Դավիթի երեւակայության մեջ Հայաստանն ապրում էր դեռ մանկությունից, նրա առաջին այցն իրականացավ միայն 2005 թվականին։ Կարիերա կառուցող եւ ընտանիք պահող մարդու առօրյա պարտականություններից զատ, կար եւս մեկ պատճառ, թե ինչու էր ճանապարհորդությունն անընդհատ հետաձգվում։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Ես վախենում էի։ Վախենում էի, որ այն Հայաստանը, որին կհանդիպեի, կարող էր նման չլինել նրան, որն այդքան տարի պահել էի իմ ներսում»։
Երկար տարիներ հայրենիք այցելել փափագելուց հետո պարզ դարձավ՝ վախենալու ոչ մի պատճառ չկար։ Դավիթ Քարամյանը բացահայտեց, որ իր սիրելի հայ հեղինակները երբեք չէին չափազանցրել Հայաստանը։ Ավելին, իրականությունը գերազանցում էր այն բնանկարների գեղեցկությանը, որը մանկուց դրոշմվել էր նրա երեւակայության մեջ։
«Մենք վայրէջք կատարեցինք ուշ եւ ուղեւորվեցինք դեպի Էջմիածին։ Հաջորդ առավոտը շարունակում է մնալ իմ կյանքի ամենաանմոռանալի պահերից մեկը։ Ես արթնացա արեւածագից առաջ եւ դուրս եկա երկրորդ հարկի պատշգամբ։ Հեռվում վեր էր խոյանում Արարատ լեռը։ Ներքեւում այգին լցված էր թռչունների դայլայլով։ Կես թաղամաս հեռավորությունից լսվում էր աքաղաղի կանչը։ Ամեն ինչ խաղաղ էր ու պարզ»,- հստակ նկարագրում է Դավիթը։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Հենց այդ պահին նա հիշել է իր ծնողներին, որոնք այդ ժամանակ արդեն կյանքից հեռացել էին, եւ պատկերացրել, որ նրանք նայում են իրեն ու ժպտում։
«Ես զգացի, որ վերջապես տուն եմ եկել»։
Ճամփորդություններ, լուսանկարչություն եւ ավելի մեծ գործի ծնունդ
Իր այցերի ընթացքում Դավիթը Հայաստանով մեկ շատ է ճամփորդել։ Տեսախցիկը միշտ նրա անբաժան ուղեկիցն էր:
«Ես հետաքրքրասեր ճամփորդ էի, որը սիրում էր լուսանկարչությունը, պատմությունը, ճարտարապետությունը եւ բնությունը։ Վանք այցելելիս ես չէի բավարարվում մի քանի լուսանկարով ու հեռանում: Փոխարենը կարող էի ժամեր շարունակ քայլել դրա շուրջ, ուսումնասիրել զարդաքանդակներն ու ճարտարապետական դետալները, լուսանկարել տարբեր անկյուններից, ապա ավելի հեռանալ՝ բնապատկերի հետ դրա կապը հասկանալու համար: Ես հավատացած եմ, որ հատկապես Հայաստանում հուշարձանն ու դրա միջավայրը միեւնույն պատմության մաս են կազմում»,- ասում է Դավիթը:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Ինչ-որ պահի, արդեն իսկ ունենալով իր այցելած վայրերի ընդարձակ վիզուալ վավերագրությունը, նա հասկացավ, որ մի տեսակ անջրպետ կա Հայաստանում իր ունեցած փորձառության եւ հրատարակված գրքերում տեղ գտածի միջեւ: Թեեւ կան ակադեմիական հիանալի նյութեր, նա չէր կարողանում գտնել որեւէ աշխատանք, որտեղ պատմական խորությունը կհամադրվեր վիզուալ պատմասացության հետ։
«2020 թվականի արցախյան պատերազմն այդ աբստրակտ գաղափարը դարձրեց հրատապ գործ։ Ես Արցախը լուսանկարել էի 2015-ին, եւ հանկարծ այդ նկարներն այլ իմաստ ստացան. դրանք այլեւս պարզապես ճամփորդական արձանագրումներ չէին, այլ վավերագրում մի ժառանգության, որի ապագան այլեւս երաշխավորված չէր»։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
2022 թվականին Դավիթ Քարամյանը հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Հայաստան՝ միայնակ քարը. դարեր ի վեր անհաղթելի» (Armenia – The Lone Stone: Invincible Through the Ages)։ Այն 358 էջանոց ալբոմ-գիրք է, որն ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանին՝ իր բնապատկերների, վանքերի, ճարտարապետության, մարդկանց եւ պատմության միջոցով։
«Լուսանկարներին զուգահեռ՝ ես ներառեցի նաեւ պատառիկներ հայկական գեղանկարչությունից, քանդակագործությունից, պոեզիայից եւ գրականությունից։ Մի քանի դեպքերում ընտրեցի պոեզիա, որը նաեւ երաժշտության էր վերածվել՝ կապ ստեղծելով գրված խոսքի, վիզուալ արվեստի եւ Հայաստանի երաժշտական ժառանգության միջեւ»,- բացատրում է նա՝ հավելելով, որ Հայաստանի ներկայացման միջմասնագիտական մոտեցումը միտումնավոր էր ընտրված, քանի որ ըստ նրա՝ Հայաստանը հնարավոր չէ հասկանալ միայն ճարտարապետության կամ միայն լուսանկարչության միջոցով։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Հայ նկարիչները, քանդակագործները, բանաստեղծները, կոմպոզիտորները, գրողները, արհեստավորները, բնապատկերներն ու հուշարձանները միեւնույն քաղաքակրթության փոխկապակցված դրսեւորումներն են»,- ասում է նա։
Երկրորդ հատորը՝ «Հայաստան՝ միայնակ քարը. ճամփորդի ուղեցույց»-ը, չնայած ստեղծվել է նույն արխիվային հիմքի վրա, բոլորովին այլ նպատակ ուներ։ Եթե առաջին գիրքն ավելի շատ Դավիթի՝ սեփական փորձով բացահայտած Հայաստանով կիսվելու մասին էր, ապա երկրորդ հատորն ուղեցույց էր ընթերցողների համար, որպեսզի նրանք ինքնուրույն բացահայտեն իրենց Հայաստանը:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Դավիթ Քարամյանի վերջին աշխատանքը՝ «Հավերժական Հայաստան: Նորատուսի խաչքարերը», նրա նախորդ գրքերի բնական շարունակությունն է։ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան ոչնչացումից հետո, Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը դարձավ պահպանվածներից ամենամեծը, նաեւ պահպանված խաչքարային համալիրներից ամենամեծը: Սա էր Դավիթի որոշման պատճառը Նորատուսի խաչքարերը ոչ թե թողնել որպես գրքի մեկ գլուխ, այլ ներկայացնել առանձին գրքով:
Հայոց հիշողության դաշտը
Դավիթ Քարամյանը շատ լավ է հիշում 2023 թվականի իր առաջին այցը Նորատուսի գերեզմանատուն։ Այս վայրի նկատմամբ նրա սկզբնական հետաքրքրությունն առաջացել էր ընդամենը մեկ խաչքարից, որը մինչ այդ տրամադրվել էր Փարիզի Լուվրի թանգարանին ու վերադարձվել։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Հայաստանում իմ այցելած ոչ մի այլ վայրում այդպիսի ուժգին հուզական արձագանք չէի ունեցել, ինչպիսին զգացի այնտեղ։ Միեւնույն ժամանակ ինձ անհանգստացնում էր այն, որ հայկական ժառանգության խտացմամբ նման արտասովոր վայրը զարմանալիորեն անտեսված էր եւ շատերին անհայտ: Գերեզմանատան հին հատվածում տեսա նաեւ հին քարերի արանքում արածող կովերի: Հետո տարեց կանայք հայտնվեցին, որոնք ասես տեղանքի պահապանները լինեին: Նրանցից մեկը Սիրանուշն էր։ Նա քաջածանոթ էր գերեզմանատանը եւ համբերատար բացատրում էր դրա ամենահայտնի խաչքարերի հետ կապված պատմությունները»,- վերհիշում է Դավիթ Քարամյանը։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Թեեւ նա Նորատուս էր գնացել Լուվր ճամփորդած խաչքարի հանդեպ հետաքրքրությունից, սակայն հեռացավ այնտեղից զգացումով, որ առերեսվել է շատ ավելի մեծ իրողության՝ բնապատկերում լուռ կանգնած հայոց հիշողության դաշտի:
«Ես գիտեի, որ պետք է վերադառնամ»։
Լուսանկարչական դաշտային աշխատանքները տեւեցին երեք տարի՝ 2023-ից 2025 թվականները: Դրանք ուղեկցվել ու նաեւ շարունակվել են հանգամանալից հետազոտությամբ:
Դաշտում աշխատելու ընթացքում լուսանկարիչը փնտրում էր որոշակի կոմպոզիցիա, քարերի միջեւ կապ, ճիշտ լուսավորություն, ճարտարապետական դետալներ կամ չշոշափվող մի բան, որը պատկերին ներկայության զգացողություն կտար:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Յուրաքանչյուր այցելություն տեւում էր մի քանի ժամ, եւ ամեն հաջորդ այցն ինձ ավելի խորն էր տանում։ Աստիճանաբար ես սկսեցի նկատել կապեր, դետալներ եւ վիզուալ օրինաչափություններ»,- ասում է նա։
Ամուր կանգնած՝ բաց երկնքի առջեւ
Նորատուսում այցելուների բավականին նոսր հոսքին հետեւելուց հետո Դավիթն ինքն իրեն հարցնում էր. ինչո՞ւ են հայերն այդքան մեծ ցանկությամբ ճամփորդում աշխարհով մեկ՝ հիանալու այլ քաղաքակրթությունների ժառանգությամբ, մինչդեռ երբեմն չեն էլ նկատում այն, ինչ հենց իրենց աչքի առաջ է:
Խաչքարագործության վարպետության կողքին խաչքարեր կերտողների համեստությունն է: Դավիթ Քարամյանին զարմացրել էր այն, որ դեպքերի մեծամասնությունում վարպետներն իրենց աշխատանքների վրա որեւէ տեսանելի ստորագրություն չեն թողել:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Բայց նրա համար, թերեւս, ամենամեծ բացահայտումը հոգեւոր դաշտում էր.
«Ես խիստ կրոնական դաստիարակություն չեմ ստացել, սակայն որքան շատ էի միայնակ մնում քարերի մեջ, այնքան ավելի հոգեւոր էր դառնում այդ փորձառությունը։ Ես սկսեցի հասկանալ, որ պարտադիր չէ կանգնած լինել եկեղեցու ներսում՝ հոգեւորը զգալու համար։ Երբեմն այն կարելի է գտնել բաց երկնքի տակ՝ շրջապատված այն քարերով, որոնք դարեր առաջ քանդակվել են մարդկանց կողմից, որոնց անուններն անհետացել են, բայց հավատը մնացել տեսանելի: Լինում էին նաեւ պահեր, երբ զգում էի կողքովս քայլող ծնողներիս ներկայությունը։ Ես Նորատուս էի գնացել քարերը հասկանալու նպատակով, բայց փոխարենը Նորատուսն ինձ սովորեցրեց ինքս իմ մասին»։
Խորհրդանիշները՝ որպես պատմասացներ
Երբ գրքի դաշտային աշխատանքներն ավարտվեցին, Դավիթն արդեն ուներ Նորատուսի խաչքարերի ու գերեզմանների հազարավոր լուսանկարներ։ Հաջորդ առաջադրանքը մի այնպիսի հավաքածուի ստեղծումն էր, որն ընթերցողին բնականորեն կուղեկցեր գերեզմանատան միջով՝ երբեմն հետքայլ անելով՝ տեսնելու քարերի ամբողջ դաշտը, իսկ երբեմն էլ մոտենալով մեկ առանձին խաչքարի եւ ուսումնասիրելով դրա ինքնատիպությունը։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Ես հստակ գիտեի, թե որտեղ պետք է ավարտվի այդ ճամփորդությունը: Ցանկանում էի, որ ընթերցողն անցնի քարի, պատմության, հավատի, սիմվոլիզմի, կորստի եւ հիշողության միջով, մինչեւ ճամփորդությունն աստիճանաբար դառնա անձնական»,- ասում է Դավիթն ու հավելում. «Վերջաբանը մորս մասին է»։
Նորատուսի խաչքարերի լուսանկարներն ուղեկցվում են բովանդակալից մակագրություններով՝ օգնելով դիտողին ավելի լավ հասկանալ, թե ինչին է նայում։ Հեղինակը նկատում է, որ մարդիկ հաճախ պարզապես նայում են խաչքարերին, բայց իրականում չեն տեսնում դրանք։ Այս փորագրված քարերից յուրաքանչյուրն արժանի է մանրակրկիտ դիտարկման, որն էլ ի վերջո կբացահայտի տվյալ խաչքարի պատմությունը։
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Խաչը, վարդյակները, որթատունկերը, միահյուսվող նախշերը, երկրաչափական ձեւերը, բուսական մոտիվները եւ այլ տարրեր մի յուրահատուկ բառապաշար են ձեւավորում: Գիտնականները կարող են դրանք ուսումնասիրել աստվածաբանության, արվեստի պատմության, հնագիտության եւ մշակութային ավանդույթների միջոցով: Բայց երբ այդ տարրերը միավորվում են մեկ կոնկրետ քարի վրա, դրանք ստեղծում են ավելի բարդ մի բան՝ վիզուալ պատմություն»:
Իր հետազոտության ընթացքում Դավիթ Քարամյանն ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ, համեմատել տեղեկությունները, քննել օրինաչափությունները եւ բացահայտել այնպիսի կապեր, որոնք պահանջում են հասանելիություն բազմաթիվ առանձին արխիվների: Հեղինակի տեքստերը դուրս են գալիս սովորական մակագրության շրջանակից. դրանք պատմականորեն հիմնավորված են ու միեւնույն ժամանակ պոետիկ։ Նա հույս ունի, որ ի վերջո, ընթերցողները կկարողանան ինքնուրույն կարդալ խաչքարերի կոմպոզիցիան։
Մի ճամփորդության ավարտը՝ հաջորդի սկիզբ
Գիրքն արդեն հասանելի է Amazon-ում, եւ առաջիկա ամիսներին դրա տարածումը կշարունակի ընդլայնվել։ Այն կկրկնի նախորդ գրքերի օրինակը, որոնք, Amazon-ից բացի, հասանելի են նաեւ հայկական մշակութային եւ կրթական տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Ապրիլ» գրատանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, Ամերիկայի հայկական թանգարանում, Հայ Ազգային Առաջնորդարանի (The Armenian Prelacy) կայքում, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR) կայքում եւ «Ալեք եւ Մարի Մանուկյան» (ԱՄՆ) թանգարանում ու գրադարանում, ինչպես նաեւ այլ վայրերում:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Մեկ պաշտոնական շնորհանդեսի փոխարեն Դավիթ Քարամյանը տարվա ընթացքում կկազմակերպի շնորհանդեսների շարք։
«Սեպտեմբերին Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում դոկտոր Արմեն Շաոմյանի հետ համագործակցությամբ տեղի կունենա «Հավերժական Հայաստան»-ի շնորհանդեսը՝ Կոմիտասին նվիրված համերգի համատեղ ծրագրով: Ինձ հատկապես դուր է գալիս հայկական մշակույթի այս երկու դրսեւորումների՝ խաչքարի վիզուալ լեզվի եւ Կոմիտասի կողմից պահպանված երաժշտական ժառանգության միավորումը: Հոկտեմբերին էլ Թեքեյան մշակութային միության հրավերով գիրքը կներկայացնեմ Լոս Անջելեսում։ Հաջորդող ամիսների համար մշակվում են լրացուցիչ ծրագրեր»,- ասում է Դավիթ Քարամյանը:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Թեեւ այս վերջին գիրքն ամփոփում է եռամյա ճամփորդությունը, Դավիթ Քարամյանը սա դիտարկում է ոչ թե որպես ավարտ, այլ ավելի շուտ՝ նոր գլխի սկիզբ։ Նրա հետագա աշխատանքների հետաքրքրության կենտրոնում հայրենիք-սփյուռք կապն է՝ ինչպես են հայերը պահպանել լեզուն, ավանդույթները, արվեստն ու ինքնությունը, եւ թե ինչպես են այդ ավանդույթները զարգացում ապրել տարբեր միջավայրերում։
«Առաջին գիրքը հիմնականում կենտրոնացած էր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վրա: Հաջորդը թեեւ կշարունակի ուսումնասիրել Հայաստանի ներսում գտնվող վայրերը՝ միաժամանակ կներկայացնի նաեւ հայոց պատմությունն ու մշակութային ժառանգությանը այսօրվա հանրապետության սահմաններից դուրս: Հայոց պատմությունը հնարավոր չէ հասկանալ բացառապես ժամանակակից քաղաքական սահմանների շրջանակում: Մեր պատմությունը ծավալվել է շատ ավելի մեծ աշխարհագրական տարածքում»,- համոզված է Դավիթ Քարամյանը։
Խաչքարերում մարմնավորված հավերժությունը
«Հավերժական Հայաստան» (Eternal Armenia) խորագիրը սերտորեն կապված է Դավիթ Քարամյանի առաջին գրքի վերնագրի հետ՝ «Միայնակ քարը․ դարեր ի վեր անհաղթելի»։ Դավիթի համար դրանք արտահայտում են նույն հիմնարար համոզմունքը. քանի դեռ վայրը, մարդը կամ մշակույթը հիշվում են, նրանք մնում են անպարտելի, մնում են հավերժական:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Ֆիզիկական իրերը կարող են անհետանալ։ Սահմանները փոխվում են: Հուշարձանները կարող են ոչնչացվել: Մարդիկ, որոնց մենք սիրում ենք, ի վերջո, հեռանում են: Անգամ քարը կարող է կոտրվել կամ ջնջվել։ Բայց հիշողությունն ունի հարատեւության այլ ձեւ։ Երբ ինչ-որ բան փոխանցվում է սերնդեսերունդ, երբ դրա պատմությունը պատմվում է, այդ լեզվով խոսում են, երաժշտությունը հնչում է, ապա այն շարունակում է ապրել: Այդ է ինձ համար Հայաստանի հավերժությունը»,- ասում է հեղինակը։
Հավերժության գաղափարը Դավիթի համար մարմնավորված է նաեւ խաչքարերում.
«Խաչքարերը կերտողներն ապրել են դարեր առաջ, մեծ մասամբ նրանց անուններն անհայտ են, սակայն մենք այսօր կանգնած ենք նրանց աշխատանքի առջեւ եւ զգում ենք նրանց ներկայությունը»,- բացատրում է նա:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Ցավոք, պատմությունը մեզ սովորեցրել է, որ հավերժության զգացումը, որը մենք ստանում ենք այդ նրբորեն քանդակված քարերից, ամենեւին էլ դրանց գոյատեւման երաշխիքը չէ։ Ջուղայում հազարավոր խաչքարեր, որոնք կանգուն էին դարեր շարունակ, միտումնավոր ոչնչացվեցին, վերածվեցին փշրանքների այնպես, որ ոչ ոք չկարողանա ճանաչել դրանք, եւ նետվեցին Արաքս գետը:
Ավելին, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պատմությունը կրկնվում Արցախում. հայկական հող՝ մնացած առանց հայերի, եւ հայկական հետքեր, որոնք ոչնչացվում են, մինչ մենք շարունակում ենք ապրել մեր կյանքով:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
«Մշակութային ժառանգությունը չի գոյատեւում զուտ այն պատճառով, որ հին է։ Ինչ-որ մեկը պետք է արժեւորի այն, պաշտպանի եւ շարունակի դրա իմաստի փոխանցումը»,- ասում է Դավիթ Քարամյանը։
Խաչքարերը մեզ հավերժության զգացում են տալիս. մարդուց ավելի վեր մի բանի զգացում, որը չի կարող չափվել ժամանակով եւ տարածությամբ: Բայց հարցը մնում է առկախված. ի՞նչ ենք մենք անում այդ զգացումը պահելու համար, արդյոք ունե՞նք բավականաչափ քաջություն՝ թույլ տալու, որ այն առաջնորդի մեզ:
Հիշողությունից անտարանջատ պատասխանատվությունը
Լուսանկարիչը համոզված է, որ Նորատուսը վեր է ազգության սահմաններից, քանի որ համամարդկային հարցեր է բարձրացնում. ի՞նչ ենք մենք ժառանգում մեզնից առաջ ապրածներից, ի՞նչ ենք պահպանում, ի՞նչ կմնա մեզնից եւ ո՞վ կհիշի:
Լուսանկարը` Դավիթ Քարամյանի անձնական արխիվից
Այս գիրքը միայն գեղեցիկ քարերով հիանալու կամ պարզապես Հայաստանի հնագույն քաղաքակրթության մասին իրազեկվածությունը բարձրացնելու մասին չէ: Այն ուղերձ է հիշողության կարեւորության եւ դրա հետ եկող պատասխանատվության մասին:
Դավիթ Քարամյանը հույս ունի, որ «Հավերժական Հայաստանը» կոգեւորի հայերին՝ հատկապես երիտասարդ սերունդներին ու Սփյուռքում ապրողներին, ոչ միայն հիանալ սեփական ժառանգությամբ ու հպարտանալ դրանով, այլեւ իրենց հարցեր տալ խորհրդանիշների իմաստի, դրանք քանդակող մարդկանց, պահպանվող հիշողության մասին եւ թե դրանց մինչ օրս գոյատեւելն ինչ պահանջ է դնում մեր առաջ:
«Ծնողներս հայրենիքի սերմն իմ մեջ ցանել են շատ ավելի վաղ, քան ես տեսա Հայաստանը։ Նրանք հիմա չկան, բայց այն, ինչ նրանք ինձ տվեցին, չի անհետացել։ Ծնողներս Հայաստանն ինձ են վստահել: Այս գրքերի միջոցով ես փորձում եմ այն փոխանցել հաջորդներին»։
Գայանե Ենոքյան
Leave a Reply