Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու

Written by

in

Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելուԳազի գինը ոչ միայն դոլարային է, այլև քաղաքական, և Հայաստանն այլևս մեկ խողովակից կախված չի լինելու, դիվերսիֆիկացիան տնտեսության բոլոր ճյուղերում է լինելու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Նա նշեց՝ գնի, գազի մատակարարման պայմանագրի փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց մենք ասել ենք, որ մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք հարևան 4 երկիր ունենք, և եթե 5-րդ երկիրն էլ մեզ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք»,- նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը քննարկումներ ունի տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ, հնարավորության դեպքում պատրաստ է և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից գազ գնել։

«Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք վերջնական հաստատելու Ադրբեջանի հետ, խաղաղություն և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, դեմարկացիան, դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում․․․»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությանը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *