Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Մարիաննա Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման վերաբերյալ։
Թեմային անդրադառնալով՝ Մարիաննա Ղահրամանյանը ասել է․ «…այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։ Կիսամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ անկումը կազմել է 12%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախորդ տարիների ցուցանիշներին, նշել է՝ Հայաստանի պատմության ընթացքում գյուղատնտեսության ոլորտում «տասնյակ անգամներով» արձանագրվել են 15% և ավելի անկումներ։
Քանի որ վարչապետը չի հստակեցրել, թե իր նշած՝ 15% և ավելի անկումները որ ժամանակահատվածի՝ տարեկան, կիսամյակային, թե եռամսյակային ցուցանիշներին են վերաբերում, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի վերջին 15 տարվա տվյալները բոլոր երեք կտրվածքներով՝ պարզելու, թե այդ ընթացքում ինչ չափի անկումներ են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում և քանի անգամ են դրանք հասել կամ մոտեցել 15%-ին։
Ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները
Վիճակագրական կոմիտեի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ վերջին 15 տարիներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել են ինչպես աճի, այնպես էլ անկման տարիներ, սակայն ցուցանիշները տարբերվում են՝ կախված դիտարկվող ժամանակահատվածից՝ տարի, կիսամյակ կամ առանձին եռամսյակ։
Տարեկան կտրվածքով ամենախոշոր անկումը դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 2018 թվականին, երբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 92,4%, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է շուրջ 7,6% անկում։
Առաջին կիսամյակների շարքում ամենախոշոր անկումն արձանագրվել է 2026 թվականին․ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 88.1%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ անկումը՝ 11.9%։
2026 թվականի 11.9% անկումից հետո առաջին կիսամյակների շարքում հաջորդ ամենախոշոր անկումները գրանցվել են 2019 թվականին՝ 7.4% և 2022 թվականին՝ 5.5%։
Այսպիսով, վերջին 15 տարվա տարեկան և առաջին կիսամյակների տվյալներում 15% և ավելի անկման որևէ դեպք չի արձանագրվել։ Տարեկան կտրվածքով ամենախոշոր անկումը եղել է 7,6%, իսկ առաջին կիսամյակների շարքում՝ 11.9%։
Առանձին եռամսյակներում տատանումներն ավելի մեծ են
Այլ պատկեր է ստացվում, երբ դիտարկում ենք ոչ թե ամբողջ տարվա կամ կիսամյակի, այլ առանձին եռամսյակների տվյալները։
Վերջին 15 տարիների ընթացքում արձանագրվել են ինչպես երկնիշ աճի, այնպես էլ զգալի անկման եռամսյակներ։ Օրինակ՝ 2011 թվականի երրորդ եռամսյակում գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 22.3%-ով։
Եռամսյակային կտրվածքով ուսումնասիրված ժամանակահատվածի ամենախոշոր անկումները գրանցվել են 2017 թվականի երրորդ և 2026 թվականի երկրորդ եռամսյակներում։ Երկու դեպքում էլ գյուղատնտեսության արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 85.1%, ինչը նշանակում է 14.9% անկում՝ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ։
Հաջորդ ամենախոշոր անկումները գրանցվել են 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ 13.2%, 2016 թվականի չորրորդ եռամսյակում՝ 11.6%։
Այսպիսով, Վիճակագրական կոմիտեի վերջին 15 տարվա տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում տարեկան և առաջին կիսամյակի կտրվածքով 15%-ի հասնող անկումներ չեն արձանագրվել։ Տարեկան ամենախոշոր անկումը կազմել է շուրջ 7,6%, իսկ առաջին կիսամյակների շարքում՝ 11.9%։
Եռամսյակային կտրվածքով 15%-ին մոտ անկում արձանագրվել է երկու անգամ՝ 2017 թվականի երրորդ և 2026 թվականի երկրորդ եռամսյակներում։ Երկու դեպքում էլ անկումը կազմել է 14.9%։
Հետևաբար, առնվազն վերջին 15 տարվա տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի նշած՝ 15% և ավելի անկումներ «տասնյակ անգամներով» չեն արձանագրվել։
Գայանե Մարկոսյան

Leave a Reply