2026 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային:
Նա, ով Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է «Ումբակի» քրեակատարողական համալիրում, իր ուղերձում նշում է, որ իրենց զրկում են ընտանիքի հետ կանոնավոր շփումից, բավարար ֆիզիկական վարժություններից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կառույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտօրեն Գեորգի Գոգիա այս առնչությամբ գրել, որ ընտանիքների հետ կալանավորների շփումն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է, որ Ժնևում տեղակայված կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորներին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ, ինչպես նաև գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Այնուամենայնիվ, այցելություններն այժմ ավելի քիչ կանոնավոր բնույթ են կրում։
«Ադրբեջանը պետք է ապահովի, որ բոլոր կալանավորները կարողանան կանոնավոր կապ պահպանել ընտանիքի հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն և հնարավորություն ունենալ ամենօրյա բավարար զբոսանքի՝ բացօթյա տարածքում։ Այն նաև պետք է թույլ տա Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր կերպով այցելել հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց», – գրել է Գոգիան։
Leave a Reply