Ես կանաչավուն աչքեր ունեմ, իսկ փոքր ժամանակ մազերս էլ ավելի բաց գույնի էին, երևի դրա համար մանկուց հաճախ էի լսում՝ «դու հայի նման չես»։ Թե կոնկրետ ինչպիսին պիտի լիներ «հայի նմանը»՝ չէի հասկանում, բայց մտածում էի՝ երևի արտաքինիս մեջ իսկապես ինչ-որ բան պակաս հայկական է։
Ինչքան մեծացա, այնքան ավելի հստակ հասկացա, որ ես ոչ միայն հայի նման եմ, այլև իմ մեջ կրում եմ հայկականության ամբողջ գունապնակը, որն իր մասին հիշեցնում է ոչ միայն այն ժամանակ, երբ մտածում եմ պատմության, կորստի կամ հայրենիքի մասին, այն երբեմն մտնում է ամենասովորական առօրյա իրավիճակների մեջ՝ հին իրերից դժվար բաժանվելու, անվերջ երկընտրանքներում հայտնվելու, անարդար վերաբերմունքին երբեմն նույնիսկ անհամաչափ սուր արձագանքելու ձևով։ Այդ արձագանքներից որոշները միայն իմ անձնական պատմության մասին չեն, դրանք սերունդներով փոխանցված կոլեկտիվ հիշողության ու կրկնվող վարքային օրինաչափությունների արտացոլումն են իմ փոքր մոլորակում։
Հասարակությունները նույնպես հիշողություն ունեն. մեր պապերից մեզ են փոխանցվում սոցիալական ցնցումներից ծնված պատգամները, հերոսի ու թշնամու արխետիպերը, այն ձևակերպումները, որոնցով բացատրում ենք մեզ հետ կատարվածը։ Փոխանցվում են նաև արձագանքելու ձևերը, այն թե ինչն ենք ընկալում որպես սպառնալիք, ինչի նկատմամբ ենք հատկապես զգայուն։ Հաճախ ասում են, որ պատմությունը պարուրաձև է զարգանում. գուցե այդ պարույրի պատճառներից մեկը հենց կոլեկտիվ հիշողությունն է։ Հասարակությունները նոր իրավիճակների մեջ են մտնում հին հիշողություններով և երբեմն նոր իրադարձությունների մեջ վերապրում արդեն ծանոթ պատմությունները։ Փոխվում են ժամանակները, դերակատարներն ու հանգամանքները, բայց պատմության ներքին կառուցվածքը կարող է զարմանալիորեն ծանոթ մնալ։
Մեր հասարակության մեջ, իմ զգացողությամբ, հատկապես խորն է դրոշմված արդարության պահանջը։
Բնականաբար, արդարության զգացողությունը միայն մեզ չէ հատուկ, չկա հասարակություն, որի համար արդար լինելը նշանակություն չունենա։ Այնուամենայնիվ, տարբեր մշակույթներում կան գերիշխող բառեր, որոնց միջոցով մարդիկ գնահատում ու բացատրում են իրականությունը։ Ամերիկյան հանրային խոսքում բազմաթիվ հարցեր ձևակերպվում են առաջին հերթին ազատության, անհատական ընտրության և հնարավորության լեզվով։ Ֆրանսիական քաղաքական մշակույթում կարծես կենտրոնական են հավասարության և հանրապետության արժեքները։ Որքան էլ կարծրատիպորեն հնչի՝ գերմանական հասարակական դիսկուրսում հաճախ առաջնային են կանոնը, պատասխանատվությունն ու ինստիտուտների աշխատանքը, իսկ հայկական հանրային խոսքում շատ տարբեր թեմաներ վերջում հանգում են մի պարզ հարցի՝ արդա՞ր էր սա, թե՞ ոչ։
Այդ մտածողության պարզ արտահայտություններից մեկը կա «Սասնա ծռերում», երբ Սասունցի Դավիթը ետ է բերում թալանված ունեցվածքը, մարդկանց զգուշացնում է․
«Ով որ մեկ կորեկ ավել վերցու՝
Կը զարկեմ՝ զգլուխ կը կտրեմ։
Ամեն իր տվա՛ծ թող վերցու»։
Հավանաբար պատահական չէ նաև, որ մեր ընկալումներում այդքան ամուր տեղ ունի «պատմական արդարություն» արտահայտությունը։ Արտաքին աշխարհից մենք երկար ժամանակ սպասել ենք ոչ միայն անվտանգություն կամ շահերի համընկնում, այլև մեր կրած կորուստների ճանաչում, զոհի ու մեղավորի հստակ տարբերակում, երբեմն էլ՝ թեկուզ ուշացած հատուցում։ Իրականում այս դիսկուրսը նույնպես միայն Հայաստանին հատուկ չէ։ Աշխարհի շատ երկրներում պատմական անարդարությունը քաղաքական ինքնության մաս է, իսկ երբեմն նաև՝ մանիպուլյացիայի միջոց, բայց այս սյունակը պատմական արդարության կամ դրա հնարավոր շահարկումների մասին չէ, այն մեր հասարակության ներսում արդարության նկատմամբ ձևավորված խոր զգայունության մասին է։
Հետաքրքիր է, որ 2017 թվականին «Բրեվիս» հետազոտական ընկերության իրականացրած «Դիտակետ» հետազոտության արդյունքներով՝ զորացրված զինծառայողները բանակում ավելի շատ դժգոհում էին ոչ թե սննդից կամ կենցաղային պայմաններից, այլ անարդարության զգացումից։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, և գուցե այդ հետազոտությունն ինչ-որ չափով արտացոլում էր նաև 2017 թվականի Հայաստանի հասարակական տրամադրությունները։
Մեր հանրային կյանքում որոշումներ կայացնող ցանկացած գործիչ, աշխարհաքաղաքական դերակատար և, գուցե, նույնիսկ յուրաքանչյուր գործարար պետք է հասկանա մեր հասարակության այս զգայունությունը։ Հայ հասարակությունը կարող է բազմաթիվ զրկանքների միջով անցնել, կարող է երկար դիմանալ դժվարություններին, հասկանալ, որ արդյունքը միանգամից չի լինելու, և նույնիսկ ընդունել ծանր որոշման անհրաժեշտությունը, բայց կա մի սահման, որը կարևոր է զգալ՝ մարդկանց արդարության զգացողությունը։ Եթե առաջանում է կանոնների անհամաչափության զգացում՝ հարցը դադարում է միայն նյութական լինելուց, այն դառնում է արժանապատվության հարց։
Մեր հասարակությունը շատ բանի կարող է դիմանալ, քանի դեռ հավատում է, որ դժվարությունն ընդհանուր է, բեռը՝ արդար բաշխված, իսկ կանոնը՝ նույնը բոլորի համար: Հենց այդ հավասարակշռությունը խախտվում է, «մեկ կորեկ ավելը» այլևս մանրուք չէ, այն դառնում է պատմական փորձով ձևավորված կարմիր գիծ։
Իսկ այդ գծից այն կողմ արդեն զայրույթն է։
Անժելա Կժդրյանը ԵՊՀ դասախոս է, ռազմավարական հաղորդակցության մասնագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Leave a Reply