Հայտարարություն` հարկային օրենսդրության փոփոխությունների մասին առաջարկությունների հավաքագրման վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը, նպատակ ունենալով ապահովել հարկային քաղաքականության մշակման համակարգված, թափանցիկ և կանխատեսելի գործընթաց, նախատեսում է հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները նախաձեռնել տարեկան մեկ միասնական փաթեթով՝ նախապես գույքագրելով առկա խնդիրները, հավաքագրելով առաջարկությունները և իրականացնելով դրանց անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ազդեցության գնահատումները։
Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ընթացքում մշակել, քննարկել և հանդես գալ հարկային օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։
«Հարկային համակարգի փոփոխությունների հայեցակարգում» (Հայեցակարգ) անդրադարձ է կատարվում հարկային քաղաքականության հասցեականությանը և արդյունավետությանը, հարկման համակարգերի պարզեցմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացմանը, համայնքների հարկային եկամուտներին, գույքի արժեքի հավելաճի հարկմանը, հաշվապահական և հարկային հաշվառման մոտարկմանը, միջազգային հարկային հարաբերություններին և հարկային վարչարարության կատարելագործմանը։
Կարևորելով պետական մարմինների, գործարար և մասնագիտական միավորումների, տնտեսավարողների, մասնագետների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը՝ խնդրում ենք ներկայացնել ինչպես Հայեցակարգով նախանշված ուղղություններին առնչվող, այնպես էլ հարկային օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրներ ու դրանց հնարավոր լուծումները։
Խնդրում ենք մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկությունները` դրանք ուղարկելով vladimir.aseyan@minfin.am էլ. հասցեին` cc դաշտում նշելով նաև press@minfin.am էլ. հասցեն։ Առաջարկությունները ցանկալի է ներկայացնել՝ լրացնելով կցված միասնական ձևաթերթը։ Յուրաքանչյուր խնդրի կամ առաջարկության համար ցանկալի է լրացնել առանձին ձևաթերթ։ Ողջունելի է վիճակագրական տվյալների, գործնական օրինակների, միջազգային փորձի ուսումնասիրությունների և ազդեցության գնահատականների ներկայացումը։
Լուծման պատրաստի տարբերակի կամ ամբողջական վերլուծական տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք հնարավորին չափով հստակ նկարագրել խնդիրը, դրա առաջացման հանգամանքները և ազդեցությունը։
Ստացված առաջարկությունները կգույքագրվեն և կդիտարկվեն՝ հաշվի առնելով Հայեցակարգի սկզբունքները, տնտեսական և բյուջետային ազդեցությունները, վարչարարության իրագործելիությունը և շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Առաջարկության ներկայացումը ինքնին չի նշանակում դրա ներառում օրենսդրական փաթեթում։ Նշված ժամկետից հետո ստացված առաջարկությունները կարող են դիտարկվել հետագա փուլերում։
Կից՝
Leave a Reply