Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Written by

in

Այժմ մենք ունենք երկկողմ առևտուր, ինչը երեք-չորս տարի առաջ պարզապես անհնար էր պատկերացնել։ Այժմ մենք որոշ ապրանքներ ենք գնում Ադրբեջանից։ Վիսբադենում Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանելով լրագրողի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանն էլ իր հերթին որոշ ապրանքներ է ներմուծում Հայաստանից։ Իսկ Ադրբեջանի երկաթուղին 2025 թվականի նոյեմբերից բաց է Հայաստանի համար՝ արտահանման և ներմուծման նպատակով։

Եվ այժմ մենք ունենք երկխոսություն։ Մենք ներգրավված ենք երկխոսության մեջ, ինչը շատ կարևոր է։ Մենք նաև համագործակցում ենք։ Իհարկե, դա չի նշանակում, որ տարբեր ոլորտներում այլևս հակասություններ չկան։

Բայց բոլոր հակասություններին անդրադառնալու ճանապարհը երկխոսությունն է, և այդ երկխոսությունն արդեն կա։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում՝ հակասությունները հետզհետե նվազեցնելու համար։

Գիտեք, խաղաղության հասնելը հեշտ չէ։ Բայց դա արժանի առաքելություն է, որովհետև խաղաղության զգացողությունը բոլորովին այլ է, և այն իսկապես զգալի փոփոխություն է։

Եվ, իհարկե, խաղաղությունն այն քաղաքական նպատակն է, որի համար իսկապես արժե ջանքեր գործադրել։ Սա շատ կարևոր է ընդգծել։

Եվ շատ կարևոր է խաղաղությունը ինքնըստինքյան տրված բան չհամարել։ Որովհետև եթե խաղաղության մասին հոգ չտանենք, այն կարող է վնասվել և, ի վերջո, վերանալ։ Ուստի մենք պետք է ամեն օր աշխատենք խաղաղության պահպանման ուղղությամբ։

Սա է մեր մոտեցումը։ Եվ, ի դեպ, սա այն առաջին գաղափարներից մեկն էր, որը ես կիսեցի Հայաստանի քաղաքացիների հետ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո՝ դիմելով մեր ժողովրդին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի առիթով։

Մենք պետք է հոգ տանենք խաղաղության մասին և ամեն օր աշխատենք դրա պահպանման ու ամրապնդման ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *