Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:
Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանի եւս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում, իր ուղերձում թվարկել է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։
Նա հղում է կատարել Պատիժների կատարման օրենսգրքին եւ դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին, որն այս տարվա ապրիլին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տրամադրել է բանտարկյալներին։ Վարդանյանը ընդգծել է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից եւ քաղաքացիությունից։
Նրա բարձրացրած խնդիրների թվում են՝ բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը եւ տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությունը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձեւակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաեւ դիմումներին եւ բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը։
Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարեւոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։ Նա նշել է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու եւ հեռախոսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։
Վարդանյանը հիշեցրել է նաեւ կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մոտ հազար նամակ, ծանրոցներ եւ անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։
Ռուբեն Վարդանյանն առաջարկել է Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել բանտարկյալների հետ եւ հետեւել իրենց իսկ օրենքներին. «Կարեւոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետեւեք ձեր իսկ օրենքներին»:
Leave a Reply