ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «Ազատությունը»։
«Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել։
«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», – ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։
Խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։
«Սա իսկապես շատ կարևոր է, բայց մենք չենք առաջարկում միայն առևտրային հնարավորություններ, մենք նաև աջակցում ենք հայկական բիզնեսի զարգացմանը, այդ թվում այստեղ Լոռիում։ Կան մի շարք բիզնեսներ, որոնք օգտվել են ԵՄ աջակցությունից և նույնը վերաբերում է ամբողջ երկրին։ Այնպես որ մենք հիմա աշխատում ենք համոզվելու համար, որ այս ամենն էլ ավելի մեծ օգուտներ կբերի հայ ժողովրդին, հայկական բիզնեսին, Հայաստանի տեղական զարգացմանը և սա առաջ է ընթանում»,–ասել է նա։
Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ. «Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։
Leave a Reply