Գերմանիան ու Եվրամիությունը չպետք է Հայաստանին Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ կանգնեցնեն․ «Известия»-ի հետ զրույցում նշել է Բունդեսթագի անդամ Մաթիաս Մոոսդորֆը։
«Բունդեսթագի անդամները, իհարկե, բարձրացնում են հնարավոր հանրաքվեի հարցը։ Սակայն վճռորոշ գործոնն այն է, որ նման որոշումը միայն հայ ժողովրդինն է», – նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ անվտանգ կենսաչափական անձնագրերի ներդրումը, սահմանային արդյունավետ վերահսկողությունը և կոռուպցիայի դեմ իրական պայքարը Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի վերացման հաստատման հիմնական պայմաններն են։ Մոոսդորֆը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ էական քայլեր է ձեռնարկել այս ոլորտներում, այդ թվում՝ միգրացիոն համակարգի բարեփոխման հարցում։
«Եթե այս բարեփոխումներն իրականացվեն գործնականում և մշտական հիմունքներով, ես վիզայի ազատականացումը կհամարեմ արդարացված։ Սա իրական օգուտներ կբերի մարդկանց և շատ ավելի իմաստալից կլինի, քան պարզապես խորհրդանշական աշխարհաքաղաքական հայտարարությունները», – նշել է Մոոսդորֆը։
Նա հավելել է, որ Հայաստանն ավելի մեծ առաջընթաց է գրանցել եվրոպական տնտեսական և առևտրային նորմերի հարմարեցման գործում, քան հաճախ ընկալվում է Գերմանիայում։
«Գործընկերության համաձայնագիրը (CEPA) արդեն իսկ ստեղծում է համապարփակ շրջանակ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մրցակցությունը, պետական գնումները, ապրանքների անվտանգությունը, մաքսային վարչարարությունը և իրավական որոշակիությունը», – նշել է նա։
Միևնույն ժամանակ, Մոոսդորֆը հավելել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին լիարժեք ինտեգրվելու պատրաստվածության մասին խոսելն այս փուլում դեռևս անիրատեսական է։
«Անհրաժեշտ է հետագա հարմարեցում՝ մասնավորապես օրենքների միանման կիրառման, պետական մարմինների և դատական համակարգի անկախության և կանխատեսելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև տեխնիկական և սանիտարական առևտրային չափորոշիչների պահպանման հարցերում։ Ավելին, պետք է հաշվի առնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը», – նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ մերձեցման գործընթացը պետք է լինի գործնական և աստիճանական։
«Դա չպետք է հանգեցնի Հայաստանի՝ արդեն իսկ հաստատված տնտեսական կապերի քաղաքական ոչնչացմանը», – եզրափակել է նա։
Leave a Reply