ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Արևմուտքը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում է միջամտել Հայաստանի և Վրաստանի քաղաքական գործընթացներին։
«Արևմտամետ ուժերը բացահայտ և աննախադեպ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,– ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ պետությունների միջև տարաձայնությունները, որպես կանոն, կարող են լուծվել, իսկ հակասությունների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե ում կարող է ձեռնտու լինել հարևան ժողովուրդների և պետությունների միջև լարվածության խորացումը։
Շոյգուն պնդել է, որ նման գործընթացների հետևում, իր գնահատմամբ, կանգնած են արևմտյան ուժեր, որոնք շահագրգռված են պահպանել վերահսկողությունը տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ու բնական ռեսուրսների նկատմամբ։
Այս համատեքստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը։ Ըստ Շոյգուի՝ Պապուաշվիլին նշել էր, որ Ռուսաստանի հետ էսկալացիան կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ՝ Վրաստանի։
Leave a Reply