Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ հեռացնելով պետության հետ հաշտություն կնքելու հնարավորություն նախատեսող դրույթները։ 

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին․ դրա 19-րդ հոդվածը սահմանում է վարույթում ներգրավված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացու և պետության միջև հաշտության պայմանները։ Այդպիսով, օրենքը թույլ է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտել հաշտության համաձայնությամբ, որով պետությանը փոխանցվող գույքի կամ գումարի չափը չի կարող պակաս լինել ուսումնասիրության եզրակացությամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75%-ից։ 

«Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա՛ այլևս 25 տոկոս։ Առհասարակ։ Չպիտի՛ լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի (Օրենքն ընդունվել է 2020 թվականին, հետևաբար Փաշինյանի նշած ութ տարին չի կարող վերաբերել հաշտության այս մեխանիզմի գործողության ժամանակահատվածին։ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ օրենքի ընդունումից անցել է շուրջ վեց տարի-խմբ․) չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100 տոկոսը պետք է վերադարձվի։ Այո, առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի»,— հայտարարել է Փաշինյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել հարցմամբ՝ պարզելու, թե քանի՞ անձ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում հաշտություն կնքել պետության հետ։ 

11 անձ հաշտվել է, վերադարձվել է 5,5 միլիարդ դրամ

Այսպես, FIP.am-ին Դատախազությունից հայտնել են, որ օրենքի ընդունումից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 11-ը օրենքի շրջանակում պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ։ 

Այս շրջանակում վերադարձվել է մոտ 5,552 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ 

FIP.am-ը դատախազությունից խնդրել էր նաև այդ անձանց ցանկը, սակայն պետական այս մարմնից այն չեն տրամադրել, հետևաբար ստորև բերված՝ հաշտություն կնքածների ցանկը հիմնված է բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա։ 

Պետության հետ հաշտություն կնքածների թվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը․ նա 2023 թվականին «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը․ Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվել է դատարանի կողմից։ 

Համաձայն բաց աղբյուրների՝ հաշտության օրենսդրական հնարավորությունից է օգտվել նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որը պետությանն է վերադարձրել 200 միլիոն դրամ։ 

Հաշտություն է կնքվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյա Գևորգ Հակոբյանի հետ, որի շրջանակում նա պետությանն է վերադարձրել 50 միլիոն դրամի տրանսպորտային միջոց և ընկերություն։ 

Պետության հետ հաշտություն է կնքել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը․ նա պետությանն է վերադարձրել Դիլիջանում գտնվող մանկապարտեզի շենքը, որը մոտ 20 տարի առաջ անհատույց կերպով նրա ղեկավարած հիմնադրամին էր փոխանցվել։ 

Նշենք, որ համաձայն Դատախազության տվյալների՝ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, օրենքի գործողության 6 տարիների ընթացքում դատարաններում քննվում է ընդհանուր թվով 166 հայց, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է:  

Իսկ ահա հաշտության համաձայնությունների շրջանակում պետությանը վերադարձված 5,552 միլիարդ դրամը թվային առումով այդ գումարի շուրջ 1%-ին է համարժեք։ 

Այսպիսով, 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ, իսկ պետությանը վերադարձվել է 5,552 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ, ինչը թույլ չի տալիս եզրակացնել՝ արդյունավետ է կիրառվե՞լ հաշտության մեխանիզմը, թե՞ ոչ։

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *