ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ է քվեարկել Իրանում պատերազմի դադարեցման օգտին՝ հաստատելով բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է շարունակել պատերազմն Իրանում առանց Կոնգրեսի համաձայնության, տեղեկացնում է The Guardian-ը:
Բանաձևին, որն ստացել է 220 «կողմ» և 204 «դեմ» քվե, աջակցել են Ներկայացուցիչների պալատի յոթ հանրապետականներ, որոնցից երեքն առաջին անգամ կողմ են քվեարկել: Նախորդ անգամ ևս բանաձևին մի քանի հանրապետականներ էին միացել և քվեարկել հակամարտությանը վերջ դնելու օգտին։
Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվեց Պենտագոնի զեկույցը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է առնվազն 38 միլիարդ դոլար, հակամարտության հետևանքով ԱՄՆ-ն սպառազինության պաշարների պակաս ունի, որի վերականգնման համար կարող է պահանջվել հինգ տարի։
Օրենքի ուժ ունենալու համար բանաձևը պետք է հավանության արժանանա նաև Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի կողմից, ապա նոր ներկայացվի նախագահի ստորագրմանը:
Նախորդ բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահի սեղանին, որոնց վրա Թրամփը գրեթե անկասկած վետո կդնի, գրում է The Guardian՝ հավելելով, որ սա, հավանաբար, Իրանի պատերազմի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում վերջին քվեարկությունն է միջանկյալ ընտրություններից առաջ:
Leave a Reply