Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15–ից 16-ը այց կկատարի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, Ֆիդանը ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ կվարի երկկողմ եւ ընդլայնված ձեւաչափերով, կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Ակնկալվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Կողմերը կքննարկեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության զարգացումը, երկկողմ ապրանքաշրջանառությունը մինչեւ 15 մլրդ դոլար հասցնելու երկու երկրների առաջնորդների կողմից սահմանված նպատակին հասնելու քայլերը, համատեղ ծրագրերը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում ։
Նախատեսվում է քննարկել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, անվտանգության եւ ռազմական ոլորտներում, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում։
«Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կշեշտադրի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը եւ կհաստատի Անկարայի աջակցությունը կողմերի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման», – նշում է Անատոլիական գործակալությունը։
Leave a Reply