Ռուսական սահմանափակումներից երեք ամիս անց․ ձկնամթերքի շուկայում գրեթե 9 անգամ անկում է գրանցվել

Written by

in

2026 թվականի հունիսի սկզբին Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի ձկան և ձկնամթերքի ներմուծումը։ Հունիսի 2-ից ռուսական կողմը պահանջեց կասեցնել հայկական ընկերությունների մեծ մասի արտադրանքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ժամանակավորապես բացառելով ստուգում անցած երկու ընկերությունների։ Հունիսի 19-ից սահմանափակումները տարածվեցին նաև «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերությունների վրա, ինչի հետևանքով Ռուսաստան արտահանման  հնարավորությունից զրկվեցին  հայաստանյան բոլոր  ձկնարտադրողները։

Ռուսական շուկայի սահմանափակումը լուրջ ազդեցություն ունեցավ հայ ձկնարտադրողների վրա, քանի որ Հայաստանի ձկան արտահանման կառուցվածքը մինչ այդ չափազանց կենտրոնացած էր այդ ուղղության վրա։

«Փաստերի ստուգման հարթակը» ռուսական սահմանափակումներից շուրջ երեք ամիս անց ուսումնասիրել է՝  ինչպես է փոխվել ձկան արտահանման պատկերը, ինչ այլընտրանքային շուկաներ են դիտարկվել և ինչ աջակցության մեխանիզմներ է կիրառել կառավարությունը։ 

Մինչ սահմանափակումները ձկան արտահանման գրեթե 89%-ն ուղղվում էր Ռուսաստան 

Արտաքին առևտրի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 4․028 տոննա ձուկ և ձկնամթերք՝ 26.6 մլն դոլար արժեքով։ Դրանից 3․268.7 տոննան՝ 25.83 մլն դոլար արժեքով, արտահանվել է Ռուսաստան։

Այսինքն՝ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման մոտ 81.2%-ը՝ քանակով և 97.2%-ը՝ արժեքով։

2026 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր արտահանումը հասել է 4․224 տոննայի՝ 30.12 մլն դոլար արժեքով։ Ռուսաստանին բաժին է ընկել արդեն 3․755.5 տոննա՝ 29.21 մլն դոլար արժեքով։ Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը հասել է մոտ 89%-ի՝ քանակով և 97.0%-ի՝ արժեքով։

2026-ի առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման քանակը, 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 4.9%-ով։ Միաժամանակ Ռուսաստանի ուղղությամբ արտահանման քանակն աճել է գրեթե 15%-ով։

Ձկնամթերքի արտահանման ցուցանիշները՝ 2025-2026թթ, 1-ին կիսամյակ

Առաջին կիսամյակի ցուցանիշների մեծ մասը ձևավորվել է մինչև հունիսյան սահմանափակումների ամբողջական ազդեցությունը։ Հետևաբար դրանք դեռ չեն ցույց տալիս սահմանափակումներից հետո ձևավորված նոր կառուցվածքը։ Փոխարենը արտացոլում են, թե որքան մեծ էր կախվածությունը ռուսական շուկայից մինչ սահմանափակումները։

Սահմանափակումների պայմաններում արտահանման ծավալը կտրուկ նվազել է

Հայաստանի վիճակագրական կոմիետի  ամսական տվյալները հնարավորություն են տալիս համեմատել ռուսական սահմանափակումների կիրառման ժամանակահատվածում ձկան և ձկնամթերքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամիսների հետ։

Ձկան և ձկնամթերքի արտահանումը 2026 թվականի հունիս–հուլիսին կազմել է շուրջ 165 տոննա, մինչդեռ 2025-ի նույն ամիսներին՝ 1,437 տոննա։ Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է մոտ 88.5%-ով։

Ձկան և ձկնամթերքի արտահանումը 2025–2026 թթ. հունիս–հուլիս ամիսներին

Անկումը հատկապես կտրուկ է եղել թարմ կամ պաղեցված ձկան դեպքում․ 2025-ի հունիս–հուլիսի շուրջ 880 տոննայի դիմաց 2026-ի նույն ամիսներին արտահանվել է ընդամենը 3.2 տոննա՝ մոտ 99.6%-ով պակաս։ Սառեցված ձկան արտահանումը շուրջ 410 տոննայից նվազել է մինչև 15 տոննա՝ մոտ 96.3%-ով։

Միաժամանակ կենդանի ձկան արտահանումն աճել է 18.7-ից մինչև 28.8 տոննա, իսկ չորացրած, ծխեցված կամ աղած ձկան արտահանումը՝ 125.1 տոննայից նվազել մինչև 118.1 տոննա։ Սակայն այս ծավալները չեն փոխել ընդհանուր պատկերը․ ձկնամթերքի համակցված արտահանումը մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե 9 անգամ։

Կառավարությունը սահմանափակումներից հետո սկսեց սուբսիդավորել նաև ձկան արտահանումը

Հունիսի 11-ին կառավարությունը հաստատեց արտահանման աջակցության ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պայմաններում արտահանումը դեպի այլ շուկաներ խթանելն էր։ Սկզբնական փուլում ծրագիրը վերաբերում էր այլ ապրանքատեսակների, սակայն հուլիսի 2-ին աջակցության ծրագրում ներառվեցին նաև իշխանն ու թառափը։

Իշխանի արտահանման համար սահմանվեց 820 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց, իսկ թառափի համար՝ 1,350 դրամ/կգ։

Հուլիսի 30-ին կառավարությունը որոշեց շարունակել ձկան արտահանման աջակցությունը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ հունիսին արտահանվել է ընդամենը 6.3 տոննա թառափ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած կանխատեսման համաձայն ակնկալվում էր, որ օգոստոսին կարտահանվի շուրջ 140 տոննա թառափ ու իշխան։

Այս անգամ ևս կառավարությունը այս ձկնատեսակների արտահանման համար պահպանել էր աջակցության գումարի նույն չափը։ 

Արտահանման աջակցության ծրագիրը հետագայում ևս երկարաձգվեց․ սեպտեմբերի 3-ի որոշմամբ ձկան արտահանման աջակցության վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերի 1-ը։ Իշխանի և թառափի համար փոխհատուցման չափերը մնացին անփոփոխ։ 

Կանխատեսված և փաստացի արտահանման ծավալները

Ձկան արտահանման աջակցության ծրագիրը գործարկելիս կառավարությունը հուլիսի և օգոստոսի համար կանխատեսում էր յուրաքանչյուր ամիս շուրջ 140 տոննա իշխան և թառափի արտահանում։ Այսպիսով, երկու ամիսների համար ներկայացված կանխատեսումները միասին կազմում էին շուրջ 280 տոննա։

Սեպտեմբերի 3-ին, ծրագիրը ևս մեկ ամսով երկարաձգելիս, կառավարությունը ներկայացրեց նաև փաստացի ցուցանիշը․ ՊԵԿ օպերատիվ տվյալներով՝ 2026 թվականի հունիս–օգոստոս ամիսներին արտահանվել է ընդհանուր 153 տոննա իշխան և թառափ՝ 73 տոննա թառափ և 80 տոննա իշխան։

Այս տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ ավելի երկար՝ հունիս–օգոստոս երեքամսյա ժամանակահատվածում փաստացի արտահանման ծավալը՝ 153 տոննա, փոքր է եղել միայն հուլիս–օգոստոսի համար ներկայացված 280 տոննա ընդհանուր կանխատեսումից։ 

Ռուսական շուկային այլընտրանք․ ի՞նչ է փոխվել ԵՄ և ԱՄԷ ուղղություններով

Հուլիսին կառավարությունը նաև հաստատեց Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողների՝ TRACES համակարգում գրանցման և առողջության սերտիֆիկատ ստանալու ընթացակարգը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ դրանով ստեղծվում է ԵՄ շուկա արտահանման գործնական հնարավորություն։

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հուլիսի 17-ին հայտնել էր, որ մեկ ընկերություն արդեն պաշտոնապես դիմել է ԵՄ արտահանման գործընթաց սկսելու համար, իսկ ոլորտում հետաքրքրությունն ավելի լայն է։ Ըստ նրա՝ համապատասխանության պահանջները բավարարելու դեպքում ԵՄ արտահանում իրականացնել ցանկացող ընկերությունը TRACES-ում ստանում է նույնականացման կոդ, որից հետո կարող է արտահանել ԵՄ անդամ երկրներ։

Կառավարության և ՍԱՏՄ-ի հրապարակած այս տեղեկությունները վերաբերում են ԵՄ արտահանման ընթացակարգի գործարկմանը և ընկերությունների համար այդ հնարավորության ստեղծմանը, մինչդեռ հրապարակային աղբյուրներում Հայաստանից ԵՄ որևէ երկիր ձկան կամ ձկնամթերքի փաստացի արտահանման մասին տվյալներ դեռ չկան։

Սեպտեմբերի 2-ին ՍԱՏՄ-ն հայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք։ ԱՄԷ ուղղությունը, սակայն, նոր չէ․ Հայաստանից այդ երկիր նախկինում ևս ձուկ և ձկնամթերք է արտահանվել, բայց անհամեմատ փոքր ծավալներով։ Օրինակ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալներով ԱՄԷ էր արտահանվել մոտ 6.9 տոննա ձուկ և ձկնամթերք։

Այսպիսով, ռուսական սահմանափակումներից հետո հայկական ձկան արտահանումը կտրուկ նվազել է, մինչդեռ մինչ այդ այն մեծապես կախված էր ռուսական շուկայից։ Կառավարության աջակցության ծրագրերն ու ԵՄ շուկա մուտքի մեխանիզմը այլընտրանքային արտահանման հնարավորություններ են ստեղծել, սակայն առկա տվյալները դեռ չեն վկայում արտահանման կառուցվածքի էական փոփոխության կամ ռուսական շուկայից կախվածության նկատելի նվազման մասին։

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *