Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

Written by

in

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել ենք վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և ընդգծել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը, գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Հայաստանը վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ համագործակցությունը խորապես շահավետ է երկու երկրների տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար։

Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանը, նախնական տվյալների փոխանակման համակարգի հնարավորինս վաղ գործարկմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքները։

Արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի արագացման նպատակով ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը։

Համաձայնություն ենք ձեռք բերել նաև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Շրջայցով եղել ենք նաև Նուրդուզի անցման կետում՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *