«Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է, և չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին»․ Արամ Համբարյան

Written by

in





«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսանկարվելու համար արված ժպիտ։ Ոչ մի ժպտուն գրառում սոցիալական ցանցերում։ Այս ամենը միտված է պառակտմանը, նվաստացմանը, կործանմանը։ Միտված է ծաղրելու հենց այն հավատքը, որը մեզ զորավիգ է եղել հազարամյակներ շարունակ․․․

Մենք պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է (Մատթեոս 22․21), և երբեք չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին։ Մենք երբեք չպետք է զոհաբերենք Աստծուն պատկանողը Կայսրի խորանի առջև։ Հայ հավատացյալների համար սա պետք է լինի խիստ անանցանելի սահմանագիծ, հստակ բարոյական սահման, որը մենք չենք հատելու»,-այս մասին գրում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջն ու ներկայացնում Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրենն Արամ Համբարյանի ծավալուն հոդվածը՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանության արշավին, որը Yerkir.am-ը թարգմանաբար ներկայացնում է ստորև․

«Մինչ Փաշինյանը հետևողականորեն հալածում է Հայ Առաքելական եկեղեցին՝ ծաղրելով մեր հավատքը և նվաստացնելով հավատացյալներին, նա միևնույն ժամանակ ցինիկաբար հոգևոր առաջնորդների նկատմամբ իր ոտնձգությունները որպես բեմական միջոց է օգտագործում՝ իր տեսանկարահանումների, ինքնագովազդի և սոցիալական ցանցերում հրապարակումների համար։

Հոգևոր առաջնորդի յուրաքանչյուր նոր ձերբակալությանը կամ եկեղեցական գույքի բռնագրավմանը հաջորդում է ևս մեկ անամոթ փորձ՝ ցույց տալու, թե իբր նա գործում է Եկեղեցու օրհնությամբ։ Մի կառավարություն, որը գիշերը բանտարկում է եպիսկոպոսներին, իսկ ցերեկը լուսանկարվում նրանց կողքին, հիշեցնում է հենց այն մասին, ինչի դեմ նախազգուշացրել էր Քրիստոսը՝ «ծեփած գերեզմաններ», որոնք դրսից գեղեցիկ են, բայց ներսից լի են ապականությամբ (Մատթեոս 23:27) «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած (ծեփած) գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ»։

Հայ եկեղեցու առաջնորդներին մեր հնագույն հավատքի նվաստացման գործընթացի մեջ ներքաշելու Փաշինյանի փորձերին պետք է հակադարձել ուժով և համերաշխությամբ՝ հոգևորականների և աշխարհականների միասնությամբ՝ ի պաշտպանություն առաքելական հաջորդականության մեր սրբազան ժառանգության և աշխարհի առաջին քրիստոնյա ազգի Եկեղեցու հոգևոր ինքնիշխանության։

Ինչպես Հիսուսը քարոզեց Լեռան քարոզում. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ… Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային», այնպես էլ հայ հոգևոր առաջնորդները չեն կարող ծառայել և՛ Քրիստոսին, և՛ Հայաստանի՝ գնալով ավելի հակաեկեղեցական դարձող իշխանություններին։ Նրանք պետք է հետևեն իրենց բարձրագույն կոչմանը։

Ուժ առնելով մեր նախնիներից՝ Գրիգոր Լուսավորչից ու Մեսրոպ Մաշտոցից մինչև Խրիմյան Հայրիկն ու Կոմիտասը, մեր յուրաքանչյուր հավատացյալ՝ արքեպիսկոպոսից մինչև սպասավոր, պետք է ոտքի կանգնի միասնաբար՝ ինչպես դա արել են մեզ նախորդած բոլոր սերունդները, երբ մեր հավատքը վտանգի տակ էր։

Մենք տեսել ենք այդ քաջության օրինակները նույնիսկ այսօր՝ Փաշինյանի կողմից հալածվող, հետապնդվող և բանտարկված եկեղեցական առաջնորդների տոկունության մեջ։ Այդ քաջ անհատները կամովին զոհողության են գնացել հանուն Քրիստոսի հանդեպ իրենց հավատարմության՝ սեփական ազատության գնով»:



դիտվել է 178 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *