Պատասխանի չսպասող «Հե՜յ»-ն ու ծովի չփշրվող հայելին

Written by

in

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Հովիկ Աֆյանի «Հեյ՜» վեպը։  
«Եվ աչքերի մեջ մտնելու հավակնություն ունի այս պատմությունը։ Ու դուրս չգալու»,- ասվում է գրքի սեղմագրում։ «Հե՜յը»  բաղկացած է երեք գլխից՝ «Հայրը», «Որդին», «Եվ Ջրահարսը»։ 
Մեդիամաքսը զրուցել է Հովիկ Աֆյանի հետ։
 – «Հե՜յ»-ում հստակեցված չէ ժամանակը, չկան տեղանուններ, անուններ, բայց, միևնույն է, մեր ընթերցողն այստեղ փնտրելու է ինքն իրեն ու իր ժամանակը։
– Ու դա հրաշալի է: Նկատի ունեմ՝ այդ փնտրելը: Իսկ եթե փնտրելուց բացի մե՛ր ընթերցողը, իտալացի՛ ընթերցողը կամ ամեն ինչ կարդացող ընթերցողը նաև գտնի՛ ինքն իրեն ու իր ժամանակը, առհասարակ, ես երջանիկ կլինեմ: Մյուս կողմից՝ ես չեմ սիրում ժամանակը: Երևի դրա համար եմ մոռանում նրա մասին՝ գրելիս: Չեմ սիրում ոչ թե որովհետև ինձ կամ պատմությունս ժամանակից վեր եմ դասում, այլ քանի որ ես չեմ սիրում երևույթներ, որոնց ընթացքը ես չեմ որոշում: Չեմ հանձնվում, իհարկե նրանց չեմ հանձնվում, քանի որ առհասարակ չեմ հանձնվում, ուղղակի իմ ու ժամանակի հարաբերությունները… Չգիտեմ, երկուսս էլ գիտենք միմյանց մասին, ես նրան հանդուրժում եմ, հուսամ՝ նա էլ ինձ: 
– Գրքում պատկերները և՛ պարզորոշ են, և՛ վերացական։ Ընթերցողը տարբեր հեռավորություններից ու տարբեր անկյուններից նայելու խնդի՞ր ունի։
– Գրքո՞ւմ… Իմ խորին համոզմամբ՝ պատկերները և՛ պարզորոշ, և՛ վերացական են կյանքո՛ւմ: Հենց այն կյանքում, որը մենք ենք ապրում, որտեղ արևածագեր ու մայրամուտներ են լինում, որտեղ երկու հոգի նայում են հեռու միևնույն կետին ու նրանցից մեկը եկող է տեսնում, մյուսը՝ հեռացող: Ընդ որում, երկուսն էլ պնդում են, որ հենց իրենք են ճիշտ: Բնավ չեմ ուզել արհեստական միջավայր ստեղծել՝ պարզորոշ կերպարներին վերացականություն հաղորդելով, կամ հակառակը՝ վերացականներին՝ պարզորոշություն: Համոզված եմ, որ նույնիսկ առավոտյան սուրճը, որ խմում ենք, փաստ չէ, որ պարզորոշ է: 
– «Հե՜յ»-ը սեփական ձայնի արձագա՞նքն է լսում, թե՞ պատասխանի է սպասում։
– «Հե՜յ»-ը փնտրում է՝ հույսով, որ գտնելու է: Ընդամենը: Մի բան, իսկ ավելի լավ կլինի՝ մեկին, ով գալիս է ու էլ չի գնում: Կապ չունի՝ հայր, ընկեր, թե ջրահարս: Կապ չունի՝ իրակա՞ն, թե՞ միֆական: 
Ու քանի որ բոլոր եկողներն ի վերջո գնում են, իսկ շատերը հենց գնալու համար էլ գալիս են, «Հե՜յ»-ը փնտրում է ոչ թե իրական մեկին, այլ միֆականի, նրան, ով կմտնի ներս, կտեղավորվի ամենաջերմ անկյունում ու էլ չի գնա, էլ երբեք չի գնա, նույնիսկ այն աշխարհում, որտեղ անգամ արևն է գնում: Գնում, որ էլի գա: Բայց պատասխանի սպասելը… Չգիտեմ, չէ. «Հե՜յ»-ը ոչ մի պատասխանի էլ չի սպասում, երևի որովհետև այդ գրքի տղան համոզված է, որ լավագույն պատասխանն արդեն քանի հազար տարի, այն է, որ դու շուրջբոլորդ ես նայում ու գոռում՝ հե՜յ…
– «Ծովը ես եմ», «Ի՜նչ հրաշալի է ծովը, որը հայելիս է դարձել։ Չփշրվո՛ղ»… Գրողը, և ընդհանրապես բոլորս, այսօր ինքնահայեցման ու ինքներս մեզ հետ առերեսվելու խնդի՞ր ունենք։
-Եւ ոչ միայն այսօր: Ես, օրինակ, ամեն առավոտ պարտադիր նայում եմ ինձ հայելու մեջ, բայց դա անել շատ եմ սիրում նաև ուշ գիշերը, երբ բոլորը քնած են: Իսկակա՛ն հայելու մեջ: Պատահում է, որ տարբեր մարդկանց եմ տեսնում, որոնց նկատմամբ տարբեր զգացողություններ են առաջանում: Ու կարծում եմ, յուրաքանչյուրս պետք է գտնենք-ունենաք-պահենք-պահպանենք հայելի, որը երբեք չի փշրվում, որին հնարավոր է նայել ու տեսնել: Տեսնել ճշմարտությունը: Ալիքվող, պղտորվող, բայց ճշմարտությունը: 
– «Ժողովրդի հայրեր»-ում գրում եք՝ «Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը»։ «Հեյ»-ում Որդին չի փնտրում Հոր փնտրածը, չի շարունակում Հոր գրած բանաստեղծությունները։  Որդին փնտրում է իր քաղաքը
– Որդին մեծանում է: Այնքան, որ ինքն էլ հայր է դառնում: «Ժողովրդի հայրերից» մինչև «Հե՜յ» ահագին տարիներ են անցել: Սա չի նշանակում, որ այնտեղ որդին սխալ ճանապարհով էր գնում, սա նշանակում է, որ որդին այսօր այսպես է որոշել գնալ: Ու գիտե՞ք, եթե հաշվի առնենք, որ ցանկացած հայր ի վերջո որդի է ու ցանկացած որդի փնտրում է ի՛ր քաղաքը, ապա «Հե՜յ»-ում որդին արդյո՞ք իր հորը չի փնտրում… Չգիտեմ: Առհասարակ այս գիրքը գրելիս ու մանավանդ դրանից հետո ես այնքա՜ն բան չգիտեմ:
– Հայրը, Որդին, Ջրահարսը Ինչո՞ւ է ինձ թվում, որ առանցքայինը Ծովի ափին ապրող Հայրն է։ Որդին փնտրում է իր քաղաքը, բայց, ի վերջո, «Որդու լինելը հո՛ր հաղթանակն է»։
– Այո՛, դա այդպես է: Նկատի ունեմ՝ որդու լինելը հոր հաղթանակն է, և կապ չունի, որ որդին այդ չորս տարի է հորը չի զանգում ու երկնքին նայում է զուտ նրա համար, որ հասկանա՝ արդյոք այդ օրը անձրև գալո՞ւ է, թե՞ ոչ, իսկ ձյո՞ւն… Եթե ուզում եք, որ հենց Հայրը լինի առանցքայինը, թող լինի, մեկը կարող է ուզել, որ Որդին է առանցքայինը, մյուսը՝ Ընկերը, հաջորդը՝ Ջրահարսը… Ես միայն ուրախ եմ: Ուրախ եմ, որովհետև, փաստորեն բոլորիդ կարծիքով այս պատմության մեջ, որը ես համարում եմ՝ պատմություն ոչնչի մասին, յուրաքանչյուրդ ինչ-որ առանցքային բան գտնում եք: 
– «Հեյ»-ը տարբերվում է ձեր նախորդ վեպերից, բայց պիտի՞ լինեին նախորդ գրքերը, որ ծնվեր «Հե՜յ»-ը։ Գրողը պիտի անցներ որոշակի ճանապարհ, ասեր որոշակի բաներ՝ ծովին այս պատասխան չակնկալող արձագանքը նետելու համար։
– «Հե՜յ»-ն իմ առաջին գիրքն է, որ գրված է առաջին դեմքով: Սա, երևի, ամենամեծ տարբերությունն է նրա ու նախորդների: 
Ու ես շնորհակալ լինելով Ձեզ, որ «ծովին նետված որոշակի բաները» համարում եք «պատասխան չակնկալող», այնուամենայնիվ ասեմ, որ այս՝ առաջին դեմքով գրելն էր, կամ՝ է, որին ես կարողացա հասնել որոշակի ճանապարհից հետո: Ես առաջ չէի մտածում, որ դա կարո՛ղ եմ, այսպե՛ս կարող եմ, առհասարակ՝ կարո՞ղ եմ… Հիմա, այո՛, ես մտածում եմ, որ կարող եմ ծովի մեջ բաներ նետել ու ծովը կարող է չպատասխանել: 
– «Ինչո՞ւ չի կարելի աշխարհի ամենակապույտ ծովի ափը նվաճել: Հատկապես, երբ ազգային բոլոր երազանքներդ ծովի մասին են»,- սա ասել եք մեր նախորդ զրույցներից մեկում։ Ճանապարհները կարող են փոխվել, իսկ ծո՞վը, երազա՞նքը։
– Երբե՛ք: Գոնե հիմա ես մտածում եմ, որ երբե՛ք, չնայած գիտեմ, որ աշխարհի ամենաանկայուն բառը հենց այս «երբեքն» է: Ամեն դեպքում, ես չեմ պատկերացնում մի մարդ, որը երազանք չունի: Չէ, սխալ ասացի, ես գիտեմ, անձամբ ճանաչում եմ այդպիսի մարդկանց, բայց կարծում եմ, որ նրանք չգիտեն, որ երազանք ունեն, ու որ երազանքը նախ և առաջ հասնելու համար է: Որքան էլ անհնարին թվա: Բա տղամարդ չե՞ս. թքա՛ծ, որ երազանքդ թաքնված է մութ ձորերում ու խորը ծովերում, յոթերորդ երկնքում կամ աստղերից մեկն է, բա անելիքդ ո՞րն է, եթե այնտեղ ու նրան հասնելը չէ: Կապ չունի՝ ինչ ճանապարհով: Ճանապարհ չկա՞, հորինիր, ստեղծիր: Մի բան արա: Մատներո՛վդ:
– «Ինչ-որ մարդիկ ուզում են իշխանության գալ, ինչ-որ մարդիկ էլ չեն ուզում զիջել իշխանությունը»։ Հետպատերազմյան իրականությունն ու քաղաքական թոհուբոհը առաջին պլանում չեն. «Հե՜յ»-ը հայացք է դեպի ներս, դեպի ծովը: Բայց  նաև հետևա՞նքն է այդ ամենի։
-Իհարկե: Մեր ներսն ու ներսը փորփրելու անհրաժեշտությունն առաջանում է մեծ մասամբ դրսի ազդեցությունից: Մենք գրում ենք այն, ինչ ապրում ենք: Ավելի դժբախտներն այն, ինչը թվում է, որ ապրում են: Ու եթե այդ դուրսը վնասակար է ապրելու համար, անհնարին՝ շնչելու համար, այնքան, որ մենք միշտ պատուհան բացելու կենսատու կարիք ենք զգում, ուրեմն առավել ևս՝ ներս մտնելը ցանկալի իրադարձություն է դառնում: Ոչ թե թաքնվելու կամ տաք-տաք ծածկվելու համար, այլ՝ հասկանալու, դիմանալու, ուժ հավաքելու: 
– «Հա՛յրս, քնա՛ծ հայրս, հոգնա՛ծ Հայրս, իր տեղը չգտնո՛ղ Հայրս…»։  Իսկ Որդին գտնելո՞ւ է իր քաղաքը, «չմոռացվող» և «չտեսնված» Ջրահարսին։ Չէ՞ որ գրում եք. «Ու ես նամակներ եմ գրում Ջրահարսին։ Գրում եմ, որ նա գա։ Ու նա կգա»։ 
– Իսկ նա, նկատի ունեմ՝ Ջրահարսը, չի էլ գնացել: Չէ՞ որ այն, ինչը մեր ներսում է, չի գնում: Նույնիսկ, երբ մենք բացում ենք մեր աչքերը ու տեսնում ենք միայն ծովն ու բարձրացող արևը, և ուրիշ ոչինչ, ոչինչ և ոչ մեկին, նա չի գնում: Մարդու ներսն առհասարակ պոլիկլինիկայի միջանցք չէ, որտեղ ում ասես տեսնես ու երբ ասես տեսնես, որտեղ գան ու գնան, գանգատվեն իրենց ցավերից ու գնան: Մարդու ներսը աշխարհի ամենախոր ծովն է, իսկ այնտեղ ջրահարս լինում է: Ես համոզված եմ: Խնդիրն այն է, որ մարդն ինքը հաճախ չի համարձակվում գնալ-հասնել այդ խորքերը: Իսկ համարձակներին ջրահարսերը սիրում են:
– «Ես հասկացա, որ Ընկերս երբեք չի վերադառնալու, բայց ամենասարսափելին՝ նա երբեք ֆիլմ չի նկարելու»։ «Որդին» պատերազմի սերնդի պատմությո՞ւնն է թերևս։ 
-Հա: Շա՛տ հա: «Որդին» պատմությունն է գեղեցկության կիսատ մնացած որոնումների: Իսկ այդ որոնումներն ամենահաճախը կիսատ են մնում, ընդհատվում են ռազմաճակատներում: 
– Իսկ պատկերացնո՞ւմ եք «Հե՜յ»-ը էկրանավորված։
– Դա իմ գործը չէ: Նույնիսկ դա պատկերացնելը: Իմ հրաշալի ընկեր՝ Հովիկ Չարխչյանը, որ կարդաց ու գրեց «Հե՜յ»-ի մասին, ասում է՝ Աֆյանն արել է իր գործը, հիմա ընթերցողը կարող է կանգնել ծովի ափին ու գոռալ «Հե՜յ»… Կարող է կամ չի կարող: Կարող է, ուրեմն նաև չի կարող… 
– Պատերազմից չվերադարձած զինվորների կանգառից ավտոբուս են բարձրանում մեր պատերազմի հետ որևէ կապ չունեցող հնդիկներ։ Այս տեսարանն ընդգծում է մեծ աշխարհի ու ազգային ողբերգության հանդիպո՞ւմը։
– Հնդիկները աշխարհում ամենաշատն են՝ որպես մեկ երկրի բնակչություն: Ու այո՛, նրանք հենց այդ «մեծ աշխարհն» են՝ իր բոլոր շերտերով, ծալքերով, աչք չկտրելու բնությամբ ու տեսարժան վայրերով և սոսկալի գետնախորշերով, որտեղ մեծանում են ապագա տիեզերագնացները: 
Մե՞նք… Մենք ուզում ենք, որ աշխարհը լսի մեզ, տեսնի մեզ, կանգնի մեր կողքին: Ինչպես այդ աշխարհում ապրող մարդիկ են ուզում մեկը մյուսից, և երբ հասկանում են, որ մյուսները մեր ժամանակն ու հավեսը չունեն, միֆակա՛ն բաներից:
– «Հիմա երբ հեռացել ես…»։ Այս կրկնվող միջտեքստայնությունը հեռացման փիլիսոփայության մասին է։ Որդին պարտադրվա՞ծ է գտնել իր քաղաքը։
– Չկա պարտավորություն: Գոնե այս գրքում ես փորձել եմ խորը թաղել այն: Որդին պարտավոր չէ գնալ հոր ճանապարհով, հայրը պարտավոր չէ որդու կողքին լինել, ընկերը պարտավոր չէ մնալ, ջրահարսը պարտավոր չէ գալ… Բայց, ամեն դեպքում, երևի մի պարտավորություն թողել եմ՝ մարդը պարտավոր է փնտրել ի՛ր քաղաքը: Գտնելը՝ բախտի բան է, փնտրե՛լ:
– Ներքին համոզմունք ունեմ, որ գիրքը ծովի մասին է, որին նայում ենք և որի մասնիկն ենք բոլորս։ Ծովն ինքը կյանքն է։
-Կամ սե՛րը, բայց այո, համաձայն եմ, որ կյանքն ու սերը հոմանիշներ են՝ անկախ նրանից որտեղ ու ինչ պայմաններով ենք ապրում այդ կյանքը՝ ծովի ափին ռոմ խմելո՞վ, թե հնդկական գետնախորշերով՝ ջրի կարոտ:
– Շատ հետաքրքիր է՝ ինչ է հաջորդելու «Հե՜յ»-ին։
– Ինձ էլ… Երևի դրա համար էլ, անվերջ նայում եմ երկնքին, հատկապես աստղազարդ գիշերային ու գրում եմ:  Դա կարողանում եմ և ուզում:
Արմինե Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *