Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

Written by

in

Հայաստանի անկախությունից հետո՝ 1990 ականներից սկսած, տարբեր բնակավայրերում հայտնվեցին մարդիկ, ովքեր շարադրեցին հարազատ գյուղի՝ իրենց բնօրրանի պատմությունը։ Այդպիսով, բազում դեմքեր, դեպքեր, իրադարձություններ փրկվեցին մոռացության  թանձր մշուշից և փոխանցվեցին հաջորդ սերունդներին։ Գրավիչն այն է, որ այդ հայրենանվեր նախաձեռնությունը շարունակվում է նաև մեր օրերում, նվիրյալներ միշտ էլ գտնվում են։

Ահավասիկ, մեր թերթի մեծ բարեկամ, խորհրդային տարիների մեծ համարում ունեցող «Ավանգարդ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գագիկ Հայրումյանն ընթերցողի սեղանին է դրել «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատությունը։ Այն ամփոփող երկու մեծադիր գրքի թողարկումն իրականացվել է պոլիգրաֆիական բարձր մակարդակով, գունավոր տպագրությամբ։  Մի խոսքով, Գագիկ Հայրումյանն իրեն բնորոշ աշխատասիրությամբ համագյուղացիների (և ոչ միայն) մեջ վառ պահեց Վերիշենի՝ Հին Գորիսի պատմական հիշողությունը։

Աշխատության առաջին գիրքը բովանդակում է գյուղի աշխարհագրությունը, պատմությունը, բնակչությունը, կենցաղն ու սովորույթները, տարբեր ժամանակների տնտեսական հարաբերությունները։ Առանձին բաժիններում անդրադարձ է կատարվում կրթական համակարգին, գիտությանը, հասարակական-քաղաքական կյանքին, մշակույթին ու առողջապահությանը։ Ներկայացվում են խոհանոցն ու ավանդական ճաշերը։

Երկրորդ գիրքը ներկայացնում է գյուղի տոհմագրությունը, որն ընդգրկում է ավելի քան 200 տարի՝ 19-րդ դարի սկզբից մինչև 2019 թվականը։ Այն պարունակում է գյուղի տոհմերի, գերդաստանների և ընտանիքների մասին տվյալներ, ինչպես նաև Մինքենդից՝ 1905 թ հայ-թաթարական հակամարտությունների հետևանքով, Հին Գորիս գաղթած ընտանիքների տոհմագրությունը։

Գիրքը ներառում է նաև գյուղի անունադարանը։

Աշխատության մեջ շարադրված հարուստ փաստական նյութը քաղված է Հայաստանի ազգային, Ռուսաստանի Դաշնության պետական, զինվորական, սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվների փաստաթղթերից, մամուլում հրապարակված հոդվածներից, առկա գրականությունից և այլ աղբյուրներից։

Երկհատորյակի հրատարակման նախապատրաստումը և տպագրությունն իրականացվել է Սպարտակ Ամարյանի ընտանիքի ֆինանսական օժանդակությամբ։

Շնորհավորում ենք Գագիկ Հայրումյանին՝ այս շքեղ հրատարակությունն ընթերցողի սեփականությունը դարձնելու համար, մաղթում ամուր առողջություն, մերօրյա մարտահրավերներին դիմակայելու տոկունություն, ստեղծագործական թարմ ներշնչանքներ։

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts