«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, դրամական միջոցների և այլ ֆինանսական տվյալների վերաբերյալ հայտարարագրերը։ Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև դատավորների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելու համար, թե ինչ ունեցվածք, եկամուտներ, դրամական միջոցներ, փոխառություններ և վարկային պարտավորություններ ունեն նրանք։Այս անգամ ուսումնասիրել ենք Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի ունեցվածքը։ Պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանի հայտարարագրում անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ նշված չեն։
2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է ընդհանուր 109 մլն 651 հազար 933 դրամի եկամուտ։ Այդ գումարից 64 մլն 347 հազար դրամը կազմել է գույքի օտարումից ստացված եկամուտը։ Բացի այդ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունների տեսքով հայտարարագրվել է 37 մլն 949 հազար 950 դրամ, որից 500 հազար դրամը և 37 մլն 449 հազար 950 դրամը նշված են առանձին գործարքներով։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացված եկամուտը կազմել է 5 մլն 703 հազար 298 դրամ։ Վարձակալության դիմաց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ից ստացված վճարը կազմել է 663 դրամ, իսկ ՀՀ ՊԵԿ-ից այլ եկամուտների տեսքով ստացել է 1 մլն 651 հազար 22 դրամ։
2021 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո կանխիկ գումար։ Բանկային հաշիվներում ունեցել է ևս 189 հազար 44 դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Դատավորը նաև ունեցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոմսեր, որոնց արժեքը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 27 մլն 165 հազար 105 դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանն ունեցել է նաև վարկային պարտավորություններ։ Դրանց մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 37 մլն 773 հազար 557 դրամ, որից 37 մլն 277 հազար 840 դրամը կապված է բնակարանի ձեռքբերման հետ, իսկ 495 հազար 717 դրամը ներկայացված է որպես առանձին վարկային պարտավորություն։
2025 թվական
2025 թվականի հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ 2025 թվականին Աշոտ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 762 հազար 111.1 դրամ։ Դրանից 13 մլն 84 հազար 150 դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 4 մլն 686 հազար 749.5 դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությունից նրա ստացած այլ եկամուտը կազմել է 3 մլն 558 հազար 118 դրամ։ Բացի այդ, հայտարարագրում նշված են Global Blue-ից ստացված 100 հազար դրամ և 137 հազար 367.8 դրամ, Planet Tax Free-ից՝ 9 հազար 766 դրամ, TAX REFUND S.R.L.-ից՝ 13 հազար 959.8 դրամ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ ևս 72 հազար դրամ այլ եկամուտ։
2025 թվականի սկզբին դատավորի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 922 հազար 224.1 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 401 հազար 224.8 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 110 հազար դոլար, 22 մլն 500 հազար դրամ և 16 հազար 500 եվրո։ Տարեվերջին դոլարային կանխիկ միջոցը նվազել է մինչև 80 հազար դոլար, մինչդեռ դրամային միջոցը հասել է 28 մլն 500 հազար դրամի, իսկ եվրոն՝ 18 հազար եվրոյի։
Այսինքն՝ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցները նվազել են 30 հազար դոլարով, դրամային միջոցներն ավելացել են 6 մլն դրամով, իսկ եվրոյով կանխիկ գումարը՝ 1,500 եվրոյով։ Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանի ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 34 մլն 671 հազար 965 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը կապված է գնման իրավունքի հետ։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված նրա վճարումները կազմել են 5 մլն 56 հազար 926.2 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Leave a Reply