Գոհար Մովսիսյանի համառությունը եւ բիզնեսի վերածած գյուղական առօրյան

Written by

in

Պատշգամբից ներքեւ ձգվում է այգին, քիչ հեռվում՝ կանաչ դաշտերը։ Առավոտներն այստեղ սկսվում են շատ շուտ՝ սառը ցողի ու դեռ չտաքացած օդի մեջ։

 

«Գյուղում օրը սկսվում է ոչ թե զարթուցիչից, այլ արեւի նոր սկսվող լույսի հետ՝ 5:30-ից 6:00-ին»,- ասում է Գոհարը:

 

Գոհար Մովսիսյանը Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից է: Նա տարիների ընթացքում գյուղական առօրյան վերածել է բիզնեսի եւ ստեղծագործ աշխատանքի։ 

 

«Մտնում ես այգի կամ բանջարանոց, ոտքերդ շաղոտվում են, լսում ես թռչունների ձայնն ու քթիդ է հասնում բույսերի բույրը»,- նա անշտապ ու գեղեցիկ է նկարագրում իր օրվա սկիզբը, որի հետեւում հոգսաշատ ժամեր, չընդհատվող աշխատանք ու դժվարություններ են թաքվնած:

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2017 թվականին Գոհար Մովսիսյանը հիմնել է «Բարի ֆարմ» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքով եւ վերամշակմամբ։ Տնտեսությունը ներառում է սալորի, խնձորի եւ ընկույզի այգիներ, հաճարի դաշտ, ինչպես նաեւ ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսերով բանջարանոց։

 

«Գյուղում եմ ծնվել, տեսել եմ, թե ծնողներս ինչպես են հող մշակում, այդ աշխատանքն ինձ երբեք խորթ չի եղել: Երբ սկսեցի աշխատել դպրոցում, շարունակում էի մշակել տան փոքրիկ բանջարանոցը, չէի թողնում հողի հետ աշխատանքը: Հետո եկավ մի փուլ՝ հասկացա, որ իրոք շատ եմ սիրում հողագործությունը, բույսերի հետ շփվելը, հատկապես նոր մի բան ստեղծելը»,- պատմում է նա:

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհարը կենսաբանության ուսուցչուհի է, ավելի քանի 35 տարի աշխատում է դպրոցում, ասում է՝ ինչպես հողի հետ աշխատանքը, այնպես էլ դպրոցը, երբեք չի թողնի, մինչեւ դրանք իրեն չթողնեն.

 

«Մեկ-մեկ հետ եմ նայում, մտածում՝ մինչեւ «Բարի ֆարմ»-ը ոնց եմ ապրել՝ միայն դպրոց, տուն ու վե՞րջ: Ժամանակս այդքան քիչ արարումով եմ սպառել: Հիմա առավոտյան 6-ից մինչեւ ուշ երեկո անելիք կա: Այն ժամանակ երկու գիրք ավելի էի կարդում, հիմա էլ հասցնում եմ կարդալ, ափսոսում եմ կորցրածս ժամանակը»: 

 

«Բարի ֆարմ»-ը շուկա է մտել օրգանական հաճարով, իսկ հետագայում ավելի ընդլայնվել:

 

«Հիմա մեր հաճարի տուփին եմ նայում եւ մտածում՝ կարծես դրա գոյությունն իմ ստեղծագործությունը լինի, բայց դրան հասնելը այդքան էլ հեշտ չի եղել: Բնության հետ առերեսումը ոչ միշտ է, որ դրական արդյունք է տալիս: Տարիներ առաջ հաճարի դաշտը հասունացած, հասկակալված, արդեն բերքահավաքի օրն էր, կոմբայնը պետք է մտներ դաշտ հնձելու, սարսափելի կարկուտ եկավ, հնձելու էլ ոչինչ չմնաց, ամբողջ բերքը գետնին էր: Օրը շատ լավ եմ հիշում՝ հուլիսի 25-ն էր: Դաշտի վրա արված ամբողջ ներդրումը հավասարվեց զրոյի»,- հիշում է Գոհարը ու ասում, որ չի ընկճվում նման փորձություններից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Մովսիսյանն օրգանական հաճարի արտադրությամբ մեկնարկած «Բարի ֆարմ»-ը տարիների ընթացքում դարձրել է գյուղարտադրանքի բազմագույն փունջ: Հաճարին ավելացել են սալորի, խնդձորի ու ընկույզի օրգանական այգիները, ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսերով բանջարանոցը, կախասնկի արտադրությունը։ Ասում է՝ շատ է սիրում նորություններ բերել իր տնտեսություն։ 

 

https://www.youtube.com/watch?v=UTcMGwpMzzk

 

«Երբ մի քիչ լուռ եմ մնում, երեխաներս ասում են՝ մաման էլի մտքում մի բան է մոգոնում (ծիծաղում է, հեղ.): Բաջարանոցում փորձում եմ մեզ արդեն ծանոթ մշակաբույսերի հետ տեղայնացնել նորերը՝ մելիսա, լավանդա, օրեգանո, անանուխ, քեյլ: Երկու տարի առաջ էլ AgriConcept ընկերության աջակցությամբ բաց եցինք մեր փոքրիկ վերամշակման արտադրամասը, որտեղ պատրաստում ենք չրեր եւ սիդր: Այս ամենի հիմքում սերն է հողի, գյուղի ու գյուղատնտեսության հանդեպ: Գյուղը, առավել եւս այս գյուղը, շատ եմ սիրում: Իսկ հողը միշտ նորը ստեղծելու կարողություն ունի»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր մարդկանց մոտ նույն ապրանքն էր, ամբողջ գյուղում նույն բերքն էին ստանում, հետո եւ վաճառքն էր դժվար, եւ այդ նույնությունը հոգնեցնում էր: Հիմա շատ բան է փոխվել։ 

 

«Նախկինում գյուղերում մի քիչ «սահմանափակ քառակուսիներ» էին, դրանից դուրս նայելն անհավանական էր թվում: Երբ մտածեցի օրգանական գյուղատնտեսության մասին, իհարկե, ընտանիքս շատ աջակցեց ինձ, բայց կողքից ասում էին՝ չի ստացվի, օրգանական գյուղատնտեսությունն ուր, Թեղենիքն ուր։ Ի՞ նչ ու ինչպե՞ս պիտի մշակեք, որ ստացվի»:

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհարն առանձնակի հոգատարությամբ է խոսում սալորի այգու մասին, որը հիմնել է այն տեղում, որտեղ երկար ժամանակ երազում էր այգի ունենալ. 

 

«Ամեն անգամ, երբ այդ հատվածից ցորեն կամ խոտ էինք հնձում, ասում էի՝ տեսնես կլինի մի օր այստեղ մի ծառի հովին նստենք»։ 

 

Այդ երազանքն այսօր իրականություն է դարձել, ծառի հովը դարձել է 300 ծառով սալորի այգի, որոնք այսօր արդեն բերք են տալիս։ Այգին հիմնվել է օրգանական սկզբունքներով՝ ամբողջությամբ օրգանական մշակման գործընթացով։ Միջհամայնքային ճանապարհի եւ այգու միջեւ պետք է լիներ առնվազն 8-10 մետր բուֆերային գոտի, սակայն այգին ունի 20-25 մետր հեռավորություն։ Այն հագեցած է կաթիլային ոռոգման համակարգով եւ հակակարկտային ցանցով։ Պարարտացումը կատարում են տեղում պատրաստված հումուսով կամ կոմպոստով, իսկ բուժումները՝ իրենց թուրմերով.

 

«Այգին հիմնադրելու սկզբնական շրջանում հաճախ էինք բախվում ցրտահարության խնդրին։ Այժմ, երբ ծառերը մեծացել են եւ դրանց իմունիտետը բարձրացել է, որոշ չափով կարողանում են հաղթահարել այդ դժվարությունը։ Շատերն ինձ ասում էին՝ հանիր այդ ծառերը, տեղը ուրիշ բան դիր, ձեր այգին դեկորատիվ է դարձել, ցրտահարության պատճառով բերք չի ստացվում, բայց ես չհանձնվեցի»:

Գոհար Մովսիսյանն ամուսնու հետ Գոհար Մովսիսյանն ամուսնու հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհարն ու ամուսինը տարիներ առաջ հացի փոքրիկ արտադրամաս են ունեցել: Հիշում է՝ ամեն օր նույն բաղադրատոմսով լավաշ էին պատրաստում. «Ոնց էի ձանձրանում այդ կրնկնվող վիճակից՝ խմորի նույն կշռից ու բաղադրությունից: Սկսեցի ամեն անգամ խմորին մի բան ավելացնել, ծանոթներս կատակում էին՝ այսօր ինչ ես բերել այս խմորի գլխին: Հետո հասկացա, որ բնավորությունս թույլ չի տալիս, որ շարունակեմ այդ ստանդարտների մեջ աշխատել: Որոշեցի զբաղվել այնպիսի գործով, որն անընդհատ զարգացում է պահանջում, մտքիդ եկած խենթ գաղափարը թույլ է տալիս իրագործել: Այդպես, առանց կլորիկ գումարի, առանց նախնական ներդրման սկսեցինք «Բարի ֆարմ»-ը՝ հողամաս, սերմ, սկզբունք, նվիրվածություն ու մեկ հին տրակտոր (ժպտում է, հեղ.)»:

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ եթե իր համառությունը, լավատեսությունն ու ընտանիքի աջակցությունը չլիներ, այս ամենին չէր հասնի. 

 

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այն աշխարհում, միջավայում, որը ստեղծել ենք: Ընդհանրապես գյուղատնտեսությունը դժվար է, կնոջ համար՝ առավել եւս, մեխանիզմներ չկան, եթե կան էլ՝ դրանց աշխատեցնելը շատերը չգիտեն: Ի դեպ՝ ասեմ՝ տրակտոր էլ եմ կարողանում վարել: Դպրոցում մեքենագիտություն եմ անցել, ունեի տրակտոր վարելու սերտեֆիկատ: Իհարկե, վարելու անհրաժեշտություն գրեթե չեմ ունենում, բացի մի զավեշտալի դեպքից: Ամուսինս աշխատանքի էր, դաշում էլ խոտ ունեինք հնձած, որը մի քանի օր իրար հետեւից արեւ-անձրեւ լինելու պատճառով արդեն փչանում էր: Որոշեցի նստել տրակտորի ղեկին եւ հակավորել խոտը: Հագա ամուսնուս հագուստը, գլխարկը դրեցի, նստեցի ղեկին ու խոտը հավաքեցինք: Հետո ամբողջ վախս այն էր, որ հանկարծ հարեւանները չտեսնեն, մտածեն ամուսինս է եւ կանչեն իրենց խոտն էլ կապելու: Մտածում էի՝ ամուսինս գա, ասելու է՝ ինչու ես նման բան արել, եկավ տեսավ, ասաց՝ «բա որ կարող էիր, շուտ անեիր էլի» (ծիծաղում է, հեղ.): 

 

Գոհարի կյանքում բարդ օրերի կողքին նաեւ շատ հետաքրքիր օրեր են եղել, բազմաթիվ միջոցառումների է մասնակցել եւ Հայաստանում, եւ եվրոպական երկրներում, իսկ սովորածն անպայման կիսվել է համագյուղացիների հետ. «Երեւի նաեւ մանկավարժ լինելն է օգնել: Երբ մի տեղ մի դասընթացի եմ մասնակցում, մի բան եմ սովորում, անպայման ուզում եմ կիսվել մյուսների հետ: Ինձ լավ եմ զգում, որ ինչ-որ մեկի կյանքում կարող եմ ինչ-որ բան փոխել»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհարը գյուղատնտեսության մեջ փորձում է ամեն ինչ հնարավորինս շրջանաձեւ օգտագործել. «Մեր տնտեսությունում ոչինչ չի թափվում: Բալից մուրաբա, չիր էինք պատրաստել, կորիզները մնացել էին: Մտածում էի՝ ինչ կարող եմ անել դրանց հետ: Հասկացա, որ կարելի է պատրաստել փոքրիկ ջեռակներ, որոնք երեխաների համար կծառայեն որպես մոտորիկան զարգացնող զբաղմունք , իսկ միկրոալիքային վառարանի մեջ տաքացնելուց հետո կարելի է երեխայի ցավացող հատվածին տեղադրել որպես ջեռակ: Հավաքեցինք «Բալենի» տուփ, որի մեջ կար բալի կորիզներով ջեռակը, բալի տերեւներից պատրաստած թեյը, բալի մուրաբա եւ չիր: Նույնիսկ բալի էտած ճյուղեր ն եմ դնում այդ տուփի մեջ եւ թղթի վրա բացատրում, որ կարող են ձուկ, խաշլամա եփելիս տակը դնել»: 

 

«Բարի Ֆարմ»-ի տարածքում Գոհար Մովսիսյանն իրականացնում է նաեւ հյուրընկալություններ՝ համագործակցելով տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելով օրգանական գյուղատնտեսության եւ առողջ սննդի մշակույթի տարածմանը։ Համագործակցում է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով իր տնտեսությունում անցկացնել իրենց ուսումնական պրակտիկան։

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բարի ֆարմ»-ի արտադրանքի վաճառքը հիմնականում իրականացվում է առցանց, սակայն հյուրերն էլ են հաճախ գնումներ կատարում։

 

«Այդ ձեւաչափն ինձ շատ է դուր գալիս, երբ այլ ֆերմերները կամ տարբեր երկրներից եկած միջազգային գործընկերները հյուրընկալվում են մեզ մոտ, իրենց հետ տանում են մեր արտադրանքը։ Դրա մեջ մի տեսակ սիմվոլիկա կա, երբ այն այս կերպ հասնում է տարբեր երկրներ, օրինակ՝ Ավստրիա կամ ԱՄՆ։ Մեր արտադրանքի ծավալը դեռ փոքր է, արտահանման մասին չենք մտածում, բայց երբ այն հայտնվում է այլ երկրներում եւ մեզ այնտեղից շնորհակալություն են հայտնում, դա իսկապես մեծ արժեք ունի մեզ համար»,- ասում է «Բարի ֆարմ»-ի հիմնադիրը:

 

Ցրտահարություն է լինում, կարկտահարություն, երբեմն էլ բերքն է փչանում, ու նորից կանգնում ես նույն հարցի առաջ՝ ինչ ճար գտնել։ Գոհարն ասում է՝ հենց այդ պահերին են սովորում, ուժեղանում ու լուծումներ գտնում։

Գոհար Մովսիսյանը Գոհար Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրը մթնում է։ Հոգնած ես՝ ոտքերդ, ձեռքերդ բռնված, բայց միեւնույն է՝ գոհ ես, քանի որ սիրուն գործ ես արել, առավոտյան արեւին ողջունել ես ոտքի վրա կանգնած, երեկոյան էլ նույն կերպ ճանապարհել։ Ու ինչ-որ պահի հասկանում ես, եթե մարդիկ խոսում են քո գործի մասին՝ ուրեմն լավ բան ես անում»,- ասում է Գոհարը ու օրն ավարտվում է նույն հանգիստ ու բնական ընթացքով, ինչպես սկսել էր՝ աշխատանքի, հողի ու արեւի հետ միասին։

 

Հոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։   

 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի եւ ՄԱԲՀ-ի տեսակետները:    

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

                                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *