ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին։
«Մեր դիրքորոշումն այս հարցում շարունակում է մնալ անփոփոխ։ Հայաստանի ներքին օրակարգի հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության հարցը, մենք որևէ երրորդ կողմի հետ չենք քննարկում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին Հայաստանի Սահմանադրության հետ կապված, մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ փարատում է այդ մտահոգությունը՝ հաշվի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում»։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը շանտաժ է անում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, իրենք չեն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, Խանդանյանը պատասխանել է․
«Ես չգիտեմ, չեմ ուզում որակումներ տալ։ Այնուամենայնիվ, մենք լսում ենք այդ դիրքորոշումը և շարունակում պնդել, որ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ համաձայնագրի ստորագրման համար, և այս առումով վերջին շրջանում որևէ բան չի փոխվել»։
Իսկ հարցին՝ արդյոք Հայաստանը ներկայացնում է իր վերապահումները Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, Խանդանյանը պատասխանել է․ «Ոչ, որովհետև մենք ասում ենք, որ այդ տրամաբանությունը երկուստեք է գործում։ Քանի որ մենք պնդում ենք, որ խաղաղության համաձայնագիրն ինքնին լուծում է Սահմանադրության հետ կապված հարցը, եթե, իհարկե, նման հարց կա, ապա այդ լուծումը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին»։
Leave a Reply