Իսլանդիայի հանրաքվեի սթափեցնող դասը ԵՄ ձգտող Հայաստանի համար

Written by

in

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հնդկական The Hindu պարբերականում հրապարակված How lucrative is the EU prize? Armenia’s bet after Iceland’s refusal հոդվածի թարգմանությունը։
Հոդվածի հեղինակը Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի ռուսական եւ Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի դոցենտ է։
Ամիթաբհ Սինգհ
Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում երկու փոքր պետություններ շարժվում էին հակառակ ուղղություններով։ Օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը «մոտ ապագայում» Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ կներկայացնի, ինչին կհաջորդի հանրաքվեն։ Հինգ օր անց Իսլանդիայի քաղաքացիների 52,8%-ը դեմ քվեարկեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը։ 
Այս համադրությունը մի հարց է բարձրացնում, որը Երեւանը մինչ օրս ազնվորեն չի տվել ինքն իրեն. ո՞րքանով է իրականում ԵՄ անդամակցությունը շահավետ Հայաստանի համար։
Ռեյկյավիկի հրաժարումը
Իսլանդական վճիռը Երեւանում արժե ուշադիր ուսումնասիրել։ Քվեաթերթիկում հարցն ընդամենը այն մասին էր, թե արդյո՞ք Իսլանդիան պետք է վերսկսի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք կասեցվել էին 2013 թվականին. փաստացի անդամակցությունը տարիներ անց մեկ այլ հանրաքվե կպահանջեր։
Նույնիսկ այս համեստ քայլը մերժվեց՝ 118 040 «դեմ» եւ 105 339 «կողմ» ձայների հարաբերակցությամբ, ընտրողների բացառիկ բարձր՝ 82,5% մասնակցության դեպքում։ Կառավարությունն այս քվեարկությունը բնութագրում էր որպես «կա՛մ հիմա, կա՛մ երբեք» պատմական ընտրություն՝ անդամակցությունը ներկայացնելով որպես պաշտպանիչ վահան առեւտրային պատերազմների եւ արկտիկական հակամարտության դեմ: Սակայն, չնայած Գրենլանդիայի հարցում գերտերությունների կողմից գործադրվող ուղղակի ճնշմանը, անվտանգության հիմնավորումը պարտվեց ինքնիշխանությանը ձկնորսության եւ կյանքի գնի նկատմամբ։ Ֆորմալ առումով արդյունքը պարտադիր իրավական ուժ չունի, սակայն կառավարությունը խոստացել է հարգել այն, իսկ պաշտոնյաներն ընդունում են, որ հարցը, հնարավոր է, փակված է «առաջիկա մեկ սերնդի համար»։
Տհաճ դաս է։ Իսլանդիան փաստացի կատարյալ թեկնածու էր. բարգավաճ, ժողովրդավարական, արդեն իսկ Եվրոպական տնտեսական տարածքի ներսում գտնվող։ Բայց ընտրողները համարեցին, որ ինքնիշխանության կորստի գինը գերազանցում է բարգավաճման եւ անվտանգության տեսանկյունից ակնկալվող օգուտները։ Այլ կերպ ասած՝ եվրոպական առաջարկն այլեւս ակնհայտորեն շահեկան չէ նույնիսկ հենց Եվրոպայի շեմին։
Brexit-ի ստվերը
Իսլանդական «ոչ»-ը բացառություն չէ։ Տասը տարի առաջ Մեծ Բրիտանիան քվեարկել էր Եվրամիությունից դուրս գալու օգտին՝ ցույց տալով, որ խոշոր տնտեսությունը կարող է համարել, որ օգուտները չեն գերազանցում պարտադրվող սահմանափակումները։ 
Հաջորդած տարիների վեճերը առեւտրային արգելքների, կորցրած ներդրումների եւ թույլ աճի մասին խոսում են այն փաստարկի օգտին, որ Brexit-ը թանկ է արժեցել: Բայց փաստը մնում է. միասնական շուկան չկարողացավ պահել աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունը։ Եթե Բրյուսելի տնտեսական գրավչությունը չկարողացավ պահել Մեծ Բրիտանիային, ապա ընդլայնման հռետորաբանությունը չպետք է կուրացնի Երեւանին։
Երկու դրվագներն էլ միավորում է առավել խորքային օրինաչափությունը, որը Հայաստանին արժե ի գիտություն առնել։ Եվրոպական հարցով հանրաքվեներն անկանխատեսելի են, որոշվում են չնչին առավելությամբ՝ 52-48 Մեծ Բրիտանիայում, 52,8-47,2 Իսլանդիայում, եւ հաղթում են ինքնության ու ինքնիշխանության, այլ ոչ թե ՀՆԱ-ի թվաբանության տիրույթում։
Հայաստանի դեպքում նման հանրաքվեն տեղադրում է գործընթացի վերջում՝ նախ հայտը, ապա՝ Բրյուսելի պատասխանը, այնուհետեւ՝ համաձայնեցված ճանապարհային քարտեզը, եւ միայն դրանից հետո՝ համաժողովրդական քվեարկությունը։ Այս պատմական շրջադարձի վերջնական վճիռը կայացնելու է ընտրազանգվածը, որը լիովին ընդունակ է անելու նույնը, ինչ արեցին բրիտանացիներն ու իսլանդացիները։
Առաջարկը եւ դրա գինը
Այն, ինչ Բրյուսելն այսօր առաջարկում է Հայաստանին, չափազանց քիչ է եւ շատ ուշ է սպասվում։ Կոնկրետ ժամկետով անդամակցության հեռանկար գոյություն չունի. կա գործընթաց, որը չափվում է տասնամյակներով։ Թեկնածուի կարգավիճակը, ինչպես ցույց է տալիս Վրաստանի փորձը, կարող է շուքով շնորհվել (ինչպես եղավ 2023 թվականի դեկտեմբերին) եւ սառեցվել հաջորդ իսկ տարվա ընթացքում։ Թբիլիսիի իշխող կուսակցությունը կասեցրեց անդամակցության աշխատանքները մինչեւ 2028 թվականի վերջը, իսկ Եվրոպական հանձնաժողովը միայն ձեւականորեն  է Վրաստանը դիտարկում որպես թեկնածու երկիր։ ԵՄ-ի հետ բարեկամությունը (կամ՝ գործընկերությունը) ապահովում է դրամաշնորհներ, վիզաների ազատականացման հեռանկար, կարգավորող նորմերի մերձեցում եւ քաղաքական ասոցացում: Այն չի ապահովում զինվորներ, անվտանգության երաշխիքներ կամ տարածքային պաշտպանություն. Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասը մնում է օկուպացված՝ չնայած եվրոպական հայտարարություններին։
Անդամակցության գինը, ընդհակառակը, անհապաղ է եւ ենթակա է վճարման Մոսկվային՝ շուկայի հասանելիության, էժան էներգիայի եւ անվտանգային մնացորդային ապահովման անմիջական կորուստ: Փոխարենը՝ հետաձգված օգուտներ, որոնք ապահովվում են դանդաղ եւ բացառում են հենց այն, ինչի կարիքը Հայաստանն ունի ամենաշատը։ Զուտ տնտեսական տեսանկյունից այս տարբերակն շահավետ չէ։ Դրա արժեքը ռազմավարական է եւ քաղաքակրթական, ինչն անհամեմատ ավելի դժվար է «վաճառել» ընտրողին հանրաքվեի ժամանակ։
Խաղադրույք, այլ ոչ թե ճակատագրի պարգեւ
Հարեւանությունը խորացնում է ռիսկերը։ Մինչ Ռուսաստանը նահանջում է, իսկ Իրանը, որն Ադրբեջան-Հայաստան սահմանի ցանկացած փոփոխություն անվանում է «կարմիր գիծ» եւ դեմ է արտահայտվում TRIPP-ի շրջանակներում ամերիկյան ներկայությանը, զգուշավորությամբ հետեւում է իրադարձություններին, ազատվող տարածությունը լրացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Հայաստանի պատմական հակառակորդները։ 
Ուկրաինան նախազգուշացնող ազդակ է այն մասին, թե ինչպես է արձագանքում Մոսկվան, երբ նախկին հանրապետությունը շրջվում է դեպի Արեւմուտք։
Խոստացված հանրաքվեն կարող է հանգեցնել նույնպիսի պառակտման, ինչպիսին եղավ Իսլանդիայում, սակայն այն տարբերությամբ, որ մրցակիցներով շրջապատված երեք միլիոնանոց բնակչությամբ երկրում նման պառակտումը ոչ թե «մեկ սերնդի» դադար է, այլ գոյաբանական խոցելիություն։
Հայաստանը թիավարում է դեպի այն նավահանգիստը, որի լույսերը մարում են։ Հնարավոր է, այս անցումը արժե կատարել, սակայն Երեւանը պետք է ազնիվ լինի ինքն իր հետ. նա ապահովագրություն է գնում, այլ ոչ թե գանձ։ Եվ ապահովագրական վճարները ենթակա են անհապաղ մարման՝ ռուսական գազի, առեւտրի եւ զորքերի տեսքով, իսկ հատուցումն այն է, ինչ Բրյուսելը երաշխավորել չի կարող։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *