Կառավարությունը 2026–2031 թվականների ծրագրում կրկին խոստացել է Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց։ Նույն հանձնառությունը ներառված էր նաև նախորդ՝ 2021–2026 թվականների ծրագրում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կառավարության երկու ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ պաշտոնական հաշվետվություններն ու ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալները՝ արձանագրելով, որ միասնական երթուղային ցանցի ու դրա էլեկտրոնային բաղադրիչների ներդրումը սահմանված ժամկետներում չի ավարտվել․ երկու միջոցառումներն էլ կատարվել են մասնակի։
Ի՞նչ էր խոստացել կառավարությունը 2021–2026թթ․ ծրագրով
2021 թվականի օգոստոսին հաստատված ծրագրում կառավարությունը սահմանել էր ոչ միայն միասնական երթուղային ցանց ստեղծելու ընդհանուր նպատակ, այլև դրա ներդրումից ակնկալվող կոնկրետ արդյունքները։ Նախատեսվում էր՝
- Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել միասնական երթուղային ցանց և բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ,
- մշակել ու քարտեզագրել բոլոր երթուղիները, կազմել նոր չվացուցակներ և ուղեգծեր,
- բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղիներով կապել մարզկենտրոնների կամ մարզի այլ խոշոր բնակավայրերի, Երևանի և հարևան մարզկենտրոնների հետ,
- ստեղծել երթուղիների, մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի և ուղեգծերի մասին ամբողջական տեղեկություններ տրամադրող հարթակ,
- էլեկտրոնային եղանակով իրականացնել երթակարգավարական ծառայությունն ու վերահսկողություն, ներդնել միասնական տոմսային համակարգ և ինտերակտիվ քարտեզ։

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում դրանք ներկայացվել են երկու առանձին կետով, որոնց համար սահմանվել էին կատարման հետևյալ ժամկետները․
- 37.1. Միասնական երթուղային ցանցի ներդրում՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակը,
- 37.2. Երթուղիների քարտեզագրում, էլեկտրոնային տոմսավորման համակարգի և էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ներդրում՝ 2022–2023 թվականներին։
Միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ մասնակի կատարված
Կառավարության գործողությունների ծրագրի 37.1 կետով նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրումը 2021–2026 թվականների ծրագրային ժամանակաշրջանի ավարտին ամբողջությամբ չի իրականացվել․ մարզերի գերակշիռ մասը մինչ օրս չունի միասնական երթուղային ցանց։ Ծրագիրը մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է եղել իրականացնել 10 մարզերից 3-ում միայն՝ գնահատվելով «մասնակի կատարված»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է՝ միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել և շահագործվում է միայն՝
- Կոտայքի մարզում,
- Արագածոտնի մարզում,
- Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։
Մյուս մարզերում և տարածաշրջաններում ցանցի ներդրումը դեռ չի ավարտվել։ Որոշ դեպքերում մրցույթները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով, որոշ դեպքերում մրցույթների արդյունքները վիճարկվել են դատարանում։
Ըստ ՏԿԵՆ-ի, Արմավիրի տարածաշրջանի փոխադրողի ընտրության մրցույթի արդյունքները դատական կարգով վիճարկվում են դեռևս 2021 թվականից։
Արարատի մարզում մրցույթի սկզբնական հաղթողը 2023 թվականին զրկվել է երթուղիները սպասարկելու իրավունքից՝ անհրաժեշտ տրանսպորտային միջոցները չներկայացնելու պատճառով։ 2025 թվականին վարչական դատարանի վճռից հետո նույն ընկերության հետ ստորագրվել է հայտ-պարտավորագիր, սակայն այն կրկին չի ներկայացրել պահանջվող տրանսպորտային միջոցները և զրկվել է սպասարկման իրավունքից։
Նախարարության տեղեկացմամբ՝ 2026 թվականին կազմակերպված նոր մրցույթում հաղթել է «Վեդու ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը ներկայացրել է տրանսպորտային միջոցները և փաստաթղթային գործընթացն ավարտելուց հետո սկսել երթուղիների սպասարկումը։ Ժամկետների մասին ՏԿԵ նախարարությունից չեն հայտնել։
Գեղարքունիքի մարզում Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների համար 2024 թվականին ընտրված փոխադրողը՝ «Գ-Արքունիք-1» ՍՊԸ-ն 2025-ին զրկվել է սպասարկման իրավունքից՝ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում հաձնաժողովի գնահատմանը չներկայացնելու պատճառով։ 2025 թվականի նոյեմբերին անցկացված նոր մրցույթի արդյունքում Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների փոխադրող է ընտրվել «Ավտոփայլ» ընկերությունը։ Տրանսպորտային միջոցները ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։
Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների համար 2026 թվականի ապրիլին ընտրված ընկերություններին ավտոբուսները ներկայացնելու ժամկետ է տրվել մինչև սույն թվականի հոկտեմբերի 13-ը։
Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում նախկինում հայտարարված մրցույթները չեն կայացել՝ հայտերի բացակայության հիմքով։ Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի հերթական մրցույթները նախարարությունը նախատեսել է անցկացնել 2026 թվականի վերջին։
Այսպիսով, Հայաստանի 10 մարզերից միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է միայն երկուսում՝ Կոտայքում և Արագածոտնում, իսկ ևս 1-ում՝ Արմավիրի մարզում մասմաբ․ միայն Վաղարշապատի տարածաշրջանում։ Արդյունքում այս միջոցառումը փոխանցվել է հաջորդ հնգամյա ծրագիր ու ներառվել 2026-2031 թթ կառավարության ծրագրում։
Ծրագրային համակարգը կա, էլեկտրոնային տոմսավորումը՝ ոչ
Կառավարության ծրագրով նախատեսվում էր նաև ստեղծել երթուղիների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրող հարթակ, իսկ 37.2 միջոցառմամբ՝ ներդնել երեք հիմնական բաղադրիչ՝
- երթուղիների քարտեզագրում,
- էլեկտրոնային տոմսավորում,
- էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն։
ՏԿԵՆ-ն այս միջոցառումը ևս գնահատել է որպես «մասնակի կատարված»։
Նախարարության բացատրությամբ՝ միասնական ցանցի ներդրման մրցութային փուլերն ավարտած տարածքներում էլեկտրոնային երթակարգավարումն արդեն իրականացվում է ծրագրային համակարգի միջոցով, սակայն էլեկտրոնային տոմսավորումը դեռ չի ներդրվել․ այն հնարավոր կլինի գործարկել միայն բոլոր մարզերում միասնական երթուղային ցանցերի ներդրումից հետո։
Չկատարված խոստումը կրկնվել է նոր ծրագրում
Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում կրկին ամրագրվել է Հայաստանի ամբողջ տարածքում միասնական երթուղային ցանց ներդնելու խոստումը։ Ըստ ծրագրի՝ դրա արդյունքում բոլոր մարզերը պետք է ունենան որակյալ տրանսպորտային սպասարկում։
Այսպիսով, կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսված երկու միջոցառումներն էլ սահմանված ժամկետներում ամբողջությամբ չեն իրականացվել։ ՏԿԵՆ-ի տվյալներով՝ միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է 10 մարզից միայն երկուսում՝ Կոտայքում և Արագածոտնում, իսկ Արմավիրի մարզում միջոցառումն իրականացվել է մասնակի՝ ցանցը լիարժեք գործում է միայն Վաղարշապատի տարածաշրջանում։ Էլեկտրոնային տոմսավորումը ևս դեռ չի գործարկվել։ Հետևաբար միասնական ցանցի ներդրման չավարտված խոստումը փաստացի տեղափոխվել է հաջորդ հնգամյակ։
Գայանե Մարկոսյան

Leave a Reply