Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա գրել է․ «Սենսացիոն հայտնագործություն։ Սահմանադրության նախագիծը հասանելի է Sahmanadrutyun.com կայքում։ Փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ նախագիծը։ Եթե հավես չունեք, ուրեմն կարդացեք հետևյալ հոդվածները։ Նախաբան։ Գլուխ 1 — հոդված 5 ։ Գլուխ 4 ։ Գլուխ 6 — հոդվածներ 45, 46 , 47 ։ Գլուխ 7 ։ Գլուխ 9։ Գլուխ 10։ Գլուխ 11։ Գլուխ 12: Այս ամենը ապշեցուցիչ է։
P.S. Խնդրում եմ տարածել սա, քանի որ շատ կարևոր է։ Եթե մենք չենք ուզում պարտվել Փաշինյանին, տանը նստած նվազագույնը, որ կարող ենք անել, այս հաղորդագրությունն է տարածելը , որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում»։
Նույն տեքստը տարածել է նաև Իկոնոմովի թիմակից Նինա Կարապետյանցը, ինչպես նաև «Մեդիամաքսը», Արմատ Մեդիա-ն, Aysor{.}am, Politik{.}am կայքերի սոցիալական էջերը։

Հատկանշական է, որ կեղծ տեղեկատվության տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը», որի իրական շահառուների թվում, ըստ պետռեգիստրի տվյալների, նույն Արտաշես Իկոնոմովն է․ ունի 40 տոկոս մասնակցություն։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող տեքստը պաշտոնական չէ, իսկ կայքը, որտեղ հրապարակվել է այն՝ կասկածելի։
Մասնավորապես, հրապարակված փաստաթուղթը Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնապես հրապարակված նախագիծը չէ։ Ավելին՝ տեքստում կան բազմաթիվ ներքին հակասություններ և տեխնիկական սխալներ, իսկ դրա առանցքային դրույթները զգալի նմանություններ ունեն Իկոնոմովի և «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման՝ դեռևս 2025 թվականին ներկայացրած առաջարկների հետ։
Արդարադատության նախարարությունը հերքում է
Հրապարակումից շուրջ 2 ժամ անց նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունը։ Սակայն FIP.am-ը ավելի խորքային է անդրադարձել ներկայացված նախագծին։
Sahmanadrutyun{.}com-ի մասին
Այս դոմեյնը, ըստ Who.is-ի տվյալների, նոր է ստեղծվել՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այսինքն՝ կայքը, որտեղ հիմա ներկայացվում է իբրև նոր Սահմանադրության նախագիծ, ընդամենը 5 օր առաջ է գրանցվել։ Դոմեյնի տվյալները վերջին անգամ ստուգվել են սեպտեմբերի 8-ին։
Դոմեյնը գրանցված է GoDaddy-ի միջոցով՝ մեկ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 3-ը։
Այս տվյալները չեն բացահայտում կայքի իրական սեփականատիրոջը և ինքնին չեն ապացուցում, թե ով է ստեղծել կամ հրապարակել փաստաթուղթը։ Սակայն ցույց են տալիս, որ խոսքը նորաստեղծ կայքի մասին է, ոչ թե նոր Սահմանադրության մշակման գործընթացին զուգահեռ երկար ժամանակ գործող պաշտոնական կամ մասնագիտական հարթակի։
Նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը դեռ չի հրապարակվել
Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները Հայաստանում իսկապես ընթանում են, սակայն դրա վերջնական տարբերակը հանրությանը դեռ չեն ներկայացրել։
Պաշտոնական ոչ մի կայքում (Արդարադատության նախարարություն, Կառավարություն, Ազգային Ժողով, Սահմանադրական դատարան և այլն) այս նախագիծը հրապարակված չէ։
Դրա բովանդակության մասին որոշ մանրամասներ հայտնի են։ Օրինակ՝ օգոստոսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։
Օգոստոսի 24-ին նույն դիրքորոշումը հրապարակայնորեն հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։
Չնայած սրան, այսպես կոչված նոր սահմանադրության տեքստի նախաբանը հղում է անում անկախության հռչակագրին։
Տարածվող տեքստում անորակ ձևակերպումներ ու մի շարք հակասություններ կան
Իկոնոմովի ու Կարապետյանցի կողմից տարածվող տարածվող փաստաթղթի ոչ միայն ծագումն է կասկածելի, այլ նաև դրանում հայերեն ձևակերպումներն ու մտքերը։
FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Սահմանադրության նախագիծ ներկայացվող տեքստում կան մի շարք ներքին հակասություններ, անորոշություններ ու տեխնիկական վրիպումներ։
Հակասություններից մի օրինակ՝ փաստաթղթի 63-րդ հոդվածը սահմանում է Ազգային արժեքների ինստիտուտի (ԱԱԻ) կառուցվածքը և նշում, որ այն ունի երեք ուսումնական մակարդակ՝ I, II և III։ Սակայն ընդամենը մի քանի հոդված անց Պետական խորհրդի ձևավորումն արդեն կապվում է Ազգային արժեքների ինստիտուտի IV մակարդակի՝ «Ազգային խորհրդի» հետ։ Այսինքն՝ գոյություն չունեցող մակարդակի։ Իսկ ըստ 66-րդ հոդվածի՝ հենց այդ IV մակարդակն է առաջադրելու Պետական խորհրդի անդամներին։ IV մակարդակը հետագայում կրկին հիշատակվում է 75-րդ հոդվածում, իսկ անցումային դրույթներով նույնիսկ նախատեսվում է, որ մինչև Պետական խորհրդի ձևավորումը հենց ԱԱԻ-ի IV մակարդակը պետք է իրականացնի դրա լիազորությունները։
Այսինքն՝ փաստաթղթի մի հոդվածով ինստիտուտն ունի երեք մակարդակ, իսկ մյուս հոդվածներով առանցքային սահմանադրական լիազորություններ են վերապահվում չսահմանված չորրորդ մակարդակին։
Ո՞վ է նշանակում դատավորներին և գլխավոր դատախազին
Նշանակումների մեխանիզմները ևս միմյանց չեն համապատասխանում։ 26-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազի և բոլոր ատյանների դատավորների նշանակման ժամանակ Պետական խորհուրդը թեկնածուներ է առաջարկում Ազգային ժողովին, իսկ վերջնական որոշումը կայացնում է Ազգային ժողովը։ Նույն հոդվածը մանրամասն նկարագրում է նույնիսկ այն ընթացակարգը, որը պետք է կիրառվի, եթե ԱԺ-ն մերժի թեկնածուներին։
Մինչդեռ դատական իշխանության մասին 41-րդ հոդվածն արդեն սահմանում է, որ բոլոր ատյանների դատավորներին նշանակում է Պետական խորհուրդը՝ Ազգային արժեքների ինստիտուտի առաջարկությամբ։
Նույն հակասությունը կա գլխավոր դատախազի դեպքում։ 46-րդ հոդվածով գլխավոր դատախազին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ՝ ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։
Այսպիսով, նույն փաստաթղթի տարբեր հոդվածներից պարզ չէ՝ վերջնական նշանակող մարմինը Ազգային ժողո՞վն է, թե՞ Պետական խորհուրդը։
Հակասություններ կան նաև ԿԸՀ-ի դեպքում․ 26-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նշանակումը նույնպես նկարագրում է որպես Պետական խորհրդի և Ազգային ժողովի համատեղ գործընթաց, որի ընթացքում վերջնական որոշում է կայացնում Ազգային ժողովը։ Բայց 52-րդ հոդվածում արդեն գրված է, որ ԿԸՀ նախագահին և անդամներին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ և ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։
Ի՞նչ են ասում Իկոնոմովի ու Կարապետյանցի առանձնացրած հոդվածները
Այս տեքստը տարածած գործիչները առանձնացրել են մի քանի գլուխներ ու հոդվածներ և ընդգծել․ «Այս ամենը ապշեցուցիչ է»։
Իսկ ի՞նչ են ասում նրանց առանձնացրած նախաբանն ու հոդվածները, որոնք նրանք համարում են ապշեցուցիչ։ Նախաբանում խոսում են Հայաստանի անկախության հռչակագրի մասին․ «․․․Հայ ժողովուրդը, հիմնվելով հայ պետականության հիմնարար սկզբունքների և ազգային նպատակների վրա, որոնք ամրագրված են 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում, իրականացնելով ինքնիշխան պետություն վերականգնելու իր նախնիների կտակը և նվիրված լինելով հայրենիքի բարգավաճմանն ու համամարդկային արժեքներին, ընդունում է այս Սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրը հանդիսանում է Սահմանադրության անբաժանելի մասը»։
Նույն առանձնացված հոդվածներից մեկով Սահմանադրությունն ունի գերագույն իրավական ուժ, իսկ Անկախության հռչակագիրն ունի գերագույն իրավական ուժ բոլոր նորմատիվ ակտերի նկատմամբ (բացի բուն Սահմանադրությունից) և չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»։
Սահմանադրության մեջ հայտնվել են աշխատանքային գրառման նմանվող ձևակերպումներ
Տեքստում կան նաև ձևակերպումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են նախագծի հեղինակների բացատրություններ կամ աշխատանքային նշումներ, քան սահմանադրական նորմեր։ Օրինակ՝ 26-րդ հոդվածում ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի վերաբերյալ գրված է՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 9 ամիս)»։ 49-րդ հոդվածում կրկին հանդիպում է նույն ոճը՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 6 ամիս)»։
Իսկ 78-րդ հոդվածում նշվում է, որ Պետական խորհուրդը և Ազգային արժեքների ինստիտուտը կարող են ժամանակավորապես կատարել միմյանց գործառույթները՝ փակագծերում ավելացնելով բացատրություն՝ «իշխանության վակուումից խուսափելու համար»։
Այսպիսի բացատրական փակագծերը ինքնին չեն ապացուցում փաստաթղթի կեղծ լինելը, սակայն բնորոշ չեն վերջնական իրավական ակտի մշակված շարադրանքին և լրացուցիչ հարցեր են առաջացնում տեքստի պատրաստման մակարդակի վերաբերյալ։
Կա նաև ակնհայտ տեխնիկական վրիպում
66-րդ հոդվածում Պետական խորհրդի առաջին կազմի անդամների ժամկետների մասին գրված է. «Առաջին կազմի համար սահմանվում է հետևյալ վաշտի կարգը (վիճակահանությամբ)»։ Հաջորդ կետն արդեն խոսում է «առաջին կազմի ժամկետները որոշելու վիճակահանության» մասին։ «Վաշտի կարգը» տվյալ համատեքստում իմաստ չունի և ակնհայտորեն տեխնիկական կամ խմբագրական վրիպում է։
Տարածվող «նախագիծը» նմանություններ ունի «ՆԺԱՐ»-ի ներկայացրած սահմանադրական մոդելի հետ
Ուշագրավ է, որ որպես իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթի մի շարք առանցքային դրույթներ համընկնում են ոչ թե իշխանությունների հրապարակային հայտարարությունների, այլ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման ներկայացրած գաղափարների հետ։
«ՆԺԱՐ» շարժման մեկնարկի մասին 2025 թվականի օգոստոսին հայտարարել էին ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը(նա ավելի ուշ դուրս եկավ այս կազմից-խմբ․) և իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Շարժումը նաև քաղաքական հայտ էր ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Արտաշես Իկոնոմովը հայտարարել էր, որ իրենց մշակած ինստիտուցիոնալ համակարգը ներառելու է Պետական խորհուրդ և ազգային ինստիտուտ։ Իկոնոմովը նաև բավական մանրամասն նկարագրել էր առաջարկվող Պետական խորհուրդը՝ նշելով, որ այն պետք է կազմված լինի 9 տարով ընտրվող 9 անդամից։
Որպես Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթում հանդիպում ենք գրեթե նույն կառուցվածքին։ Այստեղ նույնպես ստեղծվում են Ազգային արժեքների ինստիտուտ և Պետական խորհուրդ, իսկ վերջինս բաղկացած է հենց 9 անդամից՝ 9-ամյա լիազորությունների ժամկետով։
Եզրակացություն
Այսպիսով, Արտաշես Իկոնոմովի, Նինա Կարապետյանցի, «Մեդիամաքս»-ի և մյուսների կողմից տարածվող տեքստը, որը հրապարակվել է Sahmanadrutyun{.}com դոմեյնով կայքում, Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը չէ, դրա հետ որևէ աղերս չունի։ Ավելին, Արդարադատության նախարարությունը հերքել է դրա՝ պաշտոնական նախագիծ լինելու մասին տեղեկությունը։
Ուշագրավ է նաև փաստաթղթի տարածման ժամանակագրությունն ու այն տարածողների միջև կապը։ Sahmanadrutyun.com դոմեյնը գրանցվել է միայն 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ փաստաթղթի լայն տարածումից հինգ օր առաջ։ Միաժամանակ այնտեղ հրապարակված տեքստի առանցքային ինստիտուցիոնալ լուծումները զգալիորեն համընկնում են Արտաշես Իկոնոմովի և նրա համահիմնադրած «ՆԺԱՐ» շարժման՝ դեռ 2025 թվականին հրապարակայնորեն ներկայացրած սահմանադրական մոդելի հետ։
Հենց Իկոնոմովն էլ սեպտեմբերի 8-ին նորաստեղծ կայքում տեղադրված փաստաթուղթը ներկայացրել է որպես իշխանությունների մշակած Սահմանադրության նախագիծ՝ այն անվանելով «սենսացիոն հայտնագործություն» և հետևորդներին կոչ անելով հնարավորինս տարածել տեղեկությունը։ Նրա թիմակից Նինա Կարապետյանցից բացի՝ հրապարակման տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը»։ Հատկանշական է, որ պետռեգիստրի տվյալներով Իկոնոմովը «Մեդիամաքս Մեդիաքոմփանի» ՍՊԸ-ի իրական շահառուներից է՝ 40 տոկոս մասնակցությամբ։
Արեն Նահապետյան
Հասմիկ Համբարձումյան
Leave a Reply