Սարոյանի «Նռնենիները» եւ Դմիտրի Լագուտինի լուծված «գաղտնիքը»

Written by

in

Սեպտեմբերի 4-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի հրավերով Երեւան ժամանած ռուս արձակագիր Դմիտրի Լագուտինը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում խոսում էր Վիլյամ Սարոյանի մասին։ 
Նրա կողքին՝ Սարոյանի եւ մեկ այլ սիրելի գրողի՝ ռուս արձակագիր Յուրի Կովալի լուսանկարներն էին։ 
Լագուտինը խոստովանում է, որ մի փոքր հուզված է։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ համար իսկապես ինչ-որ կախարդանքի է նման»,- ասում է նա՝ բացատրելով, որ Սարոյանն իր ամենասիրելի գրողներից է, եւ որ նրա հետ կապված մի ամբողջ պատմություն ունի, որը եկել է պատմելու երեւանյան լսարանին։
Կովալը «ծանոթացրեց» Սարոյանի հետ
Դմիտրի Լագուտինը Սարոյանի մասին իմացել է մեկ այլ՝ ռուս գրող Յուրի Կովալին բացահայտելու ընթացքում.
 
«Սիրահարվել էի Յուրի Կովալի արձակին ու հասկանում էի նրա տեքստերի ինքնատիպությունն ու ոչ սովորական լինելը։ Հետո սկսեցի կարդալ նրա մասին եղած ամեն ինչ եւ իմացա, որ նրա ամենասիրելի հեղինակներից մեկը Վիլյամ Սարոյանն է։ 
Կովալն ասում էր. «Ամենից շատ ես սիրում եմ նրա «Նռնենիները» պատմվածքը»։ Նա նաեւ ասում էր, որ իր «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակը «Նռնենիների» խոնարհումն է։ Երբ լսեցի այս խոսքերը, հիացմունքից սկսեցի պարել, քանի որ Կովալի այդ գործն իմ ամենասիրելից մեկն է։ Այսպես տեղի ունեցավ իմ ծանոթությունը Սարոյանի հետ։ Բնականաբար, անմիջապես մտա համացանց, սկսեցի փնտրել նրա գիրքը»։ 
Նրա խոսքով՝ «Նռնենիները» պատմվածքի նուռն անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ ռուսական հողի վրա վերածնվեց Յուրի Կովալի «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակի տեսքով. 
«Սարոյանի պատմվածքում հերոսները դուրս են գալիս քաղաքից եւ գնում անապատ՝ երազելով այնտեղ նռնենիների այգի ստեղծել։ Կովալի վիպակում գլխավոր հերոսը նույնպես երազում է կառուցել իր նավակը եւ դրանով դուրս գալ Մոսկվայից։ Երկու դեպքում էլ հերոսը փորձում է քաղաքից դուրս գալ դեպի բնություն՝ իրականացնելով իր երազանքը։ Բայց այդ ճանապարհի բախվում է իրականությանը»։
Խոնարհման հանելուկը
Դմիտրի Լագուտինից երկար ժամանակ է պահանջվել, մինչեւ կարողացել է բացահայտել կապը Կովալի «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակի եւ Սարոյանի «Նռնենիների» միջեւ։ 
«Ինձ համար հանելուկ էր, թե ինչ խոնարհման մասին է ասում Կովալը։ Ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ կապ կարող են ունենալ այս երկուսը։ Այդ հարցը երկար տարիներ ինձ համար չլուծված գաղտնիք էր մնում։ Հետո մենք եկանք Երեւան, սկսեցի նորից կարդալ երկու տեքստերը եւ փորձել հասկանալ, թե ինչ է այդ խորհրդավոր «խոնարհումը», ինչում է այն։ Այդ որոնումների ընթացքում սկսեցին ի հայտ գալ որոշ նմանություններ, սկսեցի տեսնել այն սկզբունքները, որոնք կան «Նռան այգում», եւ դրանք համեմատել Կովալի տեքստերի հետ։
Օրինակ՝ բնությունը երկու հեղինակների մոտ էլ պարզապես միջավայր չէ։ Այն տարածություն է, որն անտարբեր է մարդկային ձգտումների ու երազանքների նկատմամբ։ Կոպիտ ասած՝ ամերիկյան անապատը կարող է մարդկանց համար համակրելի լինել, բայց «Նռան այգում» այն անտարբեր է։ Ե՛վ Կովալի, եւ՛ Սարոյանի մոտ բնությունը ինչ-որ ինքնակամ, գրեթե անճանաչելի բան է՝ ընդհուպ մինչեւ անանունություն։ Եվ հենց այստեղ սկսում ես հասկանալ, թե ինչ կարող էր նշանակել Կովալի ասած խոնարհումը»:
Սարոյանի ազդեցությունը ռուս գրականության վրա
«Սարոյանը ռուսական գրականություն մտավ Խորհրդային Միության տարիներին։ Իսկ արդեն 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո, ընդհատվեց մի որոշակի ավանդույթ, ժառանգականությունը՝ ոչ միայն գրական, այլեւ ընթերցողական։ Կային հեղինակներ, որոնք մտնում էին գրական դաշտ, ընթերցողների տեսադաշտ, մնում էին, զարգանում եւ անցնում էին ինչ-որ ճանապարհ՝ ընդհուպ մինչեւ հաջորդ սերնդի հեղինակների վրա ազդեցությունը։ 90-ականներին մեզ մոտ այդ բոլոր ցիկլերն ընդհատվեցին»,– ասում է բանախոսը։
Դմիտրի Լագուտինի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման «ամպերի» հետեւում մնացին շատ հեղինակներ, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանը.
«Հիմա Ռուսաստանում, ցավոք, Սարոյանին քիչ են ճանաչում, քիչ են հրատարակում։ Եթե մարդկանց մոտենաք եւ հարցնեք՝ գիտե՞ք՝ ով է Վիլյամ Սարոյանը, ամենայն հավանականությամբ տասից յոթը կասեն, որ չգիտեն։ Բայց իրական գրականության էությունն այն է, որ այն երբեք ամբողջովին չի անհետանում։ Հեղինակները, այնուամենայնիվ, մնում են այդ «ամպերի» հետեւում, ամպերը ցրվում են եւ լավ գրականությունը միշտ վերադառնում է ընթերցողին։ Եվ Վիլյամ Սարոյանը քիչ-քիչ վերադառնում է, որովհետեւ նրան, առայժմ շատ հանգիստ տեմպով, բայց սկսում են վերահրատարակել»։
«Հնարավոր է, հենց հիմա էլ Սարոյանը շարունակում է ազդել մեր գրականության վրա։ Կարելի է բազմաթիվ տեքստեր կարդալ եւ տեսնել այդ ազդեցության հետքերը: Մենք հասկանում ենք, որ հեղինակները հսկայական քանակությամբ գրքեր են կարդում եւ այդ տեքստերը կարող են ենթագիտակցության մաս կազմել։ Դրանք մնում են ընթերցողական գիտակցության մեջ, եւ երբեք չգիտես, թե որտեղ եւ ինչպես կարող են հետագայում ծլել ու աճել»,- նշում է նա։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *