Օտարերկրյա ներդրումներ չկան, բայց Կապանի տնտեսությունն ակտիվանում է

Written by

in

Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերը հիմնականում տեղացի գործարարների կողմից են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի արձանագրվել։ Ավելին՝ ակտիվություն է նկատվում հատկապես շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։

«Շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Մարդիկ էլի կառուցելու նպատակ ունեն, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա»,– նշել է Թադևոսյանը։

Բնակարանների պահանջարկն աճում է

Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Կապանում բնակարանների նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է, ինչն էլ վերջին տարիներին հանգեցրել է անշարժ գույքի գների աճի։

Վերջին տարիներին քաղաքում կառուցվել է երեք նոր բազմաբնակարան շենք։ Նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի բնակարանների գներին։

«Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասել է նա։

Խուստուփը՝ Կապանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը

Տնտեսական ակտիվության մյուս ուղղությունը զբոսաշրջությունն է։ Թադևոսյանի խոսքով՝ հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելող զբոսաշրջիկների հոսքը նկատելիորեն աճել է։

Քաղաքի զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկը Խուստուփն է, որը, նրա գնահատմամբ, աստիճանաբար ավելի ճանաչելի է դառնում։

«Շատերին հետաքրքրում է Խուստուփը, այն ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետև ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարևոր ուղղությունները։ Այսօր արդյունքն այն է, որ նկատում ենք այդ մեծ հոսքերը»,– նշել է փոխքաղաքապետը։

Կապան–Իրան տնտեսական կապերի ակտիվացում

Օտարերկրյա ներդրումների բացակայության պայմաններում Կապանը փորձում է ակտիվացնել տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն համագործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։

«Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտել է նա։

Նրա խոսքով՝ Կապանում արդեն կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները այցելել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։

Այսպիսով, համայնքի տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն այս փուլում տեղական բիզնեսը, շինարարությունը, զբոսաշրջությունն ու Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *