Մեթյու Բրայզան ցանկանում է մասնակցել TRIPP-ին առնչվող ներդրումներին

Written by

in

Ներկայացնում ենք Ջիմ Սթենմանի One year on, Trump’s Armenia-Azerbaijan corridor takes shape, and Georgia spends to stay ahead of it հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով): 

 

Ջիմ Սթենման 

 

Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հյուրընկալելուց, համատեղ հռչակագիր ստորագրելուց եւ արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելուց հետո մեկ տարի անց երկու երկրների կառավարությունները նշեցին այդ տարեդարձը համատեղ հայտարարությամբ՝ հիշատակելով նրանց կողմից գագաթնաժողովից մի քանի օր անց ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրման փաստը։

 

«Ինձ համար դա անհավատալի էր՝ դրական իմաստով։ Ամենակարեւորն այն էր, որ ԱՄՆ նախագահն այդքան խորությամբ ներգրավվեց գործընթացում։ Նման բան չէր եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Ջորջ Բուշը 2001 թվականի ապրիլին հյուրընկալեց Ադրբեջանի եւ Հայաստանի այն ժամանակվա առաջնորդներին», – ինձ ասաց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։ 

Գործարքի հիմքում ընկած երթուղին կրում է նրա անունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP)։ Այն նախատեսում է երկաթուղային եւ ավտոմոբիլային կապ ստեղծել Հայաստանի հարավով՝ կապելով մայրցամաքային Ադրբեջանը նրա Նախիջեւան էքսկլավի հետ։ Նախիջեւանը մայրցամաքային Ադրբեջանից անջատվել է 1920-ականների սկզբին խորհրդային սահմանների գծման հետեւանքով, երբ Հայաստանի տարածքի մի հատված հայտնվեց նրանց միջեւ։ Տասնամյակներ շարունակ Նախիջեւան ցամաքային ճանապարհով հասնելու համար անհրաժեշտ էր անցնել Իրանի տարածքով։

 

Մեկ տարի անց Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ, իսկ դրա ստորագրման նախապայմաններից մեկը՝ Ադրբեջանի պահանջած՝ Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, դեռեւս ժամկետ չունի։

 

Սակայն շարժման մեջ է դրված մեկ այլ բան՝ փողը։

 

Փողը՝ պայմանագրից առաջ

 

Տարեդարձի օրը Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Trans-Caspian Enterprise Fund ֆոնդն արդեն գործում է՝ ընտրված խորհրդով եւ 201 մլն դոլարի չափով ԱՄՆ կառավարության կապիտալով։ Ֆոնդը Վաշինգտոնի կողմից երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու հիմնական գործիքն է։ Սակայն դաշնային ծախսերի վերաբերյալ տվյալներն ավելի ամբողջական պատկեր են ներկայացնում։ USAspending.gov-ի տվյալներով՝ Պետդեպարտամենտը հունվարի վերջին 201 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել, իսկ հուլիսի 16-ին փոփոխել է այն՝ պարտավորության չափը հասցնելով 402 մլն դոլարի։ Հայտարարության մեջ ավելի փոքր թիվը ներկայացվել է որպես արդեն վճարված կապիտալ, մինչդեռ ավելի մեծ գումարը չի նշվել։ Այս տարբերությունը վկայում է այն մասին, թե որքան հեռու է Վաշինգտոնը պատրաստվում գնալ այս նախագծում։

Կորպորատիվ ճարտարապետությունը նույնպես շարունակում է ձեւավորվել։ TRIPP Development Company-ն՝ հուլիսին ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) խորհրդի կողմից հաստատված համատեղ ձեռնարկությունը, կունենա միջանցքի զարգացման եւ շահագործման բացառիկ իրավունքները 49 տարվա սկզբնական ժամկետով՝ եւս 50 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Վաշինգտոնին պատկանում է ընկերության բաժնեմասերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։ Հայաստանի բաժնեմասը կարող է հասնել 49%-ի միայն պայմանագրի երկարաձգման դեպքում։

 

TRIPP-ը կարող է ամրագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված կարգավորումը եւ ճանապարհ հարթել Հայաստանի ու Թուրքիայի սահմանի բացման համար, որը 1993 թվականից փակ է՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Բրայզայի կարծիքով՝ ներկայիս զարգացումների տրամաբանությամբ այդ սահմանի վերաբացումը գրեթե անխուսափելի է։ Դա Հարավային Կովկասը կդարձնի ավելի փոխկապակցված, քան երբեւէ՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

 

Բրայզան այս միջանցքին հետեւել է ավելի շատ տեղերից, քան մյուսները՝ Սպիտակ տան աշխատակցի, Բաքվում ԱՄՆ դեսպանի, տարիներ շարունակ ձախողված կարգավորման գործընթացի համանախագահի, իսկ այժմ՝ Ստամբուլում բնակվող ռիսկերի կառավարման խորհրդատուի կարգավիճակով։ Նա ասում է, որ հույս ունի մասնակցել միջանցքի հետ կապված ներդրումներին, ինչը, հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, ուշագրավ հետաքրքրություն է։

Նրա գնահատականը, որը նա ներկայացրեց իմ «Գլոբալ ուժի տեղաշարժեր» փոդքասթում, այն է, որ խաղաղությունն իրական է, նույնիսկ եթե համապատասխան փաստաթղթերը դեռ ստորագրված չեն։ «Գործարքն իրականում կնքված չէ», – ասաց նա։ Այնուամենայնիվ, Ալիեւը շարունակում է հայտարարել, որ երկու երկրներն արդեն փաստացի խաղաղության մեջ են, ցորենն ու վառելիքը տեղափոխվում են, իսկ ենթակառուցվածքային ներդրումները, նրա խոսքով, «հիմք են դնում տնտեսական աճի եւ տնտեսական համագործակցության, եւ, հետեւաբար, հուսով եմ՝ երկարաժամկետ խաղաղության համար»։ Բրայզան միջանցքն անվանում է «խոստումնալից, բայց դեռեւս գոյություն չունեցող»։

 

«Նախորդ շաբաթ Վաշինգտոնում էի։ Հանդիպումներ ունեցա ամենուր, այդ թվում՝ Ապիտակ տան Արեւմտյան թեւում», – ասաց նա, երբ զրուցում էինք օգոստոսի կեսերին։ «Իմ բոլոր զրուցակիցներն ասացին, որ նախագահ Թրամփը չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում այս միջանցքի առաջխաղացմանը՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա կենտրոնական հատվածը կոչվել է իր անունով։ Նրա ռազմավարական հաշվարկը նույնպես միանգամայն անկեղծ է. այս գործարքը «հսկայական ռազմավարական հետընթաց» է Ռուսաստանի համար, որը երկու դար շարունակ գերիշխել է տարածաշրջանում: «Ռուսաստանն անկասկած այլեւս գլխավոր խաղացողը չէ։ Նախագահ Թրամփի օրոք գլխավոր խաղացողն այսօր ԱՄՆ-ն», – ասել է Մեթյու Բրայզան:

 

Նույն երթուղուն բոլորովին այլ գնահատական է տալիս Լաշա Ամաշուկելին, որը երկար տարիներ աշխատել է Վրաստանում լոգիստիկայի ոլորտում, իսկ վերջերս դարձել է Օմանի նավթամթերքի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվող Lydeoil ընկերության փոխնախագահ։ 

 

Նրա բեռների մեծ մասը դեռ անցնում է Սեւ ծովի նավահանգիստներով, որոնք TRIPP-ը շրջանցելու է, գործոն, որը մեծ խոչընդոտ է երթուղու համար: Հենց այդ պատճառով էլ Ամաշուկելիի կարծիքը կարեւոր է. նա տասնամյակներ շարունակ բեռներ է տեղափոխել այն երթուղով, որի հետ նոր միջանցքը մտադիր է մրցակցել։

Լաշա Ամաշուկելին Լաշա Ամաշուկելին

 

Նրա խորհուրդը TRIPP-ի շուրջ ծրագրեր քննարկող բեռնափոխադրողների համար հստակ է: «Դեռ շատ վաղ է, ամեն ինչ չափազանց անորոշ է: Կարծում եմ՝ վաղ թե ուշ այն կսկսի գործել: Սակայն ես դրան մեծ միջազգային նշանակություն չէի տա։ Ավելի շուտ՝ այն կծառայի առեւտրին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ», – ասաց նա ինձ։ Նրա հիմնավորումը բեռնափոխադրողի պարզ հաշվարկն է. միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ է ծովային նավահանգիստ, իսկ նոր երթուղուն ամենամոտը Տրապիզոնի նավահանգիստն է։ Նրա հաշվարկով՝ այդ ճանապարհը մոտ 400 կիլոմետրով ավելի երկար է, քան Բաքվից դեպի Փոթի կամ Բաթումի գործող երթուղին։ Բացի այդ, նոր ճանապարհը անցնելու է լեռնային ոլորաններով, ոչ թե հարթ տեղանքով, ինչը ուղղակիորեն ազդելու է փոխադրման արժեքի վրա: «Թող ներեն հարեւաններս, բայց ես այս երթուղին դեռ լուրջ տարբերակ չեմ համարում», – ասում է Լաշա Ամաշուկելին:

«Եթե Հայաստանը չի հրաժարվում մաքսային ոլորտում իր ինքնիշխանությունից, ապա Ադրբեջանից Թուրքիա տեղափոխվող բեռները պետք է երկու անգամ սահմանային եւ մաքսային վերահսկողություն անցնեն։ Մեկ անգամ՝ մուտք գործելիս, եւ մեկ անգամ՝ դուրս գալիս», – հավելում է նա։

 

Մեթյուն Բրայզան ներկայացնում է երկու երկրների մայրաքաղաքների դիրքորոշումների տարբերությունը. 

 

«Ադրբեջանցիներն ասում են. «Եթե մենք բեռներ ենք տեղափոխում Ադրբեջանի մի հատվածից մյուսը՝ Հայաստանի տարածքով, ինչո՞ւ պետք է ենթարկվենք Հայաստանի մաքսային ստուգումներին»։ Հայերն էլ ասում են. «Ձեր բեռը տարանցիկ կերպով անցնում է մեր տարածքով։ Իհարկե, մենք ինքնիշխան իրավունք ունենք այն ստուգելու»»։ 

 

Հունվարին հրապարակված ճանապարհային քարտեզը հաստատում է հայկական դիրքորոշումը։ Քանի դեռ այս քարկապը չի բացվել, միջանցքով փոխադրվելիք բեռների ծավալը խորհրդանշական է մնալու։ 

 

Վրաստանը դեռեւս գլխավոր ճանապարհն է

 

Արդյոք TRIPP-ը սպառնալիք է Վրաստանի համար, որը երեք տասնամյակ շարունակ այս առեւտրային ցամաքային կամրջի դերակատարն է:

 

Ամաշուկելիի պատասխանը գրեթե արհամարհական է. «Վրաստանում ոչ ոք TRIPP-ը մրցակից չի համարում»։ 

 

Թվերն ինքնին խոսուն են. անցյալ տարի վրացական նավահանգիստները սպասարկել են մոտ 700 000 քսանֆուտանոց կոնտեյներներ, մինչդեռ Բաքվի միջոցով փոխադրվել է մոտ 90 000-ը։ Սա ցույց է տալիս, որ գործող երթուղու գերիշխող դիրքը կառուցվածքային առավելություն է, ոչ թե պատահականություն։

 

Այնուամենայնիվ, Թբիլիսին ապահովագրում է իր դիրքերը։ «Մենք չենք կարծում, որ այս նոր երթուղին մեր մրցակիցը կլինի, բայց զգուշությունից ելնելով՝ մեծ ներդրումներ ենք կատարում՝ ցանկացած մրցակցության պատրաստ լինելու համար», – ասաց Ամաշուկելին։ Հունիսին Համաշխարհային բանկը հաստատել է 372 մլն դոլարի ֆինանսավորում՝ վրացական երկաթուղու եւ միջանցքի երկայնքով ճանապարհների արդիականացման համար։ Իսկ երկար տարիներ ձգձգվող Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը, Ամաշուկելիի խոսքով, «կտրուկ կփոխի մեր լոգիստիկ միջավայրը»: Այն կյանքի կոչելու պարագայում բեռնափոխադրումների մի մասը հնարավոր է տեղափոխել վրացական ավելի ծանծաղ նավահանգիստներից դեպի խորջրյա նավահանգիստ։

 

Բրայզան պնդում է, որ Թբիլիսին «ինքն իրեն դուրս է մղել եվրոպական խաղից»՝ մատնանշելով ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Անակլիայի նավահանգստի նախագծի չեղարկված կոնցեսիան։ Միեւնույն ժամանակ, նա հավելում է. «Եթե եւ երբ լինի նոր կառավարություն, որը կարտահայտի Վրաստանի ընտրազանգվածի ավելի քան 80 տոկոսի ցանկությունը՝ ինտեգրվելու Եվրոպային, ապա, կարծում եմ, ամեն ինչ շատ արագ կզարգանա»։

 

Թբիլիսիի Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էմիլ Ավդալիանիի գնահատմամբ՝ Վրաստանի՝ դեպի Մոսկվա թեքվելը, ինչպես դա սովորաբար բնութագրում են Արեւմուտքում, «ավելի լավ է ընկալել որպես ռազմավարական խոչընդոտ, քան վերջնական ընտրություն»։ Նա ասում է, որ «Ռուսաստանն այս պահին չունի քաղաքական կամ ռազմական կարողություններ՝ վերականգնելու այն տարածաշրջանային կարգը, որը կար մինչեւ 2022 թվականը»։

 

Իմ պատկերացումը

 

Սովորաբար նախ կնքվում է պայմանագիրը, ապա այն վավերացվում է, դրանից հետո հատկացվում է ֆինանսավորումը, եւ միայն այնուհետեւ սկսվում է շինարարությունը։ Այս դեպքում խաղաղությունը կառուցվում է հակառակ հերթականությամբ. ֆոնդն արդեն կապիտալացվում է, տեղում աշխատում են գեոդեզիստները, մինչդեռ իրավական կարգավորումը, առնվազն անվանապես, կախված է հանրաքվեից, որը դեռեւս չի անցկացվել։ Այս հաջորդականությունը պատահական չէ. տեղում ներդրված գումարը պայմանավորվածությունը թանկ է դարձնում հետ կանգնելու համար՝ այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, դեռեւս նախքան նրանց կարծիքը հարցնելը։ Իսկ թե դա կընկալվի որպես կայունացնող քայլ, թե խաղադրույք, կախված է, թե որ տեսանկյունից եք նայում:

 

Հետեւենք, թե արդյո՞ք TRIPP-ի շինարարությունը Հայաստանի տարածքում կսկսվի մինչեւ տարեվերջ, եւ արդյոք տեղաշարժ կլինի այն երկու երրորդի շեմի հարցում, որն անհրաժեշտ է Հայաստանի խորհրդարանում՝ հանրաքվե անցկացնելու գործընթացը նախաձեռնելու համար։ Մաքսային ռեժիմի հարցն ավելի վառ ցուցանիշ է. երբ Բաքուն եւ Երեւանը լուծեն կրկնակի մաքսազերծման խնդիրը, երթուղին կդադարի պարզապես խորհրդանշական լինել։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts