Մատենադարանի ցուցասրահներով շրջայցն ավարտելուց հետո այցելուն հայտնվում է նոր տարածքում, որտեղ կարելի է ոչ միայն հուշանվերներ գնել, այլեւ հանգստանալ ու սուրճ խմել։ Նոր լուծումը փոխել է նաեւ այցելուների տեղաշարժը շենքում՝ մուտքն ու ելքն այժմ տարանջատված են։
Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթեւիկ Մուրադյանը Մեդիամաքսին պատմել է վերջերս բացված հուշանվերների սրահի եւ այն մասին, թե նոր ձեւաչափն ինչպես կօգնի Մատենադարանին լրացուցիչ միջոցներ ստանալ՝ դրանք ուղղելով իր հիմնական առաքելությանը։
Մուտքը՝ միայն մուտք, ելքը՝ շրջայցից հետո
Մատենադարանի մուտքի եւ ելքի հոսքերը տարանջատել ենք, ինչպես ընդունված է միջազգային թանգարաններում։ Նախկինում Մատենադարանն ուներ մեկ գլխավոր մուտք, որով կազմակերպվում էր նաեւ ելքը։ Այդ պատճառով հատկապես խմբերի եւ աշակերտների այցելությունների ժամանակ խցանումներ էին առաջանում։ Այժմ գլխավոր մուտքը ծառայում է միայն որպես մուտք, իսկ ցուցասրահներով շրջայցն ավարտելուց հետո այցելուն նոր սրահով անցնում է դեպի ելք։ Այստեղ կարող է նստել, հանգստանալ, ջուր, հյութ կամ սուրճ խմել, ցանկության դեպքում նորից վերադառնալ ցուցասրահներ, ապա միայն դուրս գալ շենքից։
Գրքերից մինչեւ «Մատենից»
Հուշանվերների սրահում առաջին հերթին ներկայացված են Մատենադարանի հրատարակչության գրքերը, մանրանկարչության ալբոմներն ու մեր գիտաշխատողների աշխատանքները։ Այստեղ կան ե՛ւ գիտական հրատարակություններ, ե՛ւ պատկերագրքեր եւ ալբոմներ։ Նախկինում տարածքի բացակայության պատճառով չէինք կարող այդ ժառանգությունը պատշաճ կերպով ներկայացնել՝ գրքերը ցուցադրվում էին մեկ կամ երկու օրինակով։
Տաթեւիկ Մուրադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ ներկայացված կարեւոր արտադրանքներից մեկը «Մատենիցն» է՝ Մատենադարանի բացառիկ արտադրանքը։ Դրա շնորհանդեսը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, սակայն այն նոր արտադրանք չէ Մատենադարանի համար։ «Մատենիցը» շուրջ 30 տարվա աշխատանքի արդյունք է՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Սահակյանը միջնադարյան ձեռագրերից վերծանել է գաղտնագրված բաղադրատոմսերը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մատենիցը» պատրաստվում է 84 տեսակի բույսից, իսկ դրա բաղադրատոմսի առաջին հիշատակումը ձեռագրերում հանդիպում է 1232 թվականին։ Այդ պատճառով այն դիրքավորում ենք որպես հայկական ամենահին բրենդ։
Տաթեւիկ Մուրադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մատենիցը» միայն հուշանվեր չէ. դրա միջոցով ներկայացնում ենք նաեւ հայկական մշակույթը։ «Մատենիցի» փաթեթավորման հետ կա նաեւ թերթ, որի վրա ներկայացված է բալասանի ամբողջ պատմությունը։ Այն Մատենադարանի վերականգնողական բաժնի արտադրանքն է եւ պատրաստվում է թթենու թղթից, որով վերականգնում են հայկական ձեռագրերը։ Թուղթն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է եւ պատրաստվում է Մատենադարանի արտադրամասում։
Ձեռագրերից՝ այսօրվա արտադրանք
Ներկայացված են նաեւ մեր թեյերը, անուշաբույր յուղերը, էլիքսիրներն ու հատուկ պատրաստված մոմերը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դրանց բաղադրատոմսերը վերծանվել են միջնադարյան բժշկագիտական ձեռագրերից։ Գրեթե բոլոր իրերը, որոնք այստեղ ներկայացված են, ստեղծվում են հատուկ Մատենադարանի համար։
Համագործակցել ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ ստեղծել հատուկ հավաքածուներ։ Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր գործընկեր իր ոլորտում լավագույններից մեկը լինի, կիսի Մատենադարանի արժեքներն ու հասկանա, թե ինչ գաղափարներ ենք ուզում ներկայացնել։ Սա պարզապես եկամուտ գեներացնելու կամ վաճառքի կետ չէ, այլ հավելյալ արժեք ստեղծելու հնարավորություն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ ներկայացված են նաեւ Մատենադարանի վերականգնողների աշխատանքները։ Ամբողջը ձեռքի աշխատանք է։ Կան նաեւ տեքստիլ, զարդեր եւ այլ արտադրանք։
Փոքր սրճարան՝ ձեռագրերից եկող համերով
Տարածքի ամենահաճելի հատվածներից մեկը փոքր սրճարանային գոտին է։ Այն դեռ կայացման փուլում է, սակայն արդեն ունենք նստելու տեղեր եւ հանգստի գոտի։ Շուտով սրճարանը լիարժեք կգործի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նախատեսում ենք հատուկ սուրճեր եւ թեյեր, որոնց մեջ կլինի նաեւ «Մատենիցը»։ Այն հատկապես լավ համադրվում է թեյի հետ։ Ապագայում այստեղ ցանկանում ենք ներկայացնել նաեւ բրդուճներ, որոնք ձեռագրերում հիշատակվում են որպես ավանդական հայկական ուտեստ։ Դրանք փոքր բրդուճներ են, եւ ցանկանում ենք, որ այցելուները հնարավորություն ունենան ոչ միայն տեսնել ու ծանոթանալ այդ ժառանգությանը, այլեւ համտեսել այն։
Հուշանվերներից ստացված եկամուտը՝ Մատենադարանի առաքելությանը
Նոր տարածքի ստեղծման կարեւոր գաղափարներից մեկն այն է, որ այս գործունեության շնորհիվ Մատենադարանը կարողանա ավելի ակտիվ իրականացնել իր վերականգնողական առաքելությունը, ձեռք բերել նոր ձեռագրեր եւ եկամուտն ուղղել իր կանոնադրական նպատակներին։
Տաթեւիկ Մուրադյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Տարածքի ամբողջական նորոգումն իրականացրել ենք Fast Bank-ի հետ համագործակցությամբ։ Այս տարածքը մեր երազանքն էր, սակայն դրա համար անհրաժեշտ գումարը բավական մեծ էր մեզ համար։ Երբ նախագիծը ներկայացրինք բանկի ղեկավարությանը, միանգամից համաձայնեցին՝ հասկանալով դրա կարեւորությունն ու նշանակությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք պարզապես ֆինանսավորում չէինք ուզում ինչ-որ կարիք հոգալու համար։ Գործիք էինք ուզում, որի միջոցով հետագայում ինքներս կկարողանանք եկամուտներ գեներացնել։ Բացման օրվանից յուրաքանչյուր օր արդեն ունենք եռակի վաճառք՝ նախկինում ունեցած կրպակի համեմատ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply