WSJ. ԱՄՆ-ն «չիպային դիվանագիտություն» է կիրառել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն արագացնելու համար | Քաղաքականություն

Written by

in

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական ու տեխնոլոգիական առաջարկների դերի մասին պարբերականի հրապարակումը։ Նա ընդգծել է, որ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ հուշագիրը, խաղաղության արդյունքում Հայաստանի համար ստեղծված առանցքային հնարավորություններ են։

WSJ-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները Nvidia ընկերության առաջատար չիպերին Հայաստանի հասանելիությունն ընդլայնելու խոստումն օգտագործել են որպես տնտեսական խթան՝ խաղաղության նախնական համաձայնության ձեռքբերմանն աջակցելու համար։ Պարբերականն այս մոտեցումը որակել է որպես ԱՄՆ վարչակազմի «չիպային դիվանագիտության» վառ օրինակ։ Խոսքը Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ տվյալների կենտրոնի համար Nvidia-ի առաջատար չիպերի արտահանման թույլտվությունների մասին է։ Նախագծի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 5 միլիարդ դոլարը, իսկ կենտրոնը նախատեսվում է համալրել Nvidia-ի Grace Blackwell և Vera Rubin տեսակի շուրջ 70 հազար սերվերներով։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի ծրագրերով նախատեսվել է խաղաղության գործընթացի շրջանակում խորացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Հայ-ադրբեջանական նախնական համաձայնությունից հետո ամերիկյան կողմը համաձայնել է սկզբնական 6 հազարի փոխարեն թույլատրել Nvidia-ի տասնյակ հազարավոր GB300 պրոցեսորների մատակարարումը։ Վարչապետ Փաշինյանը Firebird-ի բացման ժամանակ այն անվանել էր խոշոր ձեռքբերում՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը տեխնոլոգիաների և առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման գործում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *