Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի երդման հանդիսավոր արարողությունը։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տիգրան քահանա Հակոբյանի կողմից հնչեցված Տերունական աղոթքով և օրհնության խոսքով՝ օրը խորհրդանշականորեն նվիրելով Աստծո օրհնությանը, հավատին և առաքելության գիտակցմանը։
Այնուհետև Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ձեռքում պահելով Սուրբ Գիրքը, ընթերցել է երդման տեքստը՝ ստանձնելով համայնքի զարգացման, բնակիչների բարօրության և հանրային շահի պաշտպանության պատասխանատվությունը։ Աստվածաշնչի առկայությունը երդման արարողությանը հաղորդել է առանձնահատուկ խորհուրդ՝ խորհրդանշելով հավատարմություն, արդարություն, պատասխանատվություն և Աստծո օրհնությամբ առաջնորդվելու պատրաստակամություն։
Արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակա կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ և բազմաթիվ հրավիրյալներ։
Երդումը պարզապես արարողակարգային պարտավորություն չէ․ այն պատասխանատվություն է համայնքի յուրաքանչյուր բնակչի, յուրաքանչյուր բնակավայրի և Գորիսի ներկայի ու ապագայի հանդեպ։
Նոր պատասխանատվություն, նոր հանձնառություն և շարունակական աշխատանք՝ հանուն Գորիս խոշորացված համայնքի զարգացման, միասնականության և առաջընթացի։
Leave a Reply