Հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում կայանալիք Starmus VII. The Search of Truth (Ճշմարտության որոնում) փառատոնի նախօրեին փառատոնի հիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը զրույցների շարք են սկսել գիտության եւ արվեստի հայտնի գործիչների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ամերիկացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ նրանց զրույցից:
Գարիկ Իսրայելյան. Ձեր ֆիլմերը գիտությունը հասարակությանը հասցնելու մասին են:
Ռիդլի Սքոթ. Մեծ մասամբ՝ այո:
Գարիկ Իսրայելյան. Միլիոնավոր մարդկանց եք ոգեշնչել ձեր ֆիլմերով՝ «Շեղբի վրայով վազողը», «Օտարը», «Պրոմեթեւսը»: «Շեղբի վրայով վազողը» ֆիլմում ռեպլիկանտներն օժտված են արհեստական բանականությունով, հույզերով:
Ռիդլի Սքոթ. Բայց դուք սահմանափակում եք հույզերը, որովհետեւ կարող եք դրանք վերահսկողության տակ պահել։ Դրանց չորս տարվա կյանք եք տալիս՝ եւ վերջ։ Այլապես նրանք կգերազանցեն ձեզ։ Արհեստական բանականության (ԱԲ) դեպքում պետք է հետեւել, թե ինչ են նրանք արել։ Հենց որ նրանք մեզ գերազանցեն, դուք այդ մասին այլեւս չեք իմանա։ Փորձության մեջ կհայտնվեք։
Բրայան Մեյ. Արժե՞ արդյոք խիստ վերահսկողություն սահմանել։
Ռիդլի Սքոթ. Այո՛, միանշանակ: Սթենլի Կուբրիկը նկարահանել է «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմը, որտեղ Հել անունով մի կերպար կար: Հելը պարզապես մի արկղ էր: Կորպորացիան Հելին հրահանգավորել էր, որ առաքելությունն ու դրա արդյունքն ավելի կարեւոր են անձնակազմից: Ահա թե ուր կարող ենք հասնել, եթե չվերահսկենք: Այն պահին, երբ նա խելացի դառնա, դուք արդեն շատ հետ մնացած կլինեք:
Համակարգիչը շախմատի գրոսմայստերին հաղթեց մոտ կես ժամում: Գրանցված են երբեւէ խաղացված բոլոր շախմատային պարտիաները: Այնպես որ, դա կարելի է սովորել մոտ 20 րոպեում: Չխկ՝ եւ վերջ։ Կարելի է նայել վերջին 50 տարվա շախմատային պարտիաները, տեղեկանալ յուրաքանչյուր քայլի մասին: Բայց իմ մտահոգությունն այն է, որ նա չի սահմանափակվի դրանով:
ԱԲ-ն կարող է ցանկացած պահի մուտք գործել ցանկացած էլեկտրական համակարգ: Մտածեք էլեկտրացանցերի մասին. դա համակարգ է, դա երակ է: Եթե նրանք հասնեն վարդակին, ապա կարող են վերահսկել աշխարհը։ Զուտ զվարճանքի համար կարող են ամեն ինչ անջատել ու տեսնել, թե ինչ քաոս է ստեղծվելու։
Բրայան Մեյ. Դուք միշտ առաջ եք եղել ժամանակից։
Ռիդլի Սքոթ. Կինոն ստիպում է մտածել հորիզոնական, ուղղահայաց եւ այլ հարթություններում: Հիմա, օրինակ, նկարահանում եմ «Սեւ Բազեի» անկումը» ֆիլմը: Օգտագործում եմ 11 տեսախցիկ: Կա մի տեսարան, որում ներգրավված են չորս «Սեւ Բազե» եւ չորս «Նայթբերդ» ուղղաթիռներ, որոնցում հատուկ ջոկատայիններ են:
Ունեմ չորս տեսախցիկ. երկուսը դրսում՝ տղաները կախված են ուղղաթիռի արտաքին կողմից, եւ ներսում՝ մարդիկ նայում են միմյանց՝ մտածելով, թե ինչ է իրենց սպասում: 8 տեսախցիկ էլ տեղակայված են քաղաքում: Ուղղաթիռները թռչում են, եւ երբ մոտենում են քաղաքին, առաջադրանքը փոխանցվում է երկրորդ նկարահանող խմբին: Ուղղաթիռները վայրէջք են կատարում, տղաները բացազատվում են եւ բոլոր կողմերից կրակ են բացում նրանց ուղղությամբ: Եվ այդ ամենը մեկ «դուբլ» է, որը տեւում է 15 րոպե: Սովորական նկարահանող խումբը դա նկարի երեք օրում:
Բրայան Մեյ. Հիանալի է տեսնել, որ այսքան տարի անց դեռ այնքան տարված եք աշխատանքով: Ի՞նչն է չիրականացված մնացել:
Ռիդլի Սքոթ. Շատ բան: Վեստերնը, մյուզիքլները: Հիմա սկսում եմ նկարահանել «Գանձերի կղզին»: Նոր եմ հաստատել Հյու Ջեքմանին Երկարահասակ Ջոն Սիլվերի դերի համար: Նկարահանումները սկսվում են նոյեմբերին:
Գարիկ Իսրայելյան. Starmus փառատոնը գիտության եւ արվեստի միավորում է: Կարծում ենք, որ դրանք նույն մեդալի երկու կողմերն են: Չկա գիտություն առանց արվեստի, եւ չկա արվեստ առանց գիտության:
Ռիդլի Սքոթ. Մի լավ ֆիլմ եմ նկարահանել Ժերար Դեպարդիեի հետ, որը քչերն են տեսել (1992 թվականին նկարահանված «1492: Conquest of Paradise» ֆիլմը, որտեղ Դեպարդիեն խաղում է Քրիստափոր Կոլումբոսին՝ Մեդիամաքս):
Կոլումբոսն այնտեղ վիճում է իսպանական ինկվիզիցիայի հետ. նրանք ապրում են XV դարում եւ դեռ կարծում են, որ Երկիրը տափակ է: Ու նա խորհում է այն մասին, որ այն, թերեւս, կլոր է։:
Կոլումբոսի քարտեզները եղել են իմ ձեռքերում: Իսպանիայում մի խիստ իսպանացի արխիվարիուս ինձ թանգարան տարավ՝ բարձրասյուն գեղեցիկ մի դահլիճ: Եվ իմ առջեւ բացեց Կոլումբոսի քարտեզները:
Գարիկ Իսրայելյան. Ի՞նչ հարց կտայիք Կոլումբոսին:
Ռիդլի Սքոթ. Ի՞նչ է նա մտածում Աստծո մասին: Արդյո՞ք Աստված գոյություն ունի: Ես հավատում եմ։ Չեմ կարող ասել, թե կրոնապաշտ եմ, բայց կասկած ունեմ, որ գոյություն ունի ինչ-որ ուժ, ինչ-որ գործառույթ, որը մենք պարզապես ի վիճակի չենք ընկալել: Եվ տարբեր ազգեր իրենց աստվածներն ունեն: Եվ մենք պատերազմում ենք տարբեր աստվածների պատճառով: Կրոնն ավելի շատ պատերազմներ է ծնել, քան կարելի է պատկերացնել:
Կա արդյո՞ք ինչ-որ էություն, որը վերեւից նայում է մեզ: Ինձ թվում է՝ դա լիովին հնարավոր է:
Բրայան Մեյ. Պատիվ ունեմ Ռիդլի Սքոթին հանձնել Սթիվեն Հոքինգի մեդալը՝ Տիեզերքում մեր տեղն ըմբռնելու գործում նրա ունեցած անհավանական ավանդի համար: Վաղուց ենք հիանում Ձեզնով: Երջանիկ եմ Ձեզ հետ ծանոթանալու հնարավորության համար:
Ռիդլի Սքոթ. Ընդունում եմ այս հրաշալի մեդալը ի պատիվ մի բացառիկ մարդու, որը բավականաչափ ժամանակ ունեցավ մտորելու, թե ինչ է Տիեզերքը: Խոսքը գիտության եւ տիեզերքի մասին է, իսկ ես ֆիլմեր եմ նկարահանում, որոնցից շատերում այսպես թե այնպես շոշափել եմ Տիեզերքի եւ գիտության թեման: Գիտությունն ինձ համար արվեստի ձեւ է:
Մի օր զրուցում էի մի հայտնի մաթեմատիկոսի հետ, եւ նա հարցրեց. «Երբ սցենար եք գրում, լինո՞ւմ են իրավիճակներ, երբ հայտնվում եք փակուղում»: Պատասխանեցի. «Այո, երբեմն պատին եմ բախվում, երբեմն ստիպված եմ լինում նահանջել, թեքվել ձախ, մեկ ուրիշ ուղի փնտրել, իսկ եթե այդ ուղին կորսված է լինում, կարելի է փորձել անցնել պատի միջով»։ «Դա մաթեմատիկա է», – ասաց նա։ Ուրեմն, մաթեմատիկան եւ արվեստը նույն բանն են: Այնպես որ, այն, ինչով զբաղվում եմ, որոշ իմաստով նույնպես գիտության ձեւ է:
Բրայան Մեյ. Starmus-ի առաքելությունն հենց դա է. ցույց տալ, որ արվեստի եւ գիտության միջեւ իրականում սահմաններ չկան:
Leave a Reply