Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը եւ այլ պաշտոնյաներ, Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելել են Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագիրը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Դեյվիդ Ալենը եւ Ջոն Ասքոնասը AECOM ինժեներական ընկերության գործընկերների ուղեկցությամբ, մասնակցել են հանրային հանդիպումների Գորիսում, Մեղրիում եւ Կապանում։
Մասնակիցները հայ եւ ամերիկացի պաշտոնյաներից լսել են TRIPP-ի ընթացքի եւ ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին, հնչեցրել իրենց հուզող հարցերը եւ ներկայացրել իրենց դիրքորոշումները։
Դեյվիդ Ալենն ընդգծել է, որ TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, եւ Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։
«Նա կարեւորել TRIPP-ի ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ներդրումներ, բարելավելու փոխկապակցվածությունը եւ ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ ողջ Հայաստանի համայնքների, մասնավորապես՝ Սյունիքի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply