Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ 21 երկրում 12-17 տարեկան շուրջ 20 միլիոն երեխա՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության եւ բռնության առնվազն մեկ ձեւի։
Զեկույցի գնահատմամբ՝ ավելի քան 15 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի սեռական բնույթի բովանդակության, 9 միլիոն երեխայի իրենց կամքին հակառակ առաջարկվել է մասնակցել սեռական բնույթի զրույցների կամ կիսվել սեռական բնույթի պատկերներով, իսկ 4 միլիոն երեխայի սեռական բնույթի պատկերները տարածվել են առանց նրանց համաձայնության։
Սակայն խնդրի իրական մասշտաբը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները հաճախ չեն հայտնում իրենց հետ տեղի ունեցածի մասին։
Զեկույցում նշվում է, որ դեպքերի գրեթե 60 տոկոսը տեղի է ունեցել սոցիալական մեդիայի հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում, Instagram-ում, Snapchat-ում, TikTok-ում եւ WhatsApp-ում, իսկ դեպքերի 14 տոկոսը՝ առցանց խաղեր խաղալիս։
Երեխաների վստահությունը շահարկելու նպատակով օգտագործվել են այդ հարթակների հնարավորությունները, գործառույթներն ու դիզայնը։ Մոնտենեգրոյում հաղորդված դեպքերի ավելի քան 80 տոկոսը կապված է եղել սոցիալական մեդիայի հարթակների հետ, իսկ Կոլումբիայում՝ ավելի քան կեսը։
Ուսումնասիրված երկրներում դեպքերի 57 տոկոսում բռնություն գործադրողը երեխային արդեն ծանոթ անձ է եղել՝ այդ թվում հասակակից, սիրային հարաբերությունների մեջ գտնվող անձ, ընկեր կամ ընտանիքի անդամ։ Սա կասկածի տակ է դնում այն տարածված պատկերացումը, թե առցանց բռնությունը հիմնականում իրականացվում է անծանոթների կողմից։ Երեխաների միայն 38 տոկոսը բռնություն գործադրողին առաջին անգամ հանդիպել է առցանց։
Leave a Reply