«Ձեր ապագան մեր առաքելությունն է». այս կարգախոսով Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) դիմավորել է բուհի 5 ֆակուլտետի առաջին կուրսեցիներին:
Ամենամյա միջոցառումը մեկնարկել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ու շարունակվել ողջ օրվա ընթացքում՝ ներառելով ուսանողների համար նախատեսված հանդիպումներ եւ հետաքրքիր, ինտերակտիվ միջոցառումներ:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Մեդիամաքսը ներկա էր առաջին կուրսեցիների նորամուտի արարողությանը՝ առանձնացնելով առավել հետաքրքիր դրվագները:
«Բարի՛ գալուստ Հայաստանում ֆրանսիական համալսարան»
Միջոցառման մեկնարկին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ողջունել է ՀՖՀՀ նոր ուսանողներին՝ նշելով, որ նրանց սպասում է շատ պահանջկոտ, միեւնույն ժամանակ՝ աջակցող կրթական միջավայր:
Ռեկտորի խոսքով՝ ուսանողների համար ՀՖՀՀ-ում նախատեսված է աջակցության մի քանի օղակ: Յուրաքանչյուր առաջին կուրսեցի ունենալու է դասախոս-մենտոր, որին ուսանողը կարող է դիմել առաջին հերթին։ Բուհում հասանելի են նաեւ խորհրդատու-հոգեբանի, բժշկի ծառայությունները, որոնք կարող են առավել օգտակար լինել սթրեսային իրավիճակներում:
Սալվա Նակուզին
Լուսանկարը` ՀՖՀՀ
«Դասերի մեկնարկից առաջ հորդորում եմ ձեզ անպայման ծանոթանալ ՀՖՀՀ կանոնակարգին՝ առավել ուշադիր լինելով հատկապես հաճախելիությանը վերաբերող պահանջներին: Հարգելի բացակայությունների սահմանված շեմը գերազանցելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել», – ասել է Սալվա Նակուզին:
Ռեկտորը հորդորել է ուսանողներին կարեւորել ոչ միայն գործնական առաջադրանքները, որոնք սովորաբար շատ հետաքրքիր են, այլեւ՝ տեսական խորքային գիտելիք ստանալը.
«Շատ արագ կնկատեք, որ Ֆրանսիական համալսարանում կրթությունը հիմնված է նախագծերի իրականացման վրա․ մենք շատ ժամանակ ենք տրամադրում գործնական առաջադրանքների իրականացմանը: Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում, որ կարող եք անուշադրության մատնել տեսական կարեւորագույն հատվածները», – նշել է Սալվա Նակուզին:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Նա կարեւորել է նաեւ լեզուների՝ հատկապես ֆրանսերենի եւ անգլերենի իմացությունը.
«Սա որոշիչ է նաեւ մյուս առարկաները սովորելու համար: Բացի այդ, ՀՖՀՀ-ի լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկա անցնել Ֆրանսիայում կամ ֆրանսախոս այլ երկրներում»:
Սալվա Նակուզին ընդգծել է՝ համալսարանի ողջ անձնակազմն ուսանողների տրամադրության տակ է.
«Ձեզ մաղթում եմ հաճելի ուսումնական տարի եւ բարի՛ գալուստ Հայաստանում ֆրանսիական համալսարան»:
Մասնագիտական ուղին՝ համալսարանից
Առաջին կուրսեցիներին իրենց ֆակուլտետներն են ներկայացրել նաեւ դեկանները՝ անդրադառնալով ուսումնական պլաններին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, մասնագիտական ուղղություններին եւ համալսարանում ուսանողներին հասանելի հնարավորություններին:
ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Նրանք խոսել են կրթական ծրագրերի, նախագծային աշխատանքների, մասնագիտական հմտությունների զարգացման, ինչպես նաեւ՝ միջազգային ծրագրերին, փոխանակումներին եւ այլ նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունների մասին։
ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետի դեկան Հրանտ Հարությունյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Դեկաններն ընդգծել են նաեւ ուսանողների ակտիվ ներգրավվածության եւ նախաձեռնողականության կարեւորությունը՝ նշելով, որ համալսարանական տարիները մասնագիտական գիտելիքներից բացի նոր փորձ ձեռք բերելու, կապեր ստեղծելու եւ սեփական մասնագիտական ուղին կառուցելու հնարավորություն են տալիս։
«Առաջին 2-3 տարին հատկացրեք խորքային գիտելիք ստանալուն»
ՀՖՀՀ զարգացման եւ համագործակցությունների տնօրեն Ասյա Մովսիսյանը ներկայացրել է իր ղեկավարած բաժնի աշխատանքը՝ նշելով, որ այն գործում է մի քանի ուղղությամբ եւ պարզ ձեւակերպմամբ՝ զբաղվում է ուսանողների եւ աշխատաշուկայի միջեւ կապերի ստեղծմամբ:
Այս մոտեցման ամենավառ արտահայտումը Կարիերայի թվային հարթակն է, որը, չնայած գործարկվել է վերջերս, բայց արդեն ունի բավականին շատ գրանցված ուսանողներ.
ՀՖՀՀ զարգացման եւ համագործակցությունների տնօրեն Ասյա Մովսիսյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
«ՀՖՀՀ-ն ունի նաեւ շրջանավարտների մասնակցությամբ փոդքասթ, որի ընթացքում նրանք կիսվում են անցած ճանապարհով ու հաջողություններով»:
Առաջին կուրսեցիներին Ասյա Մովսիսյանը երկու խորհուրդ է տվել: Առաջինը՝ համալսարան ընդունվելու պահից չհետաքրքրվել աշխատանքի հնարավորություններով եւ առնվազն առաջին 2-3 տարին հատկացնել խորքային գիտելիք ստանալուն:
«Այսօր նման մասնագետները շատ ավելի պահանջված են, քան զուտ տեխնիկական աշխատանք կատարողները», – նշել է նա:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Մյուս խորհուրդն ակտիվ «նեթվորքինգ»-ն է՝ շփումը համալսարանի ներկա ուսանողների, շրջանավարտների եւ ՀՖՀՀ եկող բազմաթիվ հետաքրքիր հյուրերի հետ:
«Այս ճանապարհին միայնակ չեք»
Միջոցառման ընթացքում առաջին կուրսեցիների հետ քննարկվել են նաեւ համալսարանական կյանքի տարբեր կողմերը՝ ներքին կանոնակարգից եւ ուսումնական գործընթացից մինչեւ հոգեբանական աջակցություն, ֆրանկոֆոնիայի միջոցառումներ եւ ուսանողական ինքնակառավարում:
Զարուհի Սողոմոնյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը նոր ուսանողներին ծանոթացրել է համալսարանի ներքին կանոնակարգին՝ կարեւորելով չուշանալը, մյուս ուսանողների եւ համալսարանի անձնակազմի նկատմամբ հարգանքը, պատշաճ հագուստը, համալսարան վտանգավոր իրեր չբերելը եւ այլն:
ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Արեւիկ Դավթյանը ներկայացրել է դասացուցակի եւ խմբերի բաշխման հետ կապված մանրամասները:
Արեւիկ Դավթյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
Համալսարանի խորհրդատու-հոգեբան Աիդա Թառոյանն էլ խոսել է անցումային փուլերում սթրեսի ազդեցության, եւ այն հաղթահարելու ուղիների մասին.
«Ինչպես ցանկացած անցումային փուլ, այս շրջանը ձեզ համար լի է նորություններով, հաճախ՝ անորոշությամբ: Սա բնական է: Շատերդ ձգտելու եք միանգամից գտնել բոլոր հարցերի պատասխանները՝ այդպիսով փորձելով թեթեւացնել տագնապները: Դուք համալսարան եք գալիս նաեւ մի շարք ակնկալիքներով ու սպասելիքներով, այնպես որ, հնարավոր են նաեւ հիասթափություններ: Միշտ չէ, որ մեր սպասելիքները լիովին համընկնում են իրականության հետ, եւ սա եւս նորմալ է», – ասել է Աիդա Թառոյանն՝ ընդգծելով, որ խորհրդատու-հոգեբանի հետ շփումը ուսանողներին հնարավորություն կտա հաղթահարել այս փուլը:
Աիդա Թառոյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
ՀՖՀՀ «Բակալավրի հաջողության ծրագրի» պատասխանատու Անաիդա Գասպարյանն առաջին կուրսեցիներին ներկայացրել է նաեւ ուսանողների ակադեմիական հաջողությանն ուղղված աջակցության հնարավորությունները։ Խոսելով «Բակալավրի հաջողության ծրագրի» մասին՝ նա նշել է, որ ուսումնառության ընթացքում դժվարությունների հանդիպող ուսանողները կարող են ունենալ դասախոս-մենտոր եւ ստանալ անհատական աջակցություն։ Մենտորը պարբերաբար կհանդիպի ուսանողի հետ, կքննարկի նրան հուզող հարցերն ու կօգնի գտնել ուսման ընթացքում առաջացող խնդիրների լուծումները:
Անաիդա Գասպարյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
ՀՖՀՀ ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Վարդանյանը եւս ողջունել է համալսարանի նոր ուսանողներին՝ նշելով, որ նրանց համար սկսվում է պատասխանատու եւ բավականին ծանր շրջան:
Տիգրան Վարդանյանը
Լուսանկարը` ՀՖՀՀ
«Շատ կարեւոր է, որ հիշեք՝ այս ճանապարհին միայնակ չեք: Կա կառույց՝ Ուսանողական խորհուրդը, որը միշտ ձեր կողքին է: Եղեք նախաձեռնող, ակտիվ մասնակցեք միջոցառումներին եւ երբեք մի՛ կաշկանդվեք անել առաջին քայլը», – ասել է Տիգրան Վարդանյանը:
Յանա Շախրամանյան
Leave a Reply