Փաշինյանը նոր Սահմանադրության հարցում ընդդիմության վրա հանրային ճնշում է ակնկալում

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անկախության հռչակագրի տեքստը հակապետական է»:

«Այդ տեքստով հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է: Իսկ նոր Սահմանադրության ընդունումը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ինչը պետք է իրականացնենք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության գործընթացը կապում է միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հետ.
«Կարծում եմ՝ կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել: Հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի: Հակառակը՝ կձեւակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել: Հնարավոր է՝ պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա այնպիսի հանրային ճնշում գեներացվի, որ իրենք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն:
Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել: Արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին: Եթե այս սցենարն էլ չաշխատի, ապա կգնանք արտահերթ ընտրությունների այն պայմաններում, երբ 100 տոկոս երաշխավորվի՝ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդանում չի լինի»:
Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետության հարատեւության տեսլականի վրա է հիմնված:
«Ես չեմ տեսնում այլընտրանք, քան խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելը։ Դա իմ առաքելությունն է, որ ես ՀՀ վարչապետի պաշտոնում պետք է կատարեմ։ Հետեւողական ու աննահանջ` գնալու եմ այդ ճանապարհով»,- ասել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *