Երեւան: Մեդիամաքս: ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնեցրել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացման ժամանակավոր միջոցառումների սահմանումը՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։
Այս միջոցները ազատականացնում են դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը: Հատուկ ռեժիմն ուղեկցվում է որոշակի պայմաններով, ինչպես նաեւ ներառում է միջոցառումներ ԵՄ շուկայի պաշտպանության համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա:
«Եվրոպան համերաշխ է Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ, որոնք ընտրել են բարեփոխումների եւ Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցության հստակ ուղին: Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է. Երբ տնտեսական հարկադրանք է կիրառվում, ԵՄ-ն արձագանքում է: Մենք ստեղծելու ենք նոր հնարավորություններ եւ աջակցելու ենք մեր գործընկերներին», – հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Հելեն ՄաքԷնթին:
Այս պահին Իռլանդիան նախագահում է ԵՄ Խորհւրդում:
Կանոնակարգը սահմանում է հայկական ապրանքների լայն տեսականու ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում, ներառյալ որոշակի գյուղատնտեսական ապրանքներ, որոնց համար սահմանված են սակագնային քվոտաներ:
Միջոցները գործելու են կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում եւ կընդգրկեն դեպի Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի եւ բույսերի հայկական արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաեւ ըմպելիքների եւ ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը:
Ռեժիմը պայմանավորված կլինի Հայաստանի կողմից ապրանքների ծագման համապատասխան կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ, ԵՄ-ից ներմուծման նկատմամբ նոր առեւտրային սահմանափակումների ներդրումից հրաժարմամբ եւ CEPA-ի առանցքային դրույթների պահպանմամբ, ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները:
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունված որոշումը առանց փոփոխությունների կհաստատի սեպտեմբերյան լիագումար նիստի ընթացքում:
Leave a Reply