Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում ասել է, որ «երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները»:
«Դա անում ենք՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին: Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես»,- Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձեւաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է նա:
«Խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։
Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»,- նշել է Փաշինյանը:
Leave a Reply