Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

Written by

in

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։ 

Աղասանդյանը նշել է, որ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ հինգ անդամ պետություններից ստացվող մուտքերի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին, որոնց հաշվին ապահովվում է Միության մարմինների գործունեությունը։

Քանի որ Աղասանդյանի ձևակերպումից հստակ չէ, թե Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ֆինանսական հարաբերությունների հատկապես որ բաղադրիչը նկատի ունի, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԵԱՏՄ բյուջեի ձևավորման և ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմները, դրանցում Հայաստանի մասնակցության չափաբաժինը, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի փոխանցած և ստացած գումարները։ 

Հայաստանի 1.220%-ը ԵԱՏՄ բյուջեում և մաքսատուրքերի բաշխման համակարգում 

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՏՄ բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների բաժնեմասային վճարներից՝ ռուսական ռուբլով։ Այդ բյուջեից ֆինանսավորվում է, մասնավորապես, Միության մարմինների գործունեությունը։

Յուրաքանչյուր պետության վճարման չափաբաժինը սահմանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 24 որոշմամբ  սահմանվել է, որ 2021 թվականի և հետագա տարիների համար անդամ պետությունների՝ ԵԱՏՄ բյուջե կատարվող բաժնեմասային վճարների չափաբաժինները սահմանվում են ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվներին համապատասխան։ 

Դրանք են՝

  • Ռուսաստան՝ 85.065%,
  • Ղազախստան՝ 6.955%,
  • Բելառուս՝ 4.860%,
  • Ղրղզստան՝ 1.900%,
  • Հայաստան՝ 1.220%։

Բոլոր հինգ պետությունների չափաբաժինները միասին կազմում են 100%։ Հայաստանը ԵԱՏՄ անդամների շարքում ունի ամենափոքր բաժինը։

Պարզ ասած՝ եթե ԵԱՏՄ մարմինների գործունեության համար նախատեսված ընդհանուր բյուջեն պայմանականորեն կազմեր 100 դրամ, դրանից 1 դրամ 22 լուման կվճարեր Հայաստանը։ Ռուսաստանը կվճարեր մոտ 85 դրամ, Ղազախստանը՝ շուրջ 7 դրամ, Բելառուսը՝ մոտ 5 դրամ, իսկ Ղրղզստանը՝ գրեթե 2 դրամ։

Հետևաբար Աղասանդյանի հայտարարությունը, որ Հայաստանի բաժինը 1%-ից փոքր-ինչ ավելի է, համապատասխանում է գործող կարգավորմանը։

Միաժամանակ նույն՝ 1.220% չափաբաժինը կիրառվում է նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմում։ ԵԱՏՄ անդամ պետություններում երրորդ երկրներից ներմուծման դիմաց գանձվող մաքսատուրքերը սահմանված չափաբաժիններով բաշխվում են անդամ պետությունների բյուջեների միջև։

2019 թվականի հոկտեմբերի 1-ի արձանագրությամբ սահմանված և 2020 թվականից ուժի մեջ մտած դրույթների համաձայն՝ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ում բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարի 1.220%-ը։

Որքա՞ն է փոխանցել և ստացել Հայաստանը 

2019 թ․-ին Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջե է փոխանցել 63 մլրդ  դրամ, իսկ այնտեղից ստացել՝ 75 մլրդ  դրամ։

Չնայած ստացած գումարը գերազանցել է ԵԱՏՄ փոխանցած գումարը, ՊԵԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը 2020 թվականի փետրվարին լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նկատել է՝ Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել։

«Անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել և ավելի մեծ գումար ստացել։ 2019-ին ևս ստացածը գերազանցել է վճարածին, սակայն վճարված և ստացված գումարների տարբերությունն էապես կրճատվել է»,- ասել է նա։

2021 թ․-ին մաքսատուրքերի բաշխման մեխանիզմից Հայաստանը ստացել է 84 մլրդ  դրամ։ Այս մասին  2022 թվականի հունիսին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Նույն տարվա ընթացքում Հայաստանում հավաքագրված և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարը կազմել է շուրջ 75 մլրդ դրամ։ 

Թեև տարեկան կտրվածքով 2021-ին Հայաստանի ստացած գումարը դեռ գերազանցել է Հայաստանում հավաքագրված և բաշխման ենթակա գումարը, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2022-ի նոյեմբերին նշել է՝ Հայաստանը 2021 թվականի կեսերից ներմուծման մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման մեխանիզմում արդեն դարձել է «դոնոր»՝ սկսել է ավելի շատ փոխանցել, քան ստանալ։ 

2022 թվականից պատկերը փոխվել է․ Հայաստանից մաքսատուրքերի բաշխման համակարգ ուղղվող գումարը սկսել է գերազանցել Հայաստանի օգտին բաշխվող գումարը։

2023 թ․-ին Հայաստանը մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել մոտ 187 մլրդ դրամ,  ստացել՝ 73 մլրդ դրամ։

2024 թ․-ին Հայաստանում գանձված մաքսատուրքերից 127 մլրդ դրամը բաշխվել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, իսկ ԵԱՏՄ երկրներից Հայաստանի պետական բյուջե է ստացվել 74.1 մլրդ դրամ՝ 52.9 մլրդ դրամով պակաս։ 

2025 թ․-ին Հայաստանը ներմուծման մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել շուրջ 319 մլն ԱՄՆ դոլար (125.4 մլրդ դրամ), մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 մլն դոլար (69.5 մլրդ դրամ)․ այս տվյալները 2026 թվականի օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանը բարձրացրել է մաքսատուրքերի բաշխման վերանայման հարցը, սակայն չափաբաժինը չի փոխվել 

Վերջին տարիներին Հայաստանի պաշտոնյաները պարբերաբար բարձրացրել են մաքսատուրքերի բաշխման գործող մեխանիզմի վերանայման անհրաժեշտության հարցը։

«Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը»,- 2022 թ․-ի օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2022թ․ նոյեմբերին թեմային անդրադարձել էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի երևի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը, որովհետև, ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր արդեն, և կարիք կա, որպեսզի մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք»,- ասել է նա։

Այդուհանդերձ, Հայաստանի համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի 1.220% բաշխման չափաբաժինը 2020 թվականից ի վեր չի փոխվել։

Այսպիսով, ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ պետությունների շարքում։ Սակայն այս փոքր չափաբաժինը չի նշանակում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ֆինանսական մասնակցությունը փոքր է․ հատկապես վերջին տարիներին մաքսատուրքերի բաշխման համակարգ Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է։ 

Գայանե Մարկոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *