ԱԳՆ ապագան՝ Հայաստանում եւ աշխարհում

Written by

in

Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում քննարկվում է հանդիսանում Արտաքին գործերի նախարարությունն Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու մասին կառավարության նախաձեռնությունը։ Շատերի (նաեւ իմ) կարծիքով, էականը ոչ թե անվանումն է, այլ բովանդակությունը։
Վերջինիս մասով հստակությունը դեռ չկա։ Սա, ըստ էության, չէր թաքցնում նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Խոսելով այն մասին, որ նոր գործառույթները լրացուցիչ միջոցներ են պահանջելու, նախարարը նշեց, որ եթե նախկինում միջազգային տարբեր ցուցահանդեսներին եւ էքսպոնենտին Հայաստանի մասնակցությունը ֆինանսավորվում էր Էկոնոմիկայի նախարարության բյուջեից, ապա այժմ այդ միջոցները փոխանցվելու են ԱԳՆ բյուջե։ Հարց է առաջանում. իսկ ի՞նչ որակական փոփոխությունների է դա հանգեցնելու։ 
Իսկ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ-ն ունի լրացուցիչ մարդկային ռեսուրսներ նոր խնդիրները լուծելու համար, Արարատ Միրզոյանը բառացիորեն ասաց. «Կնայենք, կհասկանանք»։ Ինչից կարելի է տխուր հետեւություն անել. կադրեր դեռ չեն գտել, բայց նախարարությունը վերանվանել արդեն որոշել են։
Մինչդեռ աշխարհում քննարկում են շատ ավելի լուրջ հարցեր, որոնք վերաբերում են արտաքին գործերի նախարարությունների ինստիտուտների ապագային։
Մասնավորապես, Wilton Park-ի (Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման նախարարության գործադիր գործակալություն) գլխավոր տնօրեն Թոմ Քերգիլը եւ Նորին Մեծության Դիվանագիտական քոլեջի ղեկավար Օլիվիե Էվանսը հետաքրքիր հոդված են հրապարակել՝ Disrupt the diplomat: the irresistible case for MFA reform վերնագրով։ 
Առանձնացրել եմ մի քանի հետեւություններ դրանից, որոնց շուրջ, կարծում եմ, կարիք կա մտորել նաեւ Հայաստանի կառավարությունում։
1. Բազմակողմանիության ճգնաժամը նոր խնդիրներ է դնում արտաքին գործերի նախարարությունների առջեւ
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ֆինանսավորման, նպատակադրման եւ առաջնորդության հետ կապված խնդիրների են բախվում: Փոխարենը ծնվում են նոր կառույցներ, որոնք ոչ միշտ են համատեղելի միմյանց հետ։ 
Դիվանագետները պետք է սովորեն աշխատել այս տարանջատված եւ անկանխատեսելի միջավայրում։ Սա բարդ խնդիր է, եւ պատրաստի դեղատոմսեր գոյություն չունեն։
2. Ներքին եւ արտաքին քաղաքականության միջեւ սահմանները ջնջվել են
Քերգիլը եւ Էվանսը գրում են, որ պատմականորեն ԱԳՆ-ները ընկալվել են որպես պետական ապարատի մնացած մասից տարանջատված կառույց։ Թեեւ այսօր էլ «ներքին» եւ «արտաքին» գերատեսչությունների ծառայության պայմանների տարբերություններն առկա են, դրանք դադարել են հիմնարար լինելուց։
3. Աճում է միջազգային հարաբերությունների ոչ պետական մասնակիցների թիվը
Մեծ քաղաքները, երկրների տարածաշրջանները, խոշոր ընկերությունները եւ միլիարդատեր գործարարները սեփական միջազգային օրակարգ են ձեւավորում՝ մարտահրավեր նետելով արտաքին քաղաքականության ոլորտում ԱԳՆ-ի մենաշնորհին եւ նոր հմտություններ են պահանջում դերակատարների այս բազմազան շրջանակի հետ փոխգործակցելու համար։
4. Տեխնոլոգիաները եւ ԱԲ-ն փոխում են դիվանագիտության բնույթը
COVID-19 համավարակը ցույց տվեց հեռավար աշխատանքի սահմանները։ Հեղինակները գրում են, որ վստահության խորքային ձեւավորումը նախկինի պես անձնական շփում է պահանջում, բայց միեւնույն ժամանակ նկատում են, որ գործառնական գործընթացների զգալի մասը կարող է եւ պետք է անցնի թվային ձեւաչափի՝ ԱԲ-ի կիրառմամբ։ Նոր տեխնոլոգիաները արդյունավետորեն յուրացնող երկրները ստանում են ավելի մեծ ազդեցություն՝ անկախ իրենց չափերից եւ տնտեսական հզորությունից։ Բայց դա պահանջում է կարողությունների սկզբունքորեն այլ համակազմ, քան նրանք, որոնք ավանդաբար պահանջվում էին հավակնորդներից ԱԳՆ ընդունվելու համար։
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *