ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակում՝ «COP17. Հայաստանի ճանապարհը դեպի կենսաբազմազանության համաժողով» թեմայով հանդիպման ընթացքում, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկրի դերակատարությունը, մեր նախագահության ռազմավարական առաջնահերթություններն ու համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
2026 թվականի հոկտեմբերին Երևանը կդառնա կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի առանցքային հարթակներից մեկը՝ համախմբելով Կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչներին։
COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ ապահովելով գործընթացում քաղաքական բարձր մակարդակի ներգրավվածություն։
Նախարարն անդրադարձել է նաև մասնակից երկրների հետ տարվող աշխատանքներին, բարձրաստիճան պատվիրակություններին ուղղված հրավերների գործընթացին, ինչպես նաև հազարավոր միջազգային մասնակիցների ընդունման համար անհրաժեշտ կազմակերպչական և լոգիստիկ պատրաստվածությանը։ Մեր նպատակն է ապահովել ոչ միայն համաժողովի բովանդակային և քաղաքական բարձր մակարդակը, այլև դրա պատշաճ կազմակերպումը՝ միջազգային նման մասշտաբի միջոցառմանը ներկայացվող պահանջներին համապատասխան։
Մեր նախագահության աշխատանքը կառուցում ենք չորս առանցքային սկզբունքների շուրջ՝ ներառականություն, թափանցիկություն, բարձր հավակնություն և գործողություն։
COP17-ի կարևորագույն հանգրվաններից է լինելու Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը՝ գնահատելու առաջընթացը և նախանշելու մինչև 2030 թվականն անհրաժեշտ արագացված գործողությունները։
Հանդիպման ավարտին նախարար Համբարձում Մաթևոսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով ինչպես COP17-ի քաղաքական և բովանդակային օրակարգին, այնպես էլ Հայաստանի նախագահության առաջիկա աշխատանքներին։
Նպատակը հստակ է՝ Երևանում ապահովել ներառական, հավակնոտ և գործողություններին միտված COP17՝ գործելով հանուն բնության։
Leave a Reply